Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի նախաձեռնությամբ կայացավ «Ամենահաղթ սիրո թևերով» խորագիրը կրող ցերեկույթ՝ որպես ձոն կանանց և մայրերին: Ցերեկույթին ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմերի անդամներ, ուսանողներ, ինչպես նաև Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ: Շնորհանդեսի միջոցով հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողները ներկայացրին հայ կնոջ և մոր վեհ ու առաքինի կերպարը՝ մեծարանքի և երախտագիտության խոսքեր ուղղելով կանանց ու մայրերին, որոնք իրենց սիրով ու նվիրվածությամբ եղել և մնում են մեր ընտանիքներն ու հայրենիքը անսասան պահող ամուր հենասյուները: «Պատմություն» բաժնի ուսանողները ներկայացրին բարեպաշտությամբ, կրոնասիրությամբ, հայրենասիրությամբ փայլող հերոսածին հայ կանանց, որոնք հայրենիքի համար օրհասական պահերին պայքարել են անձնվիրաբար և անկոտրում ոգով:
Ցերեկույթը երգային ու պարային կատարումներով, գեղեցիկ ասմունքով զարդարեցին «Արևի աշխարհ» կենտրոնի փոքրիկ սաները, ովքեր համալսարան էին եկել կենտրոնի տնօրեն Աննա Հունանյանի ուղեկցությամբ, ինչպես նաև Սարուխանի արվեստի դպրոցի սաները, ովքեր ուսուցչուհի Բալասան Դարբինյանի ղեկավարությամբ կատարեցին մայրերին նվիրված երգերի պոպուրի՝ խառներգ:
Վրացերենով և իտալերենով մորը նվիրված գեղեցիկ երգ-ներբողներով հանդես եկան Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաներ Դանիել և Դավիթ Դավթյանները:
Միջոցառման ավարտին տոնի խորհրդին համահունչ հանդես եկան Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, դեկանի տեղակալ Ռուսաննա Սարգսյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, «Արևի աշխարհ» կենտրոնի տնօրեն Աննա Հունանյանը:
ՁՈՆ՝ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՄԱՅՐԵՐԻՆ
