ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ  ԵՆՔ  ԳԻՏԵԼԻՔԻ  ԵՎ  ԴՊՐՈՒԹՅԱՆ  ՕՐԸ

Այսօր Գավառի պետական համալսարանում նշվեց գիտելիքի և դպրության օրը։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց բուհի ուսանողներին և դասախոսներին սեպտեմբերմեկյան տոնի՝ Գիտելիքի, գրի և դպրության  օրվա առթիվ, շնորհավորեց առաջին կուրսեցիների համալսարանամուտը՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն:

Բարձր միավորներ վաստակած և անվճար հիմունքներով ԳՊՀ ընդունված առաջին կուրսեցիները ստացան խորհրդանշական նվեր՝ «Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» գիրքը, որի հեղինակը բուհի հիմնադիր-ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Հակոբյանն է։ Համալսարանում ներդաշնակորեն միահյուսվում են ավանդականն ու արդիականը,  գեղեցիկն ու օգտակարը, անհրաժեշտն ու հաճելին։ Եվ ինչպես նախորդ տարիներին, 2024 թվականի սեպտեմբերի 1-ին նույնպես գիտելիքի աշխարհ տանող խորհրդանշական բանալին առաջին կուրսեցիներին փոխանցեցին մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ ուսանողները՝ իրենց կրտսեր ընկերներին խորհուրդ տալով ջանասիրաբար սովորել և կերտել հուսալի ապագա։

ԳՊՀ առաջին կուրսի ուսանողները, ոտք դնելով բուհի կամարներից ներս, դաշինք կնքեցին հարազատ բուհի  հետ, որը հաստատեցին երդմամբ։

Առաջին զանգի ղողանջների ներքո մեկնարկեց նոր ուսումնական տարեշրջանը։

Բարի՜ գալուստ և բարի՜ երթ, 2024-2025 ուսումնական տարի։

ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ  «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ  ՄՐՑՈՒՅԹՈՒՄ  ՀԱՂԹԱԾ  ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

Սեպտեմբերմեկյան տոնին՝ Գիտելիքի և դպրության խորհրդանշական օրը Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հավաստագրեր հանձնեց 2023 թվականին «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված ԳՊՀ ուսանողներին։

Հավաստագրեր ստացան՝

  • ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի «ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի, 2023 թվականին «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում՝ բակալավրի կրթական ծրագրով հասարակագիտության ոլորտում 1-ին հորիզոնականը զբաղեցրած Ռոզա Վեզիրի Աբրահամյանը,
  • ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի շրջանավարտ, 2023 թվականին «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով «Հայագիտության» ոլորտում 1-ին հորիզոնականը զբաղեցրած Թեհմինե Կարենի Բատիկյանը,
  • ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի, 2023 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում բակալավրի կրթական ծրագրով «Հայագիտության» ոլորտում 1-ին հորիզոնականը զբաղեցրած Քրիստինե Հրայրի Բատիկյանը և
  • ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի մագիստրատուրայի շրջանավարտ, 2023 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով «Բնագիտության» ոլորտում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Անուշ Հակոբի Բաղդասարյանը:

«Լավագույն ուսանող»-ի տիտղոսակիրներն իրենց երախտիքի խոսքը հղեցին հարազատ կրթօջախին և սիրելի դասախոսներին՝ մշտապես իրենց աջակցելու և խրախուսելու համար, միաժամանակ կոչ արեցին առաջին կուրսի ուսանողներին անդադրում սովորել և  ձգտել գերազանցության ու նորանոր հաջողությունների։

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան