Գավառի պետական համալսարանի իրականացրած Եվրոպական միության «Էրազմուս+» ակադեմիական միջազգային շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած ԳՊՀ ուսանողները ներկայացրին հաշվետվություններ։
Հանդես եկան Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Էմմա Գասպարյանը, ով սովորել է Իտալիայի Հանրապետության Հռոմի Սապիենզայի համալսարանում, «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նելլի Պողոսյանը և «Տնտեսագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոֆյա Ավետիսյանը, ովքեր սովորել են Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանում։
Ուսանողները ներկայացրին ուսումնական գործընթացը, իրենց առաջադիմության արդյունքները, պատասխանեցին ներկաների հարցերին, կիսվեցին տարբեր երկրներ շրջագայելուց ստացած իրենց տպավորություններով, ինչպես նաև կրտսեր ուսանողներին խորհուրդ տվեցին ակտիվորեն մասնակցել Գավառի պետական համալսարանի իրականացրած եվրոպական կրթական ծրագրերին։
Արտերկրում սովորած ԳՊՀ մյուս ուսանողների հետ հաշվետու հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ ս․ թ․ հոկտեմբերի 25-ին, ժամը՝ 13։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում։