‹‹ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ››․ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ ԳՊՀ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանում կայացավ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիների բեմելը՝ «Բարև, մե՛նք ենք» խորագիրը կրող միջոցառմամբ։ Ցերեկույթը վարում էին նույն ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհիներ Լաուրա Մանուկյանը և Քրիստինե Բատիկյանը, որոնք ներկայացրին  միջոցառման խորհուրդը՝ համալսարանական ընտանիք նոր ուսանողներ ընդունելու գեղեցիկ ավանդույթը: «Իրավագիտություն», «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությունների առաջին կուրսերի ուսանողները ներկայացրին իրենց նախասիրություններն ու ձեռքբերումները, անդրադարձան ընտրած մասնագիտության կարևորությանն ու առանձնահատկություններին՝ կիսվելով նաև բուհի մասին իրենց տպավորություններով:

Ուսանողներին ջերմորեն շնորհավորեցին և հաջողություններ մաղթեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը:

Միջոցառումն ուղեկցվեց բովանդակալից սահիկաշարով, հետաքրքիր  բեմականացմամբ, երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով: Համալսարանականներին ողջունեց Գավառի նորաստեղծ «Ռեստարտ Պրոջեքթ» երաժշտական համույթը, որի անդամներն են ծնունդով Արցախից, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցի շրջանավարտ Լիաննա Շահոյանը, Գավառի արվեստի դպրոցի դաշնամուրի բաժնի շրջանավարտ Սիրենա Շահինյանը և Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Սողոյանը:

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի առաջին կուրսեցիները միասնաբար ասացին․ «Բարև, մե՛նք ենք, և մենք կարևորում են կրթությունը որպես հաջողության ճանապարհ»։

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան