Այսօր Գավառի պետական համալսարանում նշվեց գիտելիքի և դպրության օրը։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց բուհի ուսանողներին և դասախոսներին սեպտեմբերմեկյան տոնի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, շնորհավորեց առաջին կուրսեցիների համալսարանամուտը՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն:
Բարձր միավորներ վաստակած և անվճար հիմունքներով ԳՊՀ ընդունված առաջին կուրսեցիները ստացան խորհրդանշական նվեր՝ «Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» գիրքը, որի հեղինակը բուհի հիմնադիր-ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Հակոբյանն է։ Համալսարանում ներդաշնակորեն միահյուսվում են ավանդականն ու արդիականը, գեղեցիկն ու օգտակարը, անհրաժեշտն ու հաճելին։ Եվ ինչպես նախորդ տարիներին, 2024 թվականի սեպտեմբերի 1-ին նույնպես գիտելիքի աշխարհ տանող խորհրդանշական բանալին առաջին կուրսեցիներին փոխանցեցին մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ ուսանողները՝ իրենց կրտսեր ընկերներին խորհուրդ տալով ջանասիրաբար սովորել և կերտել հուսալի ապագա։
ԳՊՀ առաջին կուրսի ուսանողները, ոտք դնելով բուհի կամարներից ներս, դաշինք կնքեցին հարազատ բուհի հետ, որը հաստատեցին երդմամբ։
Առաջին զանգի ղողանջների ներքո մեկնարկեց նոր ուսումնական տարեշրջանը։
Բարի՜ գալուստ և բարի՜ երթ, 2024-2025 ուսումնական տարի։