2024 թվականին ‹‹Նուռ›› հրատարակչության կողմից լույս է ընծայվել ‹‹Գեղամա աշխարհ›› թերթի խմբագրապետ, հրապարակախոս, արձակագիր ու բանաստեղծ Խոսրով Ռազմիկի Խլղաթյանի հեղինակած ‹‹Իրանապատում›› գիրքը, որը սոսկ հուշապատում կամ Իրանում հեղինակի անցկացրած 9 հրաշալի օրերի նկարագրությունը չէ, այլ շատ ավելին։ Գիրքը ծայրից ծայր թաթախված է սիրով առ մշակույթ, պատմություն, բնություն, աշխարհ, կյանք ու հայրենիք։ Այո՛, հայրենիք, քանզի հուշապատումը որքան էլ իրանական հիշարժան օրերի մասին է, սակայն առլեցուն է հայ ժողովրդի հազարամյակների պատմության անջնջելի վկայությունների հիշատակմամբ, Հայոց պետության ու թագավորների մասին պարսից արքաների թողած արձանագրությունների վկայակոչմամբ։
Գիրքն ընթերցում ես մեկ շնչով և, էջից էջ անցնելով, հուզվում ես՝ շոշափելիորեն զգալով և տեսնելով Իրանում հայի թողած քաղաքակրթական հետքը, կառուցած եկեղեցին և դպրոցը, տարածած բարձր մշակույթը։ Հեղինակի հետ ճամփորդում ես Պարսկահայքում՝ հայտնվելով հայազգի Խոջա Նազարի քարավանատանը՝ այն երևելի իրանահայի, ով Շահ Աբասի վստահելի ու պատվելի մարդկանցից էր և կարևոր դերակատարություն է ունեցել Իրանի առևտրատնտեսական ոլորտի զարգացման գործում։ Հեղինակի հմուտ ուղեկցությամբ և ընկերակցությամբ ասես աղոթում ենք Ջուղայի Սուրբ Հովվի վանքում, Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքում, ապա Սուրբ Թադեի և Ծործորի վանքերում, օծվում մայր Արաքսի ջրերով, հայտնվում Ավարայրի դաշտում, ապա լինում Յազդի հեթանոսական տաճարում, գնում ‹‹մահվան հովտից դեպի կյանքի պարտեզ››, մտնում Շիրազի հայտնի դարպասներից ներս, հիանում Շիրազի վարդերով և Նարնջի այգու պալատով, ունկնդիր լինում պարսից բանաստեղծ Հաֆեզի խորը կենսափիլիսոփայությամբ շաղախված տողերին, ականատես վկա դառնում Լենկթեմուրի և Հաֆեզի երկխոսությանը և լցվում այն հավատով, որ արվեստի ոգեղեն ուժը զորեղ է բռնակալի բիրտ ուժից։
Շիրազից շարժվում ենք դեպի Պերսեպոլիս՝ Աքեմենյան Պարսկաստանի հնագույն մայրաքաղաք, հեղինակի բնութագրմամբ՝ ‹‹աշխարհակալ տերության հզորության ու փառքի հուշարձան›› (էջեր 62-79)։ Աննկարագրելի ճամփորդություն ենք ունենում Սպահանում՝ Իրանի Հայաստանում կամ Նոր Ջուղայում, հանդիպում Շահ Աբասի կողմից տեղահանված և Պարսկաստան գաղթած հայերի սերունդներին, ովքեր հայրենիքի նկատմամբ կարոտն ու սերը սրտում անթեղած՝ ողջունում և հյուրասիրում են հայրենակիցներին, հասնում Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանք և փրկագործման խնդրանքով դիմում Բարձրյալին։
Հեղինակը Դանիել Վարուժանի ‹‹Արևելյան բաղանիք›› բանաստեղծության նուրբ ու քնքուշ տողերով ներկայացնում է Սպահանի՝ թանգարանի վերածված բաղանիքը, ապա նկարագրում ճոճվող աշտարակը, Շահ Աբասի ժամանակներից մեր օրեր հասած մյուս կոթողները։ Կարդում ենք Բեհիսթունի ժայռի վրա Դարեհ թագավորի արձանագրությունը՝ Հայաստանի ու Հայոց թագավորության մասին գրված՝ հին պարսկերենով որպես ‹‹Արմինա››, բաբելոներենով՝ ‹‹Ուրարտու (Ուրաշտու)›› և էլամերենով՝ ‹‹Հարմինուեա›› ձևերով, և հայ ժողովրդի ապստամբության ու ազատագրական պայքարի մասին քարեղեն հիշատակությամբ (էջեր 126-131)։ Համադանում գլուխ ենք խոնարհում միջնադարի ականավոր գիտնական ու բժշկապետ Իբն Սինայի (Ավիցեննայի) դամբարանի առջև, հեղինակի ուղեկցությամբ հասնում աշխարհի ամենամեծ ջրային քարանձավը, հայտնվում Ալիսադրի ստորգետնյա հեքիաթային իրականության մեջ, ապա դուրս գալիս լույս աշխարհ այն վստահությամբ, որ աշխարհում ի վերջո կհաղթանակեն բարին ու լուսավորը, կթագավորեն սերն ու սիրո արարչագործ ուժը։