Ս․ թ․ փետրվարի 18-ից 20-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացավ Եվրոպական միության «Էրազմուս+T-GREEN․ Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» եռամյա ծրագրի եզրափակիչ համաժողովը, որն ամփոփեց նախագծի շրջանակում իրականացված աշխատանքները և ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում արձանագրված կարևոր արդյունքները։ Ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում բուհական կրթության բարեփոխմանը՝ խրախուսելով անցումը դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական կրթական ծրագրեր, ինչպես նաև բարձրացնել կրթության որակը՝ ապահովելով արդի կրթական միջավայր, ընդլայնելով բուհերի միջազգային համագործակցությունը և խթանելով ուսանողների ակադեմիական շարժունությունը։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Սուսանա Մարտինսը: Մասնակիցներին ողջունեց և շնորհավորեց Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Մանուկ Բարսեղյանը՝ ընդգծելով միջազգային համագործակցության նշանակությունը բարձրագույն կրթության արդիականացման գործում։
Համաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչներ, հայաստանյան և եվրոպական գործընկեր բուհերի պատվիրակներ, այդ թվում՝ Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ Հակոբ Ղուլոյանը, նույն ամբիոնի դասախոս, ԳՊՀ գլխավոր հաշվապահ Գուրգեն Մուրադյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը։
Մասնակիցները փաստեցին, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացված «Էրազմուս+T-GREEN» նախագիծը նշանակալի ներդրում ունեցավ Հայաստանում ժամանակակից, կանաչ և կայուն մագիստրոսական կրթական ծրագրերի մշակման և իրականացման գործում՝ նպաստելով ապագայի մարտահրավերներին դիմակայելու ունակ մասնագետների պատրաստմանը։ Նախագծի համակարգող Վարազդատ Հովհաննիսյանը ներկայացրեց ծրագրի իրականացման հիմնական արդյունքները՝ ընդգծելով մագիստրոսական կրթության արդիականացման, կանաչ տեխնոլոգիաների և կայուն զարգացման հայեցակարգերի ինտեգրման ուղղությամբ գրանցված ձեռքբերումները։
Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց համալսարանում մագիստրոսական կրթական ծրագրերի վերանայման, կարողությունների զարգացման և կանաչ մտածողության խթանման ուղղությամբ կատարված աշխատանքները, նշեց, որ նախագծի շրջանակում ԳՊՀ-ում մշակվել և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ իրականացվում է «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում» մագիստրոսական կրթական ծրագիրը։
Եվրոպական գործընկեր բուհերի՝ Պորտուգալիայի կաթոլիկ, Միջազգային Հելլենիկ համալսարանների, Միկոլաս Ռոմերիսի անվան համալսարանի, Յագելոնյան համալսարանի ներկայացուցիչներն ամփոփեցին նախագծի արդյունքները՝ կարևորելով բարձրագույն կրթության ոլորտում կանաչ և կայուն զարգացման սկզբունքների ներդրումը։
Համաժողովը դարձավ արդյունավետ հարթակ՝ ներկայացնելու ծրագրի շրջանակում ձեռք բերված արդյունքները, ամրապնդելու միջազգային համագործակցությունը և նախանշելու բարձրագույն կրթության հետագա զարգացման ուղիները: