Գավառի պետական համալսարանում կայացավ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիների առաջին բեմելը՝ «Բարև, մե՛նք ենք, մե՛ր արժեքները» խորագրով։ Միջոցառմանը մասնակցեցին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, աշակերտներ և ուսուցիչներ Գավառի ավագ դպրոցից, Գավառի Մնացական Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցից։
Ցերեկույթը բաղկացած էր երեք մասից. նախ ինքնատիպ ու խորհրդանշական ձևով հանդես եկան առաջին կուրսի ուսանողները, ովքեր ընտրել էին իրենց էությունն ու խառնվածքը բնութագրող առարկաներ և ներկայացան այդ առարկաների հետ միասին։ Երկրորդ հատվածում խոսվեց կրթության դերի կարևորության մասին, անդրադարձ կատարվեց հայ գրականության երեք մեծերի՝ Խաչատուր Աբովյանին, Վահան Տերյանին և Համո Սահյանին, իսկ եզրափակիչ մասում ուսանողները ներկայացրին իրենց արժեքները՝ որպես կյանքի սոցիալ-մշակութային կողմնորոշիչներ՝ նշելով, որ հաճախ մարդուն կարելի է բնութագրել այն տեսանկյունից, թե ինչ է անձը ընտրում և ինչ արժեքների է դավանում։
Ուսանողներին ջերմորեն ողջունեցին և հաջողություններ մաղթեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, դեկանի տեղակալ Մելանյա Գարեյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը։
Ցերեկույթն ուղեկցվեց ԳՊՀ առաջին կուրսեցիների և Նորատուսի արվեստի դպրոցի սաների երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով: