Ս․ թ․ փետրվարի 27-ին Գավառի պետական համալսարանի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի գերազանցիկ շրջանավարտ, ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի դասախոս Կարեն Մաստոյանը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում գործող Ե.13.05 –«Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ» մասնագիտական խորհրդում հաջողությամբ պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը։
Ատենախոսության թեման է՝ «Ինֆորմացիոն-տեսական մեթոդների կիրառությունը թվային պատկերների որակի գնահատման և մասնավոր ինֆորմացիայի պաշտպանության խնդիրներում»։ Գիտական ղեկավարն է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը։ Որպես պաշտոնական ընդդիմախոսներ հանդես եկան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Հասմիկ Սահակյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու, ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը։
Կարեն Մաստոյանի հետազոտությունը նվիրված է թվային պատկերների որակի գնահատման և մասնավոր ինֆորմացիայի պաշտպանության ոլորտներում ինֆորմացիայի տեսության մեթոդների կիրառման արդիական խնդիրներին:
Մասնագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց ատենախոսին տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհման մասին որոշմանը, ինչի առիթով ջերմորեն շնորհավորում ենք երիտասարդ գիտնականին և մաղթում հետագա հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։
ԳՊՀ ռեկտորատ