‹‹ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ›› ՏԻՏՂՈՍԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՆԱՏԱՇԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ‹‹Անգլերեն լեզու և գրականություն›› բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նատաշա Բաղդասարյանը մասնակցեց «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կազմակերպել էին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան և Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը՝ ուսանողների տոնի շրջանակներում։

2024 թվականին ուսման մեջ գերազանց առաջադիմություն ցուցաբերած, հետազոտության ոլորտում հաջողություններ արձանագրած, հասարակական աշխատանքներում ակտիվություն ցուցաբերած ուսանողները մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվեցին ‹‹Տարվա լավագույն ուսանող›› և պարգևատրվեցին շնորհակալագրերով, հուշանվերներով։

Գավառի պետական համալսարանից «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող ճանաչվեց և պարգևատրվեց Նատաշա Բաղդասարյանը։

Ջերմորեն շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողուհուն և հրապարակում նրա հետ հարցազրույցը․

‹‹-Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:

— Ես Նատաշա Արծրունու Բաղդասարյանն եմ, ծնվել եմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Իմ առաջին քայլերը կատարել եմ Գավառի՝ Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել եմ 2006-2018 թվականներին։ 2018 թվականին ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի առաջին կուրս՝ անվճար հիմունքներով։ 2022 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտեցի բակալավրիատը, իսկ 2023 թվականին ընդունվեցի մագիստրատուրա անվճար հիմունքներով՝ շարունակելով իմ կրթությունը, խորացնելով մասնագիտական գիտելիքներս։ Այժմ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի եմ։

Մասնագիտական ուղիս մեծապես ձևավորել են իմ սերը դեպի գիտելիքը, անդադար աշխատանքը և հավատը սեփական ուժերի նկատմամբ։

Իմ հաջողությունների մեջ մեծ դեր ունի ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարունակական աջակցությունը, հատկապես ռեկտոր տիկին Ռ․ Հակոբյանի ցուցաբերած անգնահատելի ներդրումը, ով մեծապես նպաստել է իմ կրթական ճանապարհին գրանցած հաջողություններին։ Երախտապարտ եմ նաև Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրվածությամբ և մասնագիտական որակներով ստեղծել են ամուր հիմք իմ ակադեմիական հաջողությունների համար։ Նրանք իմ մեջ ձևավորել են գիտելիքի նկատմամբ սեր և մղել դեպի ինքնահաստատում ու առաջընթաց։

— Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:

— Համալսարանն ինձ տվեց ոչ միայն գիտելիքներ, այլև զարգացրեց վերլուծելու և ստեղծագործաբար մտածելու  կարողությունները։ Այն դարձավ միջավայր, որտեղ անցնում եմ մասնագիտական կայացման ճանապարհ, հանդիպել եմ  բանիմաց դասախոսների և ձեռք բերել արժեքավոր փորձառություններ։ Բացի ակադեմիական կրթությունից, համալսարանը սովորեցրեց ինձ՝ լինել ինքնուրույն, պատասխանատու և միշտ ձգտել ինքնակատարելագործման։

Հատկապես կարևոր էր այն, որ համալսարանն ինձ ընձեռեց հնարավորություն գիտելիքներս զարգացնելու միջազգային մակարդակում՝ շարունակելով ուսումս Եվրոպայում։ 2024 թվականին ես ուսանեցի Իտալիայի Հռոմի Սապիենզա համալսարանում, ինչը դարձավ անգնահատելի փորձ թե՛ ակադեմիական, թե՛ մշակութային առումով։ Այս փորձառությունը թույլ տվեց խորացնել մասնագիտական գիտելիքներս, շփվել և համագործակցել արտասահմանցի փորձագետների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր տեսանկյուններ տարբեր կրթական համակարգերի վերաբերյալ։

-Ի՞նչ երազանքներ ունեք։

-Իմ երազանքները կապված են անձնական ու մասնագիտական զարգացման հետ։ Ցանկանում եմ շարունակաբար ձեռք բերել նոր գիտելիքներ, ստեղծել ու ներդնել նորարարական մեթոդներ կրթության ոլորտում և նպաստել գիտելիքի ավելի հասանելի ու արդյունավետ տարածմանը։ Բացի այդ, կարևորում եմ ճանապարհորդությունները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս բացահայտելու նոր մշակույթներ, ընդլայնելու մտահորիզոնը և ձևավորելու ավելի խորքային ընկալում աշխարհի բազմազանության վերաբերյալ։

-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։

— Ես դավանում եմ ազնվության, պատասխանատվության և անընդհատ ինքնակատարելագործման սկզբունքներին։ Հավատում եմ, որ յուրաքանչյուր քայլ պետք է լինի բարոյական արժեքների շրջանակում, յուրաքանչյուր պարտականություն՝ կատարված լավագույն ձևով, իսկ յուրաքանչյուր փորձառություն՝ հնարավորություն աճելու և կատարելագործվելու համար։ Հարգանքը շրջապատի և սեփական աշխատանքի նկատմամբ ինձ համար անփոխարինելի հիմք է կայուն ու հաջող կյանքի կառուցման գործում։

-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։

— Ինձ համար կյանքում առաջնայինը ինքնակատարելագործումն ու նոր գիտելիքների ձեռքբերումն են։ Ես հավատում եմ, որ գիտելիքը, ստեղծագործական մտածողությունը և ընտրած մասնագիտությանն անկեղծ նվիրվածությունը թույլ են տալիս հասնել մասնագիտական առաջընթացի։ Կարևորում եմ նաև ազնվությունը, պատասխանատվությունը և հարգանքը միջանձնային հարաբերություններում, որոնք հիմք են ամուր կապերի և իմաստալից կյանքի համար։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։

— Ազատ ժամանակս նախընտրում եմ անցկացնել իմ հետաքրքրություններին համապատասխան՝ ընթերցելով մասնագիտական և գեղարվեստական գրականություն և ուսումնասիրելով լեզուներ։ Ինձ հետաքրքրում են նորարարական նախագծերը և թիմային աշխատանքը, որոնք հնարավորություն են տալիս զարգանալ և գտնել ուսուցման ավելի արդյունավետ մեթոդներ։

Բացի այդ, մեծ կարևորություն եմ տալիս ինքնազարգացմանը և ճամփորդություններին, քանի որ դրանք ընդլայնում են մտահորիզոնը՝ թույլ տալով խորապես ճանաչել տարբեր մշակույթներ և ավելի լավ հասկանալ աշխարհը։

-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ 

տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ 

լավագույնը։

-Լավագույն ուսանող դառնալու համար կարևոր է ոչ միայն գերազանց սովորել, այլև լինել ակտիվ, նպատակասլաց ու նախաձեռնող։ Իմ կրտսեր ընկերներին խորհուրդ եմ տալիս մշտապես ընդլայնել իրենց գիտելիքները, մասնակցել գիտական ու մշակութային միջոցառումների և արդյունավետ կառավարել ժամանակը։ Հաջողության գաղտնիքը նպատակասլացության, աշխատասիրության և գիտելիքի հանդեպ անշեջ ձգտման համադրության մեջ է։

Շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար և մաղթում շարունակական հաջողություններ››։

Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և

 լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը

 

 

 

 

 

Հրապարակվել է 13.02.2025
Scroll to Top
Գավառի պետական համալսարան