ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՔՐԻՍՏԻՆԵ ԲԱՏԻԿՅԱՆ

-«Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:

-Ես Քրիստինե Բատիկյանն եմ։ Սովորել եմ Կարմիրգյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆալուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժին՝  անվճար հիմունքներով։ Ես սիրում եմ իմ առջև դնել խնդիրներ և լուծել դրանք, հստակ ձևակերպել նպատակներ և իրականացնել իմ նպատակները աշխատասիրության շնորհիվ ։ «Լավագույն ուսանող» մրցույթին մասնակցելն ու հաղթելը ինձ համար վերջին մեկ տարվա ընթացքում դարձել էր կարևոր նպատակ, իսկ այժմ այն իրականություն է։

2023 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում բակալավրի կրթական ծրագրով  արժանացել եմ  «Հայագիտության» ոլորտի 1-ին մրցանակին:

-Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:

-Գավառի պետական համալսարանը ինձ  թևեր տվեց՝  ուժերս փորձելու գիտական և մշակութային տարբեր միջոցառումներում, որոնք ևս նպաստեցին իմ հաղթանակին։

-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։

-Կարծում եմ յուրաքանչյուրս  էլ պետք է ունենանք նպատակներ, երազանքներ, որոնց հասնելու համար պետք է որոշակի ջաբք գործադրենք։ Ինձ համար կյանքում առաջնայինը որակյալ կրթություն ստանալն է, ինչպես նաև նպատակներ ու երազանքներ  ունենալն ու դրանք իրագործելն է։

-Ի՞նչ երազանքներ ունեք։

-Երազանքս հիմա միայն այն է, որ մեր երկիրը խաղաղ լինի, եղբայրս, և ոչ միայն իմ, այլև բոլորիս զինվորները ծառայեն հայրենիքին և վերադառնան տուն։ Նրանք են մեզ ուժ տվողները։

-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։

-Կյանքիս առաջնային սկզբունքը հասարակությանը պիտանի մարդ դառնալն է և հայրենիքին օգտակար լինելը։  Իսկ ուսումնական տեսանկյունից նախընտրում եմ ոչինչ  անգիր չանել, այլ ընկալել, գիտակցված ըմբռնել, յուրացնել։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։

-Ազատ ժամերին սիրում եմ նկարել, երաժշտություն լսել, իսկ երեկոյան վերցնել մի հաճելի գիրք և ընթերցել։

Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի

 հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։

-ԳՊՀ ուսանողներին խորհուրդ եմ տալիս ակտիվորեն մասնակցել բոլոր միջոցառումներին՝ զարգացնելով մտավոր-հոգևոր արժեքները, գիտականն ու մշակութայինը։ Հաջորդ տարվա մրցութում հաղթելու համար նրանք ջանասիրաբար պետք է սովորեն, աշխատեն գիտական հոդվածներ գրելու, գիտաժողովներին դրանք ներկայացնելու ուղղությամբ։ Ցանկացած մարդ յուրովի լավագույնն է, ուղղակի պետք է նրան հնարավորություն ընձեռվի ինքնաիրացման, ներուժի բացահայտման, իր լավագույն որակները ներկայացնելու համար››։

 

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության

 բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

 

 

Հրապարակվել է 19.09.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան