«ՃԱՆԱՉԻ՛Ր ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ»․ ‹‹ԲԱՑ ԴՌՆԵՐԻ›› ՕՐ՝ ԳՊՀ-ՈՒՄ

ԳՊՀ-ում տեղի ունեցավ ‹‹Բաց դռների›› օր՝ «Ճանաչի՛ր Գավառի պետական համալսարանը» խորագրով, նվիրված բարձր դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։ Համալսարան այցելեցին աշակերտներ և ուսուցիչներ՝ Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջից, Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցից, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցից, Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցից, Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցից, Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցից։ ԳՊՀ մասնագիտությունները ներկայացրին «Տնտեսագիտություն» բաժնի ուսանողուհիներ Սոնա Հարությունյանն ու Արմինե Սաֆոյանը, «Ֆինանսներ» բաժնի ուսանող Մանվել Գևորգյանը, «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի ուսանողուհի Արուսյակ Սմբաթյանը։ Նրանք անդրադարձան իրենց ընտրած մասնագիտությունների կարևորությանն ու առանձնահատկություններին, խոսեցին ուսանողական հետաքրքիր և հագեցած առօրյայի մասին։ ԳՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Լաուրա Մանուկյանը և ուսանողական գիտական ընկերության նախագահ Մերի Փուրթոյանը ներկայացրին բուհի ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվ գործունեությունը, սովորողների և դասախոսների մասնակցությունը ԳՊՀ իրականացրած միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերին։
Միջազգային շարժունության ծրագրի մասնակից Արմինե Սաֆոյանն ու Արուսյակ Սմբաթյանը ներկայացրին եվրոպական բուհերում ուսումնառության իրենց փորձը, կիսվեցին տարբեր երկրներ շրջագայություններից ստացած իրենց տպավորություններով, աշակերտներին հորդորելով տիրապետել օտար լեզուների և հետագայում մասնակցել միջազգային ծրագրերին։
Իրենց գեղեցիկ կատարումներով ներկաներին ողջունեցին ԳՊՀ ուսանողուհիներ Գոհար Ավետիսյանը, Սառա Յազերյանը, Մելինե Քոչարյանը։
ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը ներկայացրեց բուհում ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքները, կրթական հնարավորությունները, միջազգային համագործակցության և սոցիալական աջակցության ծրագրերը, ինչպես նաև անդրադարձավ 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության քննություններին։
Միջոցառումն ամփոփեցին ԳՊՀ դեկաններ Մարտին Ավագյանը և Թաթուլ Ասոյանը, ամբիոնների վարիչներ Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը և Վարազդատ Ավետիսյանը՝ աշակերտներին կոչ անելով լավ սովորել, կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն և դառնալ որակյալ մասնագետ։

ԳՊՀ ‹‹ՖԵՄԻԴԱ›› ԹԻՄԸ՝ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ-ԴԱՏԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Գավառի պետական համալսարանի իրավագիտության բաժնի ուսանողների «Ֆեմիդա» թիմը մասնակցեց Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում կազմակերպված, քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղին։
ԳՊՀ «Ֆեմիդա» թիմի անդամներն էին իրավագիտության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Գալուստ Գասպարյանը, Վան Սիմոնյանը և բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհիներ Մելինե Նադարյանը և Նելլի Պողոսյանը։
Ժյուրիի կազմում էին ՀՀ վերաքննիչ դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը, դատավոր Ռոբերտ Պապոյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արմինե Ֆանյանը և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Վինֆրիդ Շուբերտը:
Գրավոր փուլը հաղթահարեցին մասնակցության հայտ ներկայացրած 9 թիմից 5-ը։ Բանավոր փուլին մասնակցեցին ԵՊՀ-ն, ԳՊՀ-ն և Հայաստանում ֆրանսիական համալսարանը ներկայացնող թիմերը։
Ժյուրիի որոշմամբ Գավառի պետական համալսարանի «Ֆեմիդա» թիմը հաղթող ճանաչվեց «Գրավոր լավագույն պաշտպանական դիրքորոշում» անվանակարգում։
Շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողներին և մաղթում հետագա հաջողություններ։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան