ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏՎԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ  2026-2027 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հուլիսի 13-ի N 11-Լ հրամանի համաձայն՝ Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով փորձնական ընդունելություն։

Ընդունելությանը կարող են մասնակցել`

  1. պետական և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտները,
  2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները։

Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝

  1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  2. Կենսաբանություն,
  3. Աշխարհագրություն,
  4. Պատմություն,
  5. Հայոց լեզու և գրականություն,
  6. Ռուսերեն և գրականություն։

Դիմումներն ընդունվում են մինչև 2026 թվականի հոկտեմբերի 24-ը՝ ներառյալ։

Դիմում-հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. դիմում՝ ուղղված ԳՊՀ ռեկտորին,
  2. անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
  3. մասնագիտական կրթությունը հավաստող ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի կրկնօրինակները։

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները ներդիրը ներկայացնում են առկայության դեպքում, իսկ մասնագիտական կրթություն չունենալու պարագայում՝ ներկայացնում են միջնակարգ կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ,

  1. երկու լուսանկար (3×4 չափսի),
  2. զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճեն (արական սեռի հավակնորդների համար),
  3. հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճեն,
  4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնությունները հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում)։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գավառի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովին՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հրանտ Հակոբյան 1 հասցեով /հեռախոսներ՝ +374-60-46-03-02, +374-60-46-04-03, +374-60-46-12-43, էլեկտրոնային փոստի հասցեներ՝ info@gsu.am, infogsu@mail.ru/:

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ՝ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս․ թ․ հուլիսի 11-ին Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստում կայացավ քննարկում՝ նվիրված Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրին։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ծրագրի Որակի ապահովման ռազմավարության (Quality Assurance Strategy – QAS) շրջանակում մեկնարկած՝ նախագծի արդյունքների և ազդեցության գնահատման գործընթացը։ Այդ նպատակով իրականացվում է հարցում՝ պարզելու, թե որքանով է ծրագիրը նպաստել մասնակից բուհերի աշխատակիցների կարողությունների զարգացմանը, հիմնական կատարողական ցուցանիշների (KPIs) մշակման և ներդրման գործընթացին, ռազմավարական պլանավորմանը, համալսարանական կառավարման և որակի ապահովման համակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև գնահատելու նախագծի իրականացման ընդհանուր որակը։ Նշվեց, որ գնահատման գործընթացն ընդգրկում է նախագծի հիմնական արդյունքներն ու գործիքները, մասնավորապես՝ վերապատրաստման փաթեթը (Training Kit), «Ինստիտուցիոնալ հետազոտության և ռազմավարական պլանավորման ազգային ուղեցույցը» (GIRSPA), «Ինստիտուցիոնալ հետազոտության գործառնական ձեռնարկները» (OMIR), GIRSPA-ին համապատասխան վերանայված պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշները, ինստիտուցիոնալ հետազոտության և ռազմավարական պլանավորման պիլոտային գործունեությունը, ինչպես նաև որակի ապահովման, տեղեկատվության տարածման և նախագծի կառավարման գործընթացները։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց ծրագրի նշանակությունը՝ ընդգծելով, որ  «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ծրագիրը Գավառի պետական համալսարանի համար դարձել է ոչ միայն միջազգային համագործակցության հաջողված օրինակ, այլև կառավարման մշակույթի և որակի ապահովման համակարգի զարգացման կարևոր խթան։ Տիկին Հակոբյանը նշեց, որ ծրագրի շրջանակում մշակված գործիքները կնպաստեն տվյալահեն որոշումների կայացմանը, ռազմավարական պլանավորման արդյունավետության բարձրացմանը և համալսարանի շարունակական զարգացմանը՝ վստահություն հայտնելով, որ իրականացվող գնահատումը կօգնի ոչ միայն արժևորել կատարված աշխատանքը, այլև նախանշել հետագա զարգացման նոր հնարավորություններ՝ ապահովելով «KPI4HE» ծրագրի արդյունքների կայունությունն ու երկարաժամկետ ազդեցությունը։

Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամները կարևորեցին նախագծի բոլոր շահակիցների ակտիվ մասնակցությունը գնահատման գործընթացին՝ այն դիտարկելով որպես համալսարանի որակի մշակույթի ամրապնդման և միջազգային համագործակցության արդյունքների գնահատման կարևոր բաղադրիչ։

 

 

 

ԿԱՅԱՑԱՎ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅՆԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի նախաձեռնությամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվեց Եվրոպական միության «Էրազմուս+» նախագծերի հանրայնացման համաժողովը, որի ընթացքում ներկայացվեցին 2025 թվականի մրցույթի արդյունքներով ֆինանսավորված նախագծերը։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը և Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի համակարգող Մարիանա Սարգսյանը։

Համաժողովի նպատակն էր հանրայնացնել նախագծերը, դրանցից ակնկալվող արդյունքները, ներկայացնել ծրագրերի բովանդակային ուղղություններն ու համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ձևավորել բաց համագործակցության հարթակ՝ միավորելով բարձրագույն կրթության, միջին մասնագիտական կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտների շահառուներին, պետական մարմիններին և այլ գործընկեր կազմակերպություններին։

Գավառի պետական համալսարանը, ի թիվս այլ հայաստանյան բուհերի և հասարակական կազմակերպությունների, համաժողովի «Նեթվորքինգ» հատվածում ներկայացավ համապատասխան տեղեկատվական նյութերով։ ԳՊՀ-ից համաժողովին մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։

 

ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ, ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ

2026 թվականի հուլիսի 5-ին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը, Գավառի պետական համալսարանում կայացավ 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, ճանապարհեց շրջանավարտների 29-րդ սերնդին՝ 210 բակալավրի և մագիստրոսի, ովքեր համալրեցին ԳՊՀ ինը հազարից ավելի շրջանավարտների շարքերը։ Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց և շնորհավորեց ներկաներին Սահմանադրության օրվա առթիվ,  ջերմորեն շնորհավորեց շրջանավարտներին և նրանց ծնողներին, շնորհակալություն հայտնեց Գավառի պետական համալսարանի դասախոսներին, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովներին և  բոլոր բարերարներին։

Ավանդույթի համաձայն՝ հնչեց ԳՊՀ մագիստրոսի երդումը, որից հետո շրջանավարտները խորին երախտագիտություն հայտնեցին սիրելի կրթօջախին՝ հավաստիացնելով, որ հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի սերմանած վեհ արժեքներն ու պատվիրաններն ապրում են յուրաքանչյուր համալսարանականի հոգում, մտքում և գործերում։ Նրանք շնորհակալություն հայտնեցին բուհի համահիմնադիր Հրանուշ Հակոբյանին և վարչական,  պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ առաքինի և պատասխանատու անհատներ, որակյալ մասնագետներ, հայրենասեր քաղաքացիներ պատրաստելու նվիրական աշխատանքի համար:

Շրջանավարտներին դիպլոմներ հանձնեցին և բարեմաղթանքի խոսքեր հղեցին ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ֆակուլտետների դեկաններ Թաթուլ Ասոյանը, Մարտին Ավագյանը, ամբիոնների վարիչներ Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, Հակոբ Ղուլոյանը, Գայանե Միրիբյանը, Վարազդատ Ավետիսյանը։ «Իրավագիտություն» մասնագիտության մագիստրատուրայի շրջանավարտներին դիպլոմներ հանձնեց և հաջողության իր բանաձևը ներկայացրեց ԳՊՀ «Իրավագիտություն» մասնագիտության 2025 թվականի շրջանավարտ Վան Սիմոնյանը: Միջոցառումը վարեցին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Անի Մանուկյանը և «Իրավագիտություն» մասնագիտության շրջանավարտ Պապին Կարապետյանը, որոնք ուսանողների անունից շրջանավարտներին մաղթեցին հաջողություններ մասնագիտական ոլորտում և շարունակական ձեռքբերումներ կյանքի բոլոր բնագավառներում։

Դիպլոմների շնորհման արարողությունն ուղեկցվեց շրջանավարտների հաջողությունների մասին պատմող ոգեշնչող տեսանյութերով, եվրոպական գործընկեր բուհերում սովորող ԳՊՀ ուսանողների առցանց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։

Գեղեցիկ պարային, երաժշտական կատարումներով միջոցառումը զարդարեցին Գավառի արվեստի դպրոցի սաները, դաշնամուրային բաժնի աշակերտ Սամվել Խաչատրյանը, նույն դպրոցի սան Հայրապետ Հայրապետյանը, ջութակահար Էլեն Շհոյանը։

Բարի երթ և բարին ընդ ձեզ, Գավառի պետական համալսարանի սիրելի՛ շրջանավարտներ:

 

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ԿՅԱՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ-ՔՆԱՐԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳՐԱԿԱՆ ՑԵՐԵԿՈՒՅԹԻՆ

Հարգելի՛ բարեկամներ, ստեղծագործող անհատներ, ուսուցիչներ և աշակերտներ, համալսարանականներ, սիրով հրավիրում ենք ձեզ՝ ներկա գտնվելու հոգեհմա պոեզիային նվիրված «Կյանքի հոգևոր-քնարական ընկալումները» խորագրով գրական ցերեկույթին, որը կկայանա ս․ թ․ մարտի 26-ին, ժամը՝ 12:00-ին, Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։ Դուք հնարավորություն կունենաք հանդիպելու գրողների՝ բանաստեղծների և արձակագիրների, ծանոթանալու նրանց ստեղծագործ մտքին ու կենսափիլիսոփայությանը, լսելու մտորումներ կյանքի, աշխարհի հոգևոր-քնարական ընկալումների մասին: Սիրով սպասում ենք բոլոր ցանկացողներին։

ԳՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ՝ ԴՐԵԶԴԵՆԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում ս. թ. փետրվարի 10-13-ը կայացավ Եվրոպական միության «Էրազմուս+ KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման համար գործունեության առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) ազգային շրջանակի ստեղծում» ծրագրի աշխատաժողովը, որին մասնակցեցին Գավառի պետական համալսարանում ծրագրի իրականացման աշխատանքային խմբի անդամները՝ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը, նույն բաժնի մասնագետ Մարիամ Նախրատյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը։ Աշխատաժողովի նպատակն էր աջակցել Հայաստանում բարձրագույն կրթության կառավարման և որակի ապահովման համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի փորձարկմանը, դրա համադրմանը ազգային ռազմավարության և հավատարմագրման չափանիշների հետ՝ հիմնվելով եվրոպական փորձի վրա։ Աշխատաժողովին քննարկվեցին բուհերի տվյալահեն կառավարման մեթոդները, ռազմավարական պլանավորման գործիքները, թվայնացման գործընթացները, ներկայացվեցին եվրոպական բուհերում կրթության և գիտահետազոտական գործունեության որակի ապահովման կառուցակարգերը։ Աշխատաժողովը կարևոր էր միջազգային առաջավոր փորձի ուսումնասիրման և գործընկեր բուհերի հետ համագործակցության խորացման համար՝ նպաստելով ԳՊՀ-ում գնահատման արդյունավետության ցուցանիշների կիրառմանը և կրթության որակի բարձրացմանը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելություն նոր՝ 041301.41.7 «Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում» մասնագիտական կրթական ծրագրով, որն ավարտելիս շնորհվում է կառավարման մագիստրոսի որակավորում:

Լրացուցիչ տեղեկատվության և ընդունելության կարգի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ Գավառի պետական համալսարանի պաշտոնական կայքում՝ ներքոհիշյալ հղմամբ․

https://gsu.am/wp-content/uploads/2025/08/magistratura.pdf

կամ դիմել Գավառի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովին՝ հեռ․ 060-46-12-42, 091-65-86-64, 099-02-21-41։

 

Գավառի պետական համալսարանի

ընդունող հանձնաժողով

ԳՊՀ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գավառի պետական համալսարանում շարունակվում է մագիստրատուրայի ուսանողների գիտամանկավարժական պրակտիկան։ Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժինների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները պրակտիկան անցկացնում են բուհում։ Մագիստրանտներ Անիկ Ավետիսյանը և Թերեզա Դանիելյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում, դասախոս Արմինե Դավթյանի ղեկավարությամբ, բակալավրիատի ուսանողների համար վարեցին բաց դաս՝ «Ներառական կրթության հիմունքներ» դասընթացի շրջանակում։ Դասի թեման էր «Մտավոր զարգացման հապաղման առանձնահատկությունները և տեսակները»: Խնդրո առարկան բացահայտելու համար կիրառվեցին դասավանդման ժամանակակից մեթոդներ՝ իրավիճակային վերլուծություններ և խմբային քննարկումներ, օգտագործվեցին տեսասարքավորումներ,  տեսասահիկներ, դիագրամներ։ Դասին ակտիվորեն մասնակցեցին բոլոր ուսանողները։

Գիտամանկավարժական պրակտիկայի ղեկավար՝ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը ամփոփեց դասի արդյունքները՝ կարևորելով պրակտիկայի ընթացքում ուսանողների գործնական կարողությունների զարգացումը, փորձի ձեռքբերումը։

 

ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 33-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ։
Միջոցառման մասնակիցները, հետադարձ հայացք նետելով հայ ժողովրդի անցած ուղուն, հանդիսատեսին ներկայացրին Հայաստանի անկախության հռչակման պատմական ուղին, թե ինչպես 33 տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 21-ին Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ, կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը, «Այո՛» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
ԳՊՀ ուսանողները ներկայացրին զեկուցումներ, ոգեշունչ բանաստեղծություններ և երգեր՝ նվիրված հայրենիքին։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան