Գավառի պետական համալսարանը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցման ընդունելություն՝ բակալավրի կրթական ծրագրով:
Հարգելի՛ դիմորդներ, ընդունելության դիմում-հայտ լրացնելու համար խնդրում ենք դիմել Գավառի պետական համալսարանի ընդունող հանձնաժողովին՝ ԳԹԿ-ի կողմից տրամադրվող անձնական համար ստանալու նպատակով։
Դիմորդն անձնական համար ստանալուց հետո հայտագրումն իրականացնում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ մինչև ս․ թ․ սեպտեմբերի 25-ը, ժամը՝ 18:00-ն: Ընդունելության դիմում-հայտը ընդունելության ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:
Դիմում-հայտը լրացնելու համար դիմորդը յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցում է ԳԹԿ-ի հաշվեհամարին /900018003401/ 1500 ՀՀ դրամ։
Ընդունելության քննությունների վճարից ազատվում են ստորև նշված կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները․
1. 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաները կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները),
2. առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան երեխաները:
Ընդունելության քննությունը դրական միավորով հանձնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մրցույթից դուրս ընդունվում են ժամկետային պարտադիր զինվորական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, ինչպես նաև զոհված (մահացած) զինծառայողների ծնողները, ամուսինը (կինը), մինչև 27 տարեկան զավակները:
Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված դիմորդները՝ քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում բուհ են ընդունվում մրցույթից դուրս:
Հեռակա ուսուցման ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն:
Քննությունները անցկացվում են գրավոր, թեստերի միջոցով: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում դիմորդները յուրաքանչյուր առարկայի քննությունը հանձնում են միևնույն օրը: Միասնական քննություններն անցկացվելու են ս․ թ․ հոկտեմբերի 20-ից 27-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Գավառի պետական համալսարան՝ 060-46-12-43, 099-02-21-41 հեռախոսահամարներով, ինչպես նաև հարցերը հղել ԳՊՀ էլփոստի հասցեներով՝ info@gsu.am, infogsu@mail.ru։
Կից ներկայացնում ենք ԳՊՀ հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրով մասնագիտությունները, քննական առարկաները, ուսման տարեկան վարձավճարները։
ԳՊՀ ընդունող հանձնաժողով