Եվրոպական միության ‹‹Էրազմուս+ KPI4HE›› ծրագրի շրջանակում իրականացվող «Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» նախագծի շրջանակում ս․ թ․ սեպտեմբերի 23-ից 28-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Օլդենբուրգի համալսարանում տեղի ունեցավ վերապատրաստման դասընթաց՝ ծրագրի 1․2 աշխատանքային փաթեթի շրջանակում։ Աշխատանքային փաթեթի նպատակը վերապատրաստումների միջոցով թվայնացման և կանաչ կրթության համատեքստում բարձրագույն կրթության ռազմավարական պլանավորման, կառավարման և որակի ապահովման բարելավմանն ուղղված՝ եվրոպական փորձի ներկայացումն էր։
Ծրագրի ԵՄ գործընկեր բուհերի՝ Օլդենբուրգի, Դրեզդենի և Ջենովայի համալսարանների ներկայացուցիչները ներկայացրին շնորհանդեսներ՝ հետևյալ թեմաներով․ գործունեության առանցքային ցուցիչների /ԳԱՑ/ տարրերը միջազգայնացման համատեքստում՝ Օլդենբուրգի համալսարանի օրինակով, ռազմավարական պլանավորման ոլորտում ԵՄ լավագույն փորձը՝ Օլդենբուրգի համալսարանի՝ նորարարությանն ուղղված գործունեության և մեկնարկային ծրագրերի /ստարտափերի/ օրինակով, ԳԱՑ-երը կանաչ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և Օլդենբուրգի համալսարանի՝ կայունությանն ուղղված գործողությունները, միջազգային հետազոտություն, Օլդենբուրգում ստարտափերի համար նախատեսված ԳԱՑ-երը, անգլերենի՝ որպես ոչ լեզվաբանական ուղղություն ունեցող կրթական ծրագրի մշակման ԳԱՑ-երը, Իտալիայի բուհական համակարգի հանրային ֆինանսավորումը, միջազգայնացումը՝ Ռիգայի տեխնիկական համալսարանի օրինակով, հետազոտությանը միտված ռազմավարական պլանավորման ուղենիշներ։ Թեմաների ներկայացումից հետո աշխատանքային խմբերում ծավալվում էին քննարկումներ՝ տվյալ թեմայի շուրջ։
Շնորհանդեսի միջոցով ներկայացվեցին նաև Օլդենբուրգի համալսարանի միջազգայնացման բաժինը, իրականացվող միջազգային ծրագրերը, գործընկերության շրջանակի ընդլայնմանն ուղղված գործողությունների պլանը։ Ծրագիրը համակարգող Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչների կողմից ներկայացվեցին շնորհանդեսներ, որոնք նվիրված էին միջազգային հետազոտության և ռազմավարական պլանավորման ազգային տեղեկատուի նախագծային տարբերակին և ՀՀ-ում ներառական, թվային և կանաչ բարձրագույն կրթությանը միտված ԳԱՑ-երի ազգային շրջանակի մշակմանը։
Վերապատրաստման ավարտին քննարկվեցին ծրագրով նախատեսված գործողությունների պլանի կատարմանն առնչվող մի շարք կազմակերպչական հարցեր։
Գավառի պետական համալսարանից վերապատրաստմանը մասնակցեցին պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը, որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը: