2025 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորվել են գերմաներենի 4-րդ և 9-րդ դասարանների նոր դասագրքերը, որոնք շարունակությունն են 2024 թվականին հաստատված 7-րդ դասարանի դասագրքի։
Դասագրքերի հեղինակներն են Մարգարիտ Մաթևոսյանը և Սաթենիկ Հայթյանը։ Բոլոր դասագրքերին կից մշակվել են նաև մեթոդական ուղեցույցներ։
Հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկություններն ու հետաքրքրությունները՝ դասագրքերում ընդգրկված թեմաները ներկայացված են այնպես, որ ուսումնառությունը լինի հաճելի և դյուրին, նպաստի սովորողների լեզվական, հաղորդակցական և մշակութային գիտելիքների հարստացմանը։ Դասագրքերը միտված են ոչ միայն սովորողների տեսական իմացության և գործնական կարողությունների ձեռքբերմանը, այլև արժեքային ճիշտ կողմնորոշումների և վերաբերմունքի ձևավորմանը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դասագրքերի համապատասխանությանը օտար լեզուների առարկայական չափորոշչի պահանջներին։ Դրանք ամբողջությամբ արտահայտվել են ծրագրային բոլոր թեմաներում ու ենթաթեմաներում։
Դասագրքերը ոչ միայն ունեն հարուստ բովանդակություն, այլև միտված են սովորողների ինքնուրույն վերլուծական, ստեղծագործական մտածողության զարգացմանը, գործնական իրավիճակներում լեզվական հմտությունների կիրառմանը։ Յուրաքանչյուր դաս հետաքրքիր ճանապարհորդություն է դեպի գերմանական մշակույթի և լեզվի աշխարհ՝ ապահովելով կայուն գիտելիքներ և դառնալով հաջողության հուսալի հիմք։