ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ  ԳՊՀ  ԴԱՍԱԽՈՍ ԱՐՄԻՆԵ ԴԱՎԹՅԱՆԻՆ՝ «ԱՆՁԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ. ՀՈԳՈՒ ԻՆԺԵՆԵՐԻԱ» ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՄԱՆ ԱՌԹԻՎ

Լույս է ընծայվել Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, հոգեբան և նեյրոհոգեբանության մասնագետ, «Խարիզմա» երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ, «ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ» զարգացման կենտրոնի ղեկավար տիկին Արմինե Դավթյանի հեղինակած «Անձի տիպաբանություն և ներդաշնակության մանկավարժություն. հոգու ինժեներիա» աշխատությունը, որի  շնորհանդեսը կայացավ 2025 թ. նոյեմբերի 1-ին, Երևանում։ Շնորհանդեսին մասնակցեցին կրթության, գիտության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ՝ դասախոսներ, գիտաշխատողներ և արվեստի գործիչներ։ Գրքի բովանդակությունը ներկայացվեց հեղինակային ֆիլմաշարի միջոցով, որը բացահայտեց աշխատանքի գաղափարական ու տեսական հիմքերը՝ ընդգծելով հոգեբանական, նեյրոհոգեբանական, մանկավարժական և արժեբանական մոտեցումների ներդաշնակ համադրությունը։

Հյուրերը հանդես եկան շնորհավորական ելույթներով՝ արժևորելով հեղինակի ներդրումը մանկավարժահոգեբանական տեսության և պրակտիկայի զարգացման գործում։ Գրքում հեղինակն առաջարկում է «Հոգու ինժեներիա» և «Ներդաշնակության մանկավարժություն» հասկացությունները՝ գիտական նոր մեկնաբանությամբ ներկայացնելով անձի ձևավորման և դաստիարակության համակցված հայեցակարգ։ Մարդու ներքին, հոգևոր և արտաքին ուժերի փոխկապակցվածությունը դիտարկվում է որպես ներդաշնակ զարգացման առանցք՝ միավորելով ժամանակակից գիտական մոտեցումները հոգևոր և արժեբանական փիլիսոփայության խորքային շերտերի հետ։

Արմինե Դավթյանը ներկայացնում է անձի տիպերի հեղինակային դասակարգում՝ համապատասխան մեթոդաբանությամբ և գործնական ուղեցույցներով, որոնք կարող են օգտակար լինել ուսուցիչների, հոգեբանների և ծնողների համար՝ անձի դաստիարակության և ուսուցման  գործընթացներում։

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է հարգարժան դասախոսին հեղինակային հերթական ձեռքբերման՝ արժեքավոր գիտական աշխատության լույսընծայման առթիվ և տիկին Դավթյանին մաղթում նորանոր գիտական արարումներ, ստեղծագործական հաջողություններ։

 

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան