Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ազգային մեխանիզմների բարելավումը փախստականների որակավորումների ճանաչման համար NATREC-RQ» Եվրոպայի խորհրդի դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը։
Մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրերի իրականացման վարչության ներկայացուցիչ Արսինե Աղաջանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Լիանա Ամիրբեկյանը և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի տնօրեն Գայանե Հարությունյանը։
Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը ներկայացրեց Հայաստանում փախստականների հետ կապված որոշ վիճակագրական տվյալներ: Այնուհետև Եվրոպայի խորհրդի փորձագետ, Նորվեգիայի ներկայացուցիչ Մարինա Մալգինան ներկայացրեց փախստականների որակավորման եվրոպական անձնագիրը որպես փախստականների՝ դեպի բարձրագույն կրթություն հասանելիության ապահովման գրավական։ Նա նաև անդրադարձավ որակավորումների փոխճանաչմանը՝ այն համարելով փախստականների որակավորման եվրոպական անձնագրի շրջանակի կարևոր բաղադրիչ։
Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Նազանի Գևորգյանն ամփոփ ներկայացրեց օտարերկրյա որակավորումների գնահատման գործնական ուղեցույցը, իսկ ծրագրի գործընկերներ Երևանի պետական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանի ներկայացուցիչները վերլուծեցին ծրագրի իրականացման արդյունքում բուհերի կուտակած փորձը։
Շնորհանդեսների ներկայացմանը հաջորդեցին հարցերն ու պատասխանները։