Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում:
ԳՊՀ-ում կայացավ հերթական հաշվետու հանդիպումը եվրոպական բուհերից վերադարձած համալսարանականների հետ։
Հանդիպման սկզբում բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերը։
Գավառի պետական համալսարանի կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու, դոենտ Մարե Խաչատրյանը ներկայացրեց Պորտուգալիայի Հանրապետության Էվորայի համալսարանում, իսկ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը՝ Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում կատարած իր դասախոսական աշխատանքի արդյունքները։
Բովանդակալից և հետաքրքիր հաշվետվություններով հանդես եկան նաև «Տնտեսագիտություն» բաժնի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլիզա Տոնոյանը, ով ուսանել է Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում, «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Գասպարյանը, ով սովորել է Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանում։
Հաշվետու հանդիպմանը ներկա էին բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ՝ Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջեից, աշակերտներ և ուսուցիչներ՝ Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցներից։
Աշակերտները հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, լսեցին օգտակար խորհուրդներ կրթության կարևորության և մասնագիտական ճիշտ կողմնորոշման մասին, եղան բուհի կառուցվածքային ստորաբաժանումներում։
Հրապարակվել է 10.04.2024