ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Գավառի պետական համալսարանում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված գիտելիքի և դպրության օրվան, նոր՝ 2025-2026 ուսումնական տարվա մեկնարկին։
Համալսարանը սիրով իր դռները բացեց ուսանողների 33-րդ սերնդի առջև, ովքեր հանդիսավորությամբ հնչեցրին ԳՊՀ ուսանողի երդումը։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհավորեց առաջին կուրսեցիների համալսարանամուտը՝ հիշեցնելով ուսուցչապետ Մեսրոպ Մաշտոցի հայերեն թարգմանած առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ․․․»։
Բարձր միավորներով, անվճար հիմունքներով համալսարան ընդունված ուսանողները ստացան նվեր՝ «Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» գիրքը, որի հեղինակն է բուհի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Հակոբյանը։
Ավանդույթի համաձայն՝ ավարտական կուրսի ուսանողները դեպի գիտության աշխարհ տանող խորհրդանշական բանալին հանձնեցին առաջին կուրսի ուսանողներին՝ հավաստիացնելով, որ այդ բանալին կարող է բանալ ցանկացած դուռ՝ հաջողության, բարեկեցության, երջանկության դռներից մինչև արհեստական բանականության խորհրդավոր դուռը։ Իսկ բանալուն տիրապետելու համար անհրաժեշտ է ջանասիրաբար սովորել, լինել նպատակասլաց և աշխատասեր, հավատարիմ մնալ ԳՊՀ ուսանողի կարգախոսին՝ «Գիտենալ, կարողանալ, լինել» և հիշել, որ որակյալ կյանքի երաշխիքը որակյալ կրթությունն է։
Տոնական միջոցառումը եզրափակվեց առաջին զանգի ղողանջներով, որոնք ազդարարեցին նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Համալսարանը կրկին լցվեց ուսանողական աշխույժով և ոգևորությամբ։ Առաջին կուրսեցիների առաջին դասը վարեցին բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի վարիչ Մարգար Հովհաննիսյանը, այնուհետև ուսանողների հետ հանդիպեցին ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, ուսումնական խորհրդատուները, ԳՊՀ ուսանողական խորհրդի անդամները։
Հաջողություն ենք մաղթում բոլոր ուսանողներին, դասախոսներին և բուհի աշխատակիցներին։
Բարի՛ գալուստ և բարի՛ երթ, 2025-2026 ուսումնական տարի։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան