ԿԱՅԱՑԱՎ  ԳԱՎԱՌԻ  ՊԵՏԱԿԱՆ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  27-ՐԴ  ԳԻՏԱԺՈՂՈՎԸ  

Այսօր կայացավ Գավառի պետական համալսարանի 27-րդ գիտաժողովը, որն իր աշխատանքները կազմակերպեց զուգակցված՝ առկա-առցանց եղանակով, լիագումար նիստում և 10 գիտական բաժանմունքներում զեկուցումների ներկայացման և քննարկման ձևաչափով։

Գիտաժողովի ծրագրում ներառվել էին բնական և հասարակական գիտությունների տարբեր ուղղություններին նվիրված 108 զեկուցում՝ ներկայացված 158 հեղինակի և համահեղինակի կողմից։ Մասնակիցները 30-ից ավելի բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ էին։

Գիտաժողովին մասնակցեցին Գավառի, Երևանի,  Շիրակի, Վանաձորի, Գորիսի  պետական համալսարանների, Հայաստանի ազգային ագրարային,   Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Եվրոպական համալսարանների, Պետական կառավարման ակադեմիայի, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի դասախոսները, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների՝ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի, Պատմության, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Հնագիտության և ազգագրության ինստիտուտների, Գիտակրթական միջազգային կենտրոնի, Լ․ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտաշխատողները, դպրոցների ուսուցիչներ, ինչպես նաև գիտության կիրառական ուղղություններով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներ։

Գիտաժողովի աշխարհագրությունը լայն էր և կրում էր միջազգային բնույթ՝ ներառելով գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց    ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից։ Գիտական զեկուցումներով հանդես եկան Գավառի պետական համալսարանի գործընկեր բուհերի՝ Ալթայի պետական մանկավարժական համալսարանի, Վորոնեժի պետական համալսարանի, Պովոլժիեյի կառավարման ինստիտուտի, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի, Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներն ու ասպիրանտները։

Գիտաժողովը ծառայեց որպես արդյունավետ հարթակ նորարարական գաղափարների, գիտականորեն հիմնավորված առաջարկությունների ներկայացման ու քննարկման համար, որոնք ունեն գիտագործնական նշանակություն։

Գիտաժողովի զեկուցումները կհրապարակվեն ԳՊՀ գիտական պարբերականում։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան