ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՄԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է բուհի շրջանավարտ Մանուշ Գուրգենի Մարգարյանին՝ «Իմ կածանը» խորագրով բանաստեղծությունների ժողովածուի լույսընծայման առթիվ։ «Իմ կածանը» հեղինակի առաջին գիրքն է։ Ստեղծագործությունների թեմատիկան տարբեր է՝ հայրենիք, բնություն, մանկություն, ընտանիք, սեր, ներանձնային և միջանձնային փոխհարաբերություններ, կենսափիլիսոփայական խնդիրներ։
Մանուշ Մարգարյանը ծնվել է 1970 թվականի նոյեմբերի 23-ին Հայաստանի Կամոյի շրջանի Հացառատ թաղամասում։ Հայրը` Գուրգեն Մարգարյանը եղել է դուդուկահար, մայրը` Ժենյա Կարապետյանն աշխատել է Կամոյի «Դիպոլ» արտադրական միավորումում։
Մանուշ Մարգարյանը 1978-1988 թվականներին սովորել և գերազանց առաջադիմությամբ ավարտել է Կամո քաղաքի N 2 միջնակարգ դպրոցը, ընդունվել Կամոյի ինդուստրիալ-մանկավարժական տեխնիկումի «Դասավանդումը հանրակրթական դպրոցի տարրական դասարաններում» բաժինը: 1991 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեխնիկումը և նույն թվականին աշխատանքի անցել Գավառի N 8 միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
Մինչև այժմ աշխատում է այդ դպրոցում` վայելելով գործընկերների, աշակերտների և նրանց ծնողների սերն ու հարգանքը։ 2000 թվականին դպրոցի տնօրինության գործուղմամբ ընդունվել է Գավառի պետական համալսարանի լեզվաբանական բաժինը և 2006 թվականին ավարտել՝ գերազանց առաջադիմությամբ։ Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների և սեմինարների։
Մ. Մարգարյանն ամուսնացած է, ունի երկու զավակ և մեկ թոռնիկ։
ԳՊՀ շրջանավարտին և սիրված ուսուցչին մաղթում ենք հետագա ստեղծագործական ձեռքբերումներ, անձնական և աշխատանքային հաջողություններ։
Հրապարակվել է 11.05.2024
Scroll to Top
Գավառի պետական համալսարան