Day: 11.05.2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻՆ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ
Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյանը Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում հանդես եկավ դասախոսություններով։ Պորտուգալական համալսարանում Ռուզաննա Սարգսյանի դասախոսական աշխատանքն իրականացավ երկու հիմնական ուղղությամբ։ Համալսարանի հումանիտար մասնագիտությունների բարձրագույն դպրոցում Ռուզաննա Սարգսյանի դասախոսությունների շարքը (6 ժամ) նվիրված էր ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսումնական պլանով նախատեսված թեմաներին (A1 և A2 մակարդակներ, հյուրընկալ դասախոս՝ պրոֆեսոր Նադեժդա Մաշադու)։ Դասախոսություններում ներառված էր նաև մշակութային և երկրագիտական բաղադրիչ․ զուգահեռներ անցկացվեցին Պորտուգալիայի, Հայաստանի և Ռուսաստանի մշակույթների միջև։
ԳՊՀ դասախոսը սեմինար անցկացրեց Մինհոյի համալսարանի պրոֆեսոր Մարիու Մատուշի դասընթացի շրջանակներում՝ «Հայաստանը որպես քաղաքակրթությունների խաչմերուկ») թեմայով, որին մասնակցեցին «Քաղաքագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Մշակութաբանություն», «Լեզվաբանություն» մասնագիտությունների ուսանողները և Մինհոյի համալսարանի դասախոսներն ու հետազոտողները։ Սեմինարը ներառված էր «Ճամփորդելու մշակույթը» սեմինարների շարքում և լայնորեն լուսաբանվեց Մինհոյի համալսարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնի կողմից։
Ինչպես նշեց տիկին Սարգսյանը, ակադեմիական փոխանակման ծրագրերին մասնակցելը կարևոր նշանակություն ունի, քանի որ նպաստում է եվրոպական լավագույն փորձի ներդրմանը Գավառի պետական համալսարանի կրթական գործընթացում, պայմաններ է ստեղծում հետագա համագործակցության համար, ինչպես նաև ԳՊՀ դասախոսներին թույլ է տալիս իրենց հաջողված մեթոդները կիրառել արտերկրի բուհերում՝ ներկայացնելով եվրոպացի գործընկերներին։