ԿԱՅԱՑԱՎ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ  ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ  ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ  ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացավ «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցեցին ՀՀ բուհերի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովը մեկնարկեց Հայաստանում ‹‹Էրազմուս›› ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախագծերի ղեկավար Դավիթ Ավագյանի և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի ողջույնի խոսքերով։

Աշխատաժողովի հիմնական խոսնակը Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (ԵՀԱ) Կառավարման, դրամաշնորհային և հասարակական քաղաքականության զարգացման տնօրեն, դոկտոր Թոմաս Էստերմանն էր։ Նա մասնակիցներին ներկայացրեց եվրոպական բարձրագույն կրթության համակարգում կիրառվող կառավարման մոդելները։ ՀՀ բուհերի ներկայացուցիչները խմբային աշխատանքի միջոցով քննարկեցին իրենց բուհերի կառավարման համակարգերը, դրանց ուժեղ և թույլ կողմերը, փորձեցին վեր հանել իրենց բուհի համար ցանկալի կառավարման մոդելը։ Այնուհետև Թոմաս Էստերմանը մասնակիցներին ներկայացրեց համագործակցային առաջնորդության և ղեկավարման առանձնահատկությունները, անդրադարձավ եվրոպական բուհերի ինքնավերլուծության լավագույն փորձին, բուհերի փոխարկերպման հաջողված ռազմավարություններին։

Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեցին արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը։

 

Նյութի աղբյուրը՝

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակ

 

 

 

ԿՐԹԱՎՃԱՐ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

«4090 Բարեգործական» հիմնադրամը չորս տարի շարունակ տրամադրում է կրթավճար պատերազմի մասնակից ուսանողներին: 2023-24 ուսումնական տարվա համար կարող են դիմել ոչ միայն 2016 կամ 2020թթ. պատերազմների, այլ նաև 2023թ. մարտական գործողությունների մասնակիցները, ովքեր սովորում են ՀՀ բուհերում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող: «Կրթավճարը տրամադրվում է մրցութային կարգով և և երկու փուլով (փաստաթղթերի դիտարկում ու հարցազրույցի անցկացում), ուստի դիմում-հայտի լրացումը և փաթեթի հանձնումը դեռևս բավարար պայման չէ և չի նշանակում, որ կհատկացվի կրթավճար», -նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։ Առավելություն է տրվում Արցախից բռնի տեղահանված դիմորդներին, բարձր առաջադիմություն և/կամ հաշմանդամություն ունեցող, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ և ավել երեխա ունեցող) ընտանիքների ուսանողներին:
Հայտի և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ հուլիսի 15-ը, ժամը 23:59 ներառյալ:
Մանրամասներն ու հայտի հղումը` հիմնադրամի պաշտոնական կայքէջում:
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահի դրությամբ հիմնադրամն աջակցում է ՀՀ տարբեր բուհերում սովորող շուրջ հարյուր շահառուի։
Աղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ» https://hraparak.am/post/f18ac14213a94572b7866a3b8f570a22

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական  հիմնադրամը, նախորդ տարիների պես, այս տարի ևս տրամադրում է 500.000 ՀՀ դրամի չափով կրթաթոշակ՝  բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող մասնագիտություններով թե՛ անվճար, և թե՛ վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին։

Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր

  • բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական ծրագիրը ավարտում են 2025 թվականին (դիտարկվում են թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգում սովորողները),
  • ունեն միջինից բարձր միջին որակական գնահատական /ՄՈԳ/,
  • պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին։

Ծրագրի մասնակիցը դառանալու համար մանկավարժի որակավորումը պարտադիր չէ։  Ծրագրի մասնակիցներին դպրոցի աշխատավարձին զուգահեռ տրվում է լրացուցիչ 200․000 ՀՀ դրամի չափով ամենամսյա ֆինանսական աջակցություն։

Ավելին իմանալու համար կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://www.tfaforms.com/4927228

Հարցերի համար կարող եք կապ հաստատել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համալսարանական կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հետ։

( Հեռ։ +374 41 53 01 28, էլ-հասցե՝ arevik@teachforarmenia.org)

ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ`  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ  

Գավառի պետական համալսարանի դասախոս, տենտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցել է «Լեռները և «լեռնային տեքստը» համաշխարհային պատմական և մշակութային գործընթացում» խորագիրը կրող միջազգային գիտա-գործնական կոնֆերանսին և ներկայացրել զեկուցում՝  «Լեռները որպես գեոմշակութային հասկացություն և հայեցակարգային  տարր աշխարհի հայկական պատկերում՝ Մարտիրոս Սարյանի աշխատանքների օրինակով»։

Իր զեկուցման մեջ պրոֆեսոր Սահակյանն անդրադարձել է լեռների՝ որպես հայկական մշակույթի կարևոր բաղադրիչի դերին, ներկայացրել Մարտիրոս Սարյանի կտավները՝ այդ դիտանկյունից։ ԳՊՀ դասախոսի զեկուցումը մեծ հետաքրքրություն է առաջացրել կոնֆերանսի մասնակիցների շրջանում:

Կոնֆերանսին մասնակցությունը ևս մեկ հնարավորություն էր՝ օտարազգի մասնագետներին նեկայացնելու հայկական մշակույթի յուրահատկությունները և նպաստելու միջմշակութային երկխոսությանը:

Scroll to Top
Գավառի պետական համալսարան