ՇՆՈՐՀԱՎՈՐ  ԱՄԱՆՈՐ  ԵՎ  ՍՈՒՐԲ  ԾՆՈՒՆԴ  

Ջերմորեն շնորհավորում ենք Գավառի պետական համալսարանի ուսանողների, դասախոսների, աշխատակիցների, շրջանավարտների, բարերարների, բարեկամների և գործընկերների, մեր բոլոր հայրենակիցների Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Մաղթում ենք, որ 2025 թվականը լինի խաղաղ, ստեղծագործ աշխատանքի, արդյունավետ ուսումնառության, գիտահետազոտական և նորարարական ոլորտներում ձեռքբերումների, բոլոր բնագավառներում հաջողությունների, զարգացման ու առաջընթացի տարի։

Նոր տարի, գալուստդ բա՛րի։

ԳՊՀ ռեկտորատ

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԷՎՈՐԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Հանրապետության Էվորայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ իրավագիտության ամբիոնի դասախոս Լուսինե Բախտիկյանը Էվորայի համալսարանում մասնակցեց մեկշաբաթյա վերապատրաստման։
Նա հանդիպեց պրոռեկտոր Խոսե Սարագոսայի, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկան Սիլվերիո Հոշայի, հասարակական գիտությունների ամբիոնի ավագ խորհրդատու Լեոնոր Ռոշայի, ինչպես նաև միջազգային կապերի բաժնի աշխատակիցների հետ, ներկայացրեց Գավառի պետական համալսարանի արտաքին կապերն ու իրականացրած եվրոպական ծրագրերը։
Վերապատրաստման ընթացքում գործընկեր բուհի ներկայացուցիչներն անդրադարձան ուսումնական ծրագրերի մշակման սկզբունքներին, ուսանողների գիտելիքների ստուգման ու գնահատման համակարգին, կրթության բովանդակային ու կազմակերպական խնդիրներին, ներկայացրին Էվորայի համալսարանի ենթակառուցվածքները։
Դասընթացի ավարտին տիկին Բախտիկյանին շնորհվեց հավաստագիր։

ՏԱՐՎԱ ՉՈՐՍ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ «ՓԵՐԻՆԵՐԸ»՝ ԳՊՀ-ՈՒՄ

Գավառի պետական համալսարանում 2024 թվականը եզրափակվեց «Տարվա չորս եղանակների փերիները» խորագրով թատերական ներկայացմամբ, որը կազմակերպել էին «Սերվիս» բաժնի ուսանողները՝ օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանի ղեկավարությամբ։
Ուսանողների ամանորյա շնորհավորանքներին, Սուրբ ծննդյան երգին ու պարին հաջորդեց Ձմեռ պապի այցը, ով ներկաների համար պատրաստել էր հետաքրքիր անակնկալներ։ Ապա հանդես եկան տարվա չորս եղանակների փերիները։ Նրանք գեղեցիկ և տպավորիչ կերպարներով, վարժ անգլերենով, կատարողական վարպետությամբ հաջորդաբար ներկայացրին տարվա բոլոր եղանակները՝ կարևորելով բնության գարնանային զարթոնքը, ամառային ոսկե տրամադրությունը, երփներանգ ու զգլխիչ աշունն ու սպիտակաթույր ձմեռը։
Ներկայացումն ավարտվեց 2025 թվականին խաղաղության և ներդաշնակության հաստատման բաղձալի մաղթանքով։

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ՝ ԿԱՆԱՉ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գավառի պետական համալսարանի հետ համագործակցությամբ` Մարզային նախաձեռնությունների և զարգացման ծրագրերի կենտրոնի կողմից իրականացվեց «Կանաչ տեխնոլոգիաների շրջիկ էքսպո» իրազեկման միջոցառում։

Նախաձեռնության նպատակն էր բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի մասին, ինչպես նաև խթանել կանաչ տեխնոլոգիաների կիրառումը տեղական համայնքներում։

Նախապես պատրաստվել էին պաստառներ և տեղեկատվական թերթիկներ, որոնք ներառում էին արևային ֆոտովոլտային համակարգերի և ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև ջերմամեկուսիչ նյութերի մատակարարների մասին տեղեկատվություն։

«Կանաչ տեխնոլոգիաների շրջիկ էքսպո»-ն միտված է նպաստելու Գեղարքունիքի մարզում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։

ԼՈՒԻԶԱ ՄԵՅ ԷԼՔՈԹԻ «ՓՈՔՐԻԿ ԿԱՆԱՅՔ»՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանի նախաձեռնությամբ և «Անգլերեն լեզու եւ գրականություն» բաժնի ուսանողուհիների մասնակցությամբ համալսարանում կայացավ Լուիզա Մեյ Էլքոթի՝ «Փոքրիկ կանայք» վեպի բեմականացումը:
Ուսանողուհիները վարժ անգլերենով, դերասանական հմուտ խաղով և գեղեցիկ բեմական հագուստներով հանդիսատեսին փոխանցեցին 1868 թվականին գրված վեպի առանցքային դրվագները և հեղինակի հիմնական ուղերձը, որը համամարդկային է և արդիական։ Ներկայացվեց ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի ժամանակ չորս դեռատի քույրերի դժվարին կյանքը, որոնք ապրում էին Մասաչուսեթս նահանգի Կոնկորդ քաղաքում։ Հանդիսատեսին հուզեցին քույրերի ապրումները, նրանց փոխհարաբերությունները, կյանքի իմաստի փնտրտուքը, առաջին սիրո, հույսերի ու հիասթափությունների, փորձություններին բախվելու և դրանց դիմագրավելով՝ ապրելու պատմությունը։
Բեմականացումը դիտեցին և բարձր գնահատեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողները, ինչպես նաև Գավառի ավագ դպրոցի ուսուցչուհի Ամալյա Զոլյանը և աշակերտները։

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՍԵՐՎԻՍ ԲԱԺՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐԱՄԱՅԻՍ ԱՎԱԳՅԱՆԻՆ

Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի «Սերվիս» բաժնի ուսանողներն իրենց դասախոսի՝  աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյանի նախաձեռնությամբ կազմակերպեցին ցերեկույթ՝ «Սեր առ հայրենիք և սերվիս» խորագրով։

Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան գեղեցիկ երաժշտական և պարային կատարումներով, բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրին սերվիսի նշանակությունը, զբոսաշրջության տեսակները, դրանց զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև ներկայացրին առաջարկություններ՝ տուրիզմի ոլորտը Գեղարքունիքի մարզում զարգացնելու և առկա ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու վերաբերյալ։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները  շնորհակալություն հայտնեցին պարոն Ավագյանին և ուսանողներին՝ կարևորելով մասնագիտական ոլորտում նվիրյալ աշխատանքով հայրենիքը շենացնելու հրամայականը։

 

ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

Ս․ թ․ դեկտեմբերի 25-ին Գավառի պետական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի ղեկավար Մոհամմադ Ասադի Մովահեդին։
Հյուրին ողջունեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Կայացավ հանդիպում բուհի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ։ Քննարկվեցին հայ-իրանական բազմադարյան պատմամշակութային կապերն ու առնչությունները, անդրադարձ կատարվեց իրանական և հայկական պոեզիային ու փիլիսոփայությանը, կարևորվեց համագործակցությունը մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին գործակցության հնարավորությունները՝ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, ուսանողների փոխանակման, միջմշակութային հաղորդակցության զարգացման ուղղություններով։ Պարոն Մոհամմադ Ասադի Մովահեդինը եղավ Գավառի պետական համալսարանի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։

ԲԱՑ-ԴԱՍ` ԳՊՀ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում կայացավ բաց դաս՝ «Համեմատական մանկավարժություն» առարկայից։ Դասի ընթացքում «Պատմություն» և «Հայոց լեզու և գրականություն» բաժինների մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները՝ հասարակակական գիտությունների ամբիոնի դասախոս Արմինե Դավթյանի նախաձեռնությամբ, վիրտուալ էքսկուրս կազմակերպեցին դեպի Հնդկաստան՝ ներկայացնելով Հնդկաստանի կրթական համակարգը, զուգահեռներ անցկացնելով Հայաստանի կրթական համակարգի հետ, նշելով առանձնահատկությունները։
Դասը հագեցած էր և բովանդակալից։ Տպավորիչ հնդկական կոլորիտը, սանդալի բույրը, ուսանողների կերպարները՝ ավանդական տարազային տարրերով, ավելի հետաքրքիր և ուսուցողական միջավայր էին ապահովում։ Դասի ընթացքում կիրառվեցին մանկավարժական նորարարական տեխնոլոգիաներ, խաղային մեթոդներ, ներկայացվեցին ուսանողների պատրաստած ֆիլմերը։ Մագիստրանտներին հաջողվեց ներկաներին դարձնել դասի ակտիվ մասնակից և նրանց փոխանցել հնդկական տրամադրությունը:
Ուսուցողական բաց դասն ամփոփեցին հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսներ Նաիրա Իսկանդարյանն ու Վարսիկ Ներսիսյանը՝ բարձր գնահատելով դասախոսի և ուսանողների կատարած աշխատանքը։

ԿԱՅԱՑԱՎ  ԳՊՀ  ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ  ԽՈՐՀՐԴԻ  ՆԻՍՏԸ

‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը գումարեց նիստ, որը հրավիրել և վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը։ Օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ներկայացրեց համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը, 2024 թվականի  ֆինանսական հաշվետվությունը և 2025 թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը, ‹‹Գավառի պետական համալսարան›› հիմնադրամի 2025 թվականի  կառուցվածքը և հաստիքացուցակը, որոնք հաստատվեցին խորհրդի կողմից։

Հոգաբարձուների խորհուրդը ընտրեց հիմնադրամի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ իրականացնող ընկերությանը։

Քննարկվեցին նաև  ընթացիկ հարցեր։

ԱՅՍՕՐ ԳՊՀ ՀԻՄՆԱԴԻՐ ՌԵԿՏՈՐ ՀՐԱՆՏ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Այսօր կլրանար Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 97-րդ տարեդարձը։ Հրանտ Հակոբյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 17-ին Նոր Բայազետի շրջանի (այժմ` Գեղարքունիքի մարզի) Սարուխան գյուղում` արհեստավորի ընտանիքում: 1944 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը: 1944-1946 թվականներին աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: 1946-1948 թվականներին սովորել և ավարտել է Կամոյի (այժմ` Գավառի) մանկավարժական տեխնիկումը: Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: 1948-ից 1950 թվականներին` երկու տարվա ընթացքում, գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը: 1950-1954 թվականներին որպես ուսուցիչ աշխատել է Բասար-գեչարի շրջանի (այժմ` Վարդենիսի), ապա Կամոյի շրջանի Կարմիրգյուղի, Բատիկյանի (այժմ` Գանձակ գյուղի) դպրոցներում, այնուհետև նշանակվել է Գեղարքունիք գյուղի դպրոցի ուսմասվար: Աշխատանքին զուգահեռ` Հրանտ Հակոբյանը 1954 թվականին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ և 1956 թվականին գերազանցությամբ, էքստեռն կարգով ավարտել այն: Ունենալով պատմաբանի և բանասերի մասնագիտություն՝ սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան` փիլիսոփայություն մասնագիտությամբ:
1956 թվականին Հրանտ Հակոբյանը նշանակվել է Սարուխանի միջնակարգ դպրոցի տնօրեն և այդ պաշտոնում աշխատել մինչև 1962 թվականը: Նրա կազմակերպական փայլուն տաղանդի, հմուտ մանկավարժական կարողությունների շնորհիվ դպրոցը դարձավ շրջանի առաջատար կրթօջախներից մեկը, և տնօրենի աշխատանքը բազմիցս խրախուսվեց ՀԽՍՀ լուսավորության նախարարության կողմից:
Նա 1962 թվականին նշանակվում է Կամոյի կուսշրջկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ: Երկու տարի անց դարձյալ վերադառնում է կրթության ոլորտ, քանզի մանկավարժությունը Հրանտ Հակոբյանի տարերքն էր: 1964 թվականին աշխատանքի է հրավիրվում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ և աշխատում է մինչև 1985 թվականը` որպես ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ, ապա ամբիոնի վարիչի տեղակալ:
Հրանտ Հակոբյանը 1973 թվականին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն, 1978 թվականին ստանում դոցենտի կոչում: 1990 թվականին Հակոբյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն` ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1991 թ-ին նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում:
1985 թվականին Հրանտ Հակոբյանը ընտրվում է Երևանի պետական համալսարանի աթեիզմի տեսության և պատմության միջբուհական ամբիոնի վարիչ:
Նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ ԵՊՀ գիտական խորհուրդը վերանայում է ուսումնական պլանները, և մայր բուհում սկսում են դասավանդել ոչ թե աթեիզմի տեսություն, այլ «Կրոնների պատմություն և տեսություն» առարկան, ինչն այդ ժամանակի համար բացառիկ խիզախ քայլ էր: Այդ նորարարությունն իր տարածումն է գտնում նաև մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Հրանտ Հակոբյանը ակտիվ մասնակցություն է ունենում ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրման գործում, և ֆակուլտետում շուրջ մեկ տասնամյակ ղեկավարում է Կրոնագիտության ամբիոնը:
Որտեղ էլ աշխատել է պրոֆեսոր Հակոբյանը, սերտ կապերով կապված է եղել իր ծննդավայրի հետ, նրա միտքը միշտ զբաղեցրել է Գավառում բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելու խնդիրը: 1991 թվականին` ԽՍՀՄ փլուզումից հետո, նորանկախ երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում խիստ դժվարացել էր հեռավոր շրջաններից մայրաքաղաք հասնելը, Երևանում բնակվելը և բարձրագույն կրթություն ստանալը: Էականորեն պակասել էր նաև Գավառի տարածաշրջանից բուհ ընդունվողների թիվը: Այդ ծանր ժամանակահատվածում հայրենասեր հայորդին նախաձեռնեց Գավառում բուհ ստեղծելու հայրենանվեր գործը, և նրա ջանքերով ու ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ հիմնադրվեց Գավառի պետական համալսարանը, որի հիմնադիր ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Հակոբյանը: Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 2006 թվականը` իր ողջ ուժերը, եռանդը, մանկավարժական, կազմակերպչական փորձն ու գիտելիքները ներդնելով համալսարանի կայացման, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման և ժամանակակից ուսումնական հաստատություն ձևավորելու գործին: 2006 թվականի մարտին Հրանտ Հակոբյանն ընտրվեց ԳՊՀ խորհրդի նախագահ:
Բազմամյա արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար պրոֆեսոր Հակոբյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, պատվոգրերի և մեդալների:
1987 թվականին պարգևատրվել է «ԽՍՀՄ աշխատանքի վետերան» մեդալով, ապա արժանացել ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալի, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալի: 2008 թվականին ստացել է Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի հուշամեդալը, իսկ 2010 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով ստացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի կոչում: Պարոն Հակոբյանի գիտամանկավարժական բեղուն գործունեության միջազգային հավաստումն է նաև այն, որ նա Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի կողմից ճանաչվել է «XXI դարի նշանավոր մտավորականներից» մեկը: Հրանտ Հակոբյանը Գավառի պատվավոր քաղաքացի է: Հեղինակ է մեկ տասնյակ մենագրությունների ու գրքերի, ավելի քան 100 գիտական ու հրապարակախոսական հոդվածների:
Հրանտ Հակոբյանը պայծառ անհատականություն էր, որ 2011 թվականից սկսեց իր երկնային երթը՝ շարունակելով ապրել իր գործերով, ապրել մարդկանց սրտերում և հոգիներում, իր հազարավոր աշակերտների և ուսանողների, բյուր գործընկերների ու ընկերների, իր ժառանգների մեջ:
Հրանտ Խաչատուրի Հակոբյանը հավերժի ճամփորդ է։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան