‹‹ -Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:
-Ես Ռոզա Վեզիրի Աբրահամյանն եմ, ծնվել եմ 2002 թվականի հունվարի 28-ին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում: Հաճախել եմ Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոց: Սովորել եմ գերազանց առաջադիմությամբ: Դպրոցական տարիներին մասնակցել եմ մի շարք օլիմպիադաների, մրցույթների, փառատոնների, ունեմ 2 տասնյակից ավելի հավաստագրեր և պատվոգրեր:
2020 թվականին ավարտելով դպրոցը՝ հաջողությամբ ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ‹‹Ֆինանսներ›› բաժնի առաջին կուրս: 2021 թվականին ընտրվել եմ ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության, իսկ 2022 թվականին՝ ուսանողական խորհրդի նախագահ: Ակտիվորեն մասնակցել եմ ԳՊՀ ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին: Մասնակցել եմ հանրապետական և միջազգային մի շարք գիտաժողովների, ունեմ տպագրված հոդվածներ:
2023 թվականին հաղթել եմ «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում՝ հասարակագիտության ոլորտում զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:
-Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:
-Իմ կյանքի ամենալուսավոր փուլը համալսարանական տարիներն են: Համալսարանում եմ ծանոթացել բուհին նվիրված ու ջանասիրաբար աշխատող դասախոսներիս, ցանկացած պահի ինձ օգնող ու աջակցող ընկերներիս:
Համալսարանն օգնեց ինձ՝ կայանալ, գիտելիքն արժևորել, նոր կարողություններ ձեռք բերել, դժվարություններից չերկնչել, դրանք արիաբար հաղթահարել, ինչի համար շնորհակալ եմ հարազատ կրթօջախիս, պրոֆեսորադասախոսական, վարչական, ուսումնաօժանդակ անձնակազմին՝ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի գլխավորությամբ։
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
Ընտանիք, ընկերներ, կրթություն…
Այս շարքը կարող եմ շարունակել։ Ինչպես ցանկացած անձի համար, ինձ համար առաջնայինն իմ հայրենիքն է ու ընտանիքը։
—Ի՞նչ երազանքներ ունեք։
-2020 թվականի պատերազմից հետո ինձ համար մեծագույն երազանք է խաղաղությունը։ Խաղաղության պայմաններում միայն կարելի է ի կատար ածել բոլոր երազանքները, պարզապես պետք է հավատալ, ձգտել, պայքարել և հասնել նվիրական իղձերի իրականացմանը։
— Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
-Ես բնույթով սկզբունքային անձնավորություն եմ, կնշեմ ինձ համար առավել գնահատելի սկզբունքները՝ ազնվություն, ուղղամտություն, պարզություն ու մաքրություն, կամք, ջանք ու ձգտում՝ երազանքներին հասնելու ճանապարհին:
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամանակ ինչո՞վ եք զբաղվում:
-Նախասիրություններս շատ են, սիրում եմ կարդալ գեղարվեստական ու մասնագիտական գրականություն, երաժշտություն լսել, հետաքրքրված եմ նաև մանկավարժական գործունեությամբ, ունեմ աշակերտներ, որոնց հետ աշխատում եմ մեծ սիրով ու նվիրումով:
-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը:
-Ուսանողներին խորհուրդ կտամ առաջին հերթին լավ սովորել, զբաղվել հետազոտական և հասարակական գործունեությամբ, ակտիվորեն ներգրավվել բուհի ինքնակառավարման մարմիններում:
Այս ամենից զատ, միշտ պետք է հիշել, որ «Լավագույն»-ի կոչմանն արժանանալու համար պետք է լինել նախ և առաջ պայքարող և երազանքների ճանապարհին չընկրկող:
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և
լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը