ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Գավառի պետական համալսարանի «Տնտեսագիտություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողները ուսումնական պրակտիկայի շրջանակներում, Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանի ղեկավարությամբ, այցելեցին ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն։
Ուսանողները ծանոթացան դրամի պատմության հետ՝ մ.թ.ա. մինչև մեր օրերը, այնուհետև մասնակցեցին «Կենտրոնական բանկի հիմնախնդիրները գնաճի, ֆինանսական կայունության կարգավորման գործում և առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով բաց դասախոսության։

Դասախոսությունը վարեց Կենտրոնական բանկի Մակրոպրուդենցիալ դեպարտամնետի տնտեսագետ-վիճակագիր Լուսինե Մինասյանը։
Ուսանողների ուսումնական պրակտիկան ավարտվեց Գոշավանք վանական համալիր այցելությամբ։

 

ԿԱՅԱՑԱՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս. թ. հոկտեմբերի 29-ին Երևանի պետական համալսարանում կայացավ աշխատաժողով Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրի շրջանակում: Այն նախաձեռնել էր ծրագրի համակարգողը՝ Երևանի պետական համալսարանը, քննարկելու Հայաստանում բարձրագույն կրթության գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի նախագծի մշակման մեթոդաբանությունը:
Աշխատաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ-ի ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ԵՄ «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ծրագրի համակարգող Լանա Կարլովան, այնուհետև «KPI4HE» նախագծի համահամակարգող պարոն Արսեն Ապրոյանը ներկայացրեց «KPI4HE» նախագծի շրջանակներում կատարված և պլանավորված հիմնական աշխատանքները։ ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը ներկայացրեց Երևանի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հետազոտությունների և տվյալների հավաքագրման կառուցակարգերը, իսկ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն անդրադարձավ բուհի ռազմավարական պլանավորման գործընթացում ինստիտուցիոնալ հետազոտությունների դերին։
Աշխատանքներն ընթացան երեք աշխատանքային խմբերում՝ նվիրված կրթությանը, գիտությանը և համալսարանի առաքելությանը, ԵՊՀ պրոռեկտորներ էլինա Ասրիյանի, Ռաֆայել Բարխուդարյանի և Միքայել Հովհաննիսյանի համակարգմամբ։ Աշխատաժողովին և խմբերի աշխատանքներին մասնակցեցին Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը, որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը։
Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE›› ծրագրի շրջանակում ԳԱՑԱՇ-ի նախագծի մշակման աշխատանքները շարունակվում են։

ԿԱՅԱՑԱՎ ՉՈՐՐՈՐԴ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ  ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ  ՆՎԻՐՎԱԾ  ՀԱՄԱԺՈՂՈՎ

2024 թվականի հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքում գործող ‹‹Woods›› կենտրոնում տեղի ունեցավ «Renderforest» ընկերության կողմից կազմակերպված «Reinvent» թվային համաժողովը։ Երրորդ ամենամյա համաժողովը նվիրված էր  չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը։ Համաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ ձեռներեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի և դիզայն ոլորտների վերաբերյալ։

Գավառի պետական համալսարանից համաժողովին մասնակցեցին Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակիցներ Արթուր Միրիբյանը, Կարեն Սիրականյանը, Հայրիկ Զարգարյանը, բնագիտանտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր խմբերի ուսանողներ՝ Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ։

Համաժողովի ընթացքում շուրջ 40 ոլորտային առաջատար փորձագետներ կիսվեցին իրենց գիտելիքներով, փորձով, հանդես եկան մասնագիտական խորհուրդներով: Համաժողովին որպես  խոսնակ ներառված էր նաև Վարազդատ Ավետիսյանը, ով  ներկայացրեց  «Արհեստական բանականության գրագիտություն․ նոր աշխարհի լեզուն, որը պետք է իմանալ» թեմայով զեկույց։ Ելույթի շրջանակներում անդարադարձ կատարվեց ԱԲ վերջին զարգացումներին և այդ համատեքստում ԱԲ գրագիտության կարևորությանն ու կիրառման առանձնահատկություններին։

Համալսարանականները շրջեցին ‹‹Woods›› կենտրոնում, ծանոթացան ենթակառուցվածքներին, գրադարանին, ինչպես նաև ուսանողների համար նախատեսված ծառայություններին և հնարավորություններին։

Համաժողովն ավարտվեց պանելային քննարկմամբ՝ «Գրատախտակից չաթբոթ. Ինչ սովորել և ինչպես սովորեցնել» թեմայով։ Բանախոսները կարևորեցին հիմնարար գիտելիքը,  անդրադարձան արհեստական բանականության զարգացման արդյունքում կրթության վերափոխման հիմնահարցերին, ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, դրանց լուծման ուղիներին։

 

 ՀԱՆԴԵՍ  ԵԿԱՆ  ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ԳՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցում են միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերին։

Ս․ թ․ հոկտեմբերի 27-ին ԳՊՀ ‹‹Էրազմուսյան օրերի›› շրջանակում ներկայացվեցին համալսարանի իրականացրած՝ Եվրոպական միության «ERASMUS+» ակադեմիական շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած և դաասավանդած ուսանողների ու դասախոսների շնորհանդես-հաշվետվությունները։

Հետաքրքիր և ուսուցողական հաշվետվություն ներկայացրեց Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյանը, ով դասախոսություններով հանդես էր եկել Պորտուգալիայի Հանրապետության Մինհոյի համալսարանում։

Ռուզաննա Սարգսյանը իր խոսքում նշեց, որ ակադեմիական փոխանակման ծրագրերին մասնակցելը կարևոր նշանակություն ունի, քանի որ նպաստում է եվրոպական լավագույն փորձի ներդրմանը Գավառի պետական համալսարանի կրթական գործընթացում, պայմաններ է ստեղծում հետագա համագործակցության համար, ինչպես նաև  դասախոսներին թույլ է տալիս իրենց հաջողված մեթոդները կիրառել արտերկրի բուհերում՝ ներկայացնելով եվրոպացի գործընկերներին։

Բովանդակալից հաշվետվություններ ներկայացրին «Իրավագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Մելինե Նադարյանը, ով սովորել էր Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանում, «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նատաշա Բաղդասարյանը, ով սովորել էր Իտալիայի Թագավորության Սապիենզայի համալսարանում, ինչպես նաև Պորտուգալիայի Հանրապետության Ավեյրոյի համալսարանում ուսանած ԳՊՀ «Տնտեսագիտություն» բաժնի  4-րդ կուրսի ուսանող Արծրուն Նաջարյանը։

Ուսանողները կիսվեցին տարբեր երկրներ շրջագայություններից ստացած իրենց տպավորություններով, ցուցադրեցին տեսանյութեր։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը խրախուսեցին համալսարանականներին՝ 2024-2025 ուսումնական տարում ևս ակտիվորեն մասնակցելու Եվրոպական միության «ERASMUS+» ծրագրերին։

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ 13-ՐԴ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

2024 թվականի հոկտեմբերի 18-20-ը անցկացվեց ՄԱԿ-ի փախստականների գծով Գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ-ը) և ‹‹Առաքելություն Հայաստան›› հասարակական կազմակերպության համատեղ կազմակերպած՝ ‹‹Փախստականների իրավունքներ›› խորագիրը կրող 13-րդ հերթական աշնանային դպրոցը ապագա իրավաբանների, հետազոտողների և փախստականների իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված անձանց  համար։

Արդեն 13-րդ տարին է, որ ապագա իրավաբաններրը ստանում են գիտելիքներ և փորձ փախստականների իրավունքի փորձագետների կողմից, որոնք գործունեություն են ծավալում ՄԱԿ ՓԳՀ-ում՝ փախստականների պաշտպանության առաջատար միջագային կազմակերպությունում, Հայաստանի միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում, դատական համակարգոմ, փաստաբանական և իրավապաշտպան ոլորտում։

Եռօրյա դասընթացը Աղվերանում համախմբեց մոտ քառասուն մասնակիցների՝ հիմնականում իրավաբանական կլինիկաների ուսանողներին Գավառի պետական համալսարանից, Երևանի պետական համալսարանից, Երևանի «Հյուսիսային» և Գյումրու «Պրոգրես» համալսարաններից։

Գավառի պետական համալսարանի պատվիրակների կազմում էին իրավագիտության ամբիոնի դասախոս Անի Ամիրյանը, իրավագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողներ Մելինե Նադարյանը, Նելլի Պողոսյանը, Արտակ Խաչատրյանը, Էլմիրա Պողոսյանը, Ալեն Այվազյանը, ովքեր ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին և դատախաղին։

Դասընթացի ընթացքում ուսանողների ուշադրությանը ներկայացվեցին փախստականների պաշտպանության ոլորտի տարաբնույթ թեմաներ՝  փախստականների միջազգային իրավունքը, ՀՀ ներպետական օրենսդրությունը, փախստականների պաշտպանության հիմնարար սկզբունքները,  փախստականների կարգավիճակի որոշման ընթացակարգը, միջազգային պաշտպանության ներառման և բացառման դրույթները, Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց սոցիալական ու տնտեսական իրավունքները։

Եռօրյա դպրոցը եզրափակվեց դատախաղով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառել ձեռք բերած նոր գիտելիքները։

Փախստականների իրավունքի աշնանային դպրոցն անցավ աշխույժ մթնոլորտում՝ համեմված գործնական վարժություններով, քննարկումներով և հարցուպատասխանով։

Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին շնորհվեցին հավաստագրեր։

 

 

 

 

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Erasmus +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում սովորելու Ալմերիայի համալսարանում՝ հետևյալ մասնագիտություններով․
Ֆինանսներ, բանկային գործ և ապահովագրություն,
Մարքետինգ /Շուկայագիտություն/ և գովազդ,
Անգլերեն լեզու:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Ծրագրի դիմումներն ընդունվում են մինչև 2024թ․ նոյեմբերի 3-ը։
Փաստաթղթերը /անձնագրի պատճեն, կենսագրություն, ակադեմիական տեղեկանք, «հետաքրքրության» նամակ, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք/ անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am էլեկտրոնային փոստին։
Հարգելի՛ ուսանողներ, օգտվեք միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի ընձեռած հնարավորությունից։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ  ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ‹‹ԷՐԱԶՄՈՒՍՅԱՆ ՕՐԵՐ››

Գավառի պետական համալսարանում անցկացվում են ‹‹Էրազմուսյան օրեր››, որի ընթացքում ս․ թ․հոկտեմբերի 18-ին ուսանողներին և դասախոսներին ներկայացվեցին Եվրոպական միության ‹‹Էրազմուս+›› միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերը (Հիմնական գործողություն՝ ՀԳ-1), ‹‹Էրազմուս+›› կարողությունների զարգացման ծրագրերը (ՀԳ-2), ակադեմիական շարժունության ծրագրերին մասնակցելու հնարավորություններն ու պայմանները, ինչպես նաև բովանդակալից և հետաքրքիր հաշվետվություններով հանդես եկան եվրոպական բուհերում վերապատրաստում անցած, դասավանդած և ուսանած համալսարանականները։

ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրեց Իսպանիայի Թագավորության Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում կայացած միջազգային շաբաթի արդյունքները։   Տիկին Թոռչյանը Մուրսիայի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում ներկայացրել էր Հայաստանի Հանրապետության Գավառ քաղաքը, նկարագրել ԳՊՀ գործունեության հիմնական ուղղությունները, միջազգայնացման տեսլականը, այդ ուղղությամբ կատարվող ակտիվ աշխատանքները։

ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը ներկայացրեց Ռումինիայի Հանրապետության Տիմիշոարայի Արևմտյան համալսարանում վերապատրաստման արդյունքները։

Հաշվետվությամբ հանդես եկան նաև հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առկա բաժնի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Արուսյակ Սմբաթյանը, ով հաջողությամբ ուսանել է Պորտուգալիայի Հանրապետության Էվորայի համալսարանում և բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի առկա բաժնի «Տնտեսագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանը, ով սովորել է Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանում և ուսումնառությունն ավարտել բարձր միավորներով։

Հանդիպմանը ներկա էին ուսանողներ, ինչպես նաև Գավառի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանների աշակերտները՝ աշխարհագրության ուսուցչուհի Լիլիթ Սահակյանի ղեկավարությամբ։

‹‹Էրազմուսյան օրեր››-ի նպատակն է բուհի ուսանողներին, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամներին տալ սպառիչ պատասխաններ Եվրոպական միության ‹‹Էրազմուս+›› միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերին դիմելու ընթացակարգի և պայմանների վերաբերյալ։

ԳՊՀ ‹‹Էրազմուսյան օրեր››-ը շարունակվում են։

ԽՈՐԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ՀԱՅՏՆՈՒՄ ‹‹ՀՈՎԱՆԻ›› ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ

Այսօր Գավառի պետական համալսարան այցելեց ‹‹Հովանի›› կրթական հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արմեն Ալիխանյանը և հիմնադրամի անունից ուսման կիսամյակային վարձավճարի փոխհատուցման հավաստագրեր հանձնեց բուհի 19 ուսանողի։ Պարոն Ալիխանյանը կարևորեց գիտելիքը՝ որպես հաջողության երաշխիք, և ուսանողներին կոչ արեց լինել ակտիվ, նախաձեռնող, աշխատասեր ու նպատակասլաց, դրսևորել բարձր առաջադիմություն և ստանձնել անձնական պատասխանատվություն իրենց կրթության որակի, կյանքի ընթացքի, երազանքների իրականացման համար։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը խորին երախտագիտություն հայտնեց ‹‹Հովանի›› կրթական հիմնադրամի բարերարներին, հոգաբարձուների խորհրդի անդամներին, տնօրենի պաշտոնակատար Արմեն Ալիխանյանին՝ ուսանողներին հովանի լինելու, բարոյական և նյութական աջակցություն ցուցաբերելու համար։

ԳՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ  ԵՄ ‹‹ERASMUS+ KPI4HE›› ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑՔԸ

Ս․ թ․ հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ Գավառի պետական համալսարանի ռեկտորատի հերթական նիստը, որի օրակարգի համաձայն քննարկվեցին Եվրոպական միության ‹‹ERASMUS+ KPI4HE. Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի համար գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրի շրջանակում ս․ թ․ սեպտեմբերի 23-ից 28-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Օլդենբուրգի համալսարանում տեղի ունեցած վերապատրաստման արդյունքները։ Ծրագրի աշխատանքային խմբի անդամ, ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը ներկայացրեց Օլդենբուրգի համալսարանում տեղի ունեցած վերապատրաստման ընթացքն ու արդյունքները, ծրագրի առաջնահերթությունները, աշխատանքային հանդիպումները, քննարկվեցին ծրագրի շրջանակում ԳՊՀ-ի կողմից կատարվելիք աշխատանքները։ Վերապատրաստմանը մասնակցել են  ԳՊՀ պրոռեկտոր Ն․ Կուտուզյանը, Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանը, Որակի ապահովման  բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը, Ակադեմիական քաղաքականության բաժնի վարիչ Օլգա Ղազարյանը, Արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը։

ԳՊՀ-ՈՒՄ  ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ՄՐՑՈՒՅԹ

Ս․ թ․ հոկտեմբերի 17-ին Գավառի պետական համալսարանի «Տնտեսագետների ակումբ»-ի նախագահ, «Ֆինանսներ» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Ավագյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ինտելեկտուալ խաղ-մրցույթ։

Մրցեցին «Իմացության հորիզոն» և «Մտքի թևեր» անվանումներով թիմերը՝ բաղկացած «Ֆինանսներ», «Հաշվապահական հաշվառում» և «Տնտեսագիտություն» բաժինների  ուսանողներից։

Ինտելեկտուալ խաղ-մրցույթն անցկացվեց երկու փուլով։ Առաջին խաղափուլի ընթացքում հնչեցին 10 հարցեր, որոնց խմբերը տվեցին ճիշտ պատասխաններ հավասարապես։ Երկրորդ խաղափուլի ընթացքում մրցեցին խմբերի ավագները` «Տնտեսագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Արմինե Սաֆոյանն ու Մերի Փուրթոյանը։

Խաղն ավարտվեց «Մտքի թևեր» թիմի հաղթանակով։

Ինտելեկտուալ խաղ-մրցույթի ընթացքում «Ֆինանսներ» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Անի Վարդանյանն ասմունքեց Պարույր Սևակի «Որդուս» բանաստեղծությունը, իսկ նույն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Նավոյանը` Վահան Տերյանի «Աշնան» ստեղծագործությունը։ Մասնակիցները փաստեցին, որ խաղը հետաքրքիր էր և ուսուցողական։

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան