ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ԲԱՆԱԼԻՆ՝ ԳԱՎԱՌԻՑ  ԱՊԱՐԱՆԻՆ

Ս․ թ․ դեկտեմբերի 10-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառից 2025 թվականի՝ մայրաքաղաքի տիտղոսին արժանացած Ապարանին բանալիի հանձնման հանդիսավոր արարողությունը։

Խորհրդանշական արարողությունը կատարեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և Ապարանի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանը։ Պարոն Մարտիրոսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, բոլոր ելույթ ունեցողները նշեցին ողջ տարում Գավառում կայացած բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումների մասին, որոնք նոր որակ հաղորդեցին տարածաշրջանի երտասարդների առօրյային։

2024 թվականի ընթացքում Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքում ակտիվ գործունեություն ծավալած երիտասարդները և կազմակերպությունները խրախուսվեցին։

Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին հանձնեց Գավառի պետական համալսարանի շնորհակալագիրը՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գավառ համայնքում իրականացված միջոցառումներին աջակցության, ակտիվ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար։

 

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԲԱՑ ԴԱՍ՝  ՆՎԻՐՎԱԾ ԳԵՆԵՐԱՏԻՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Գավառի պետական համալսարանում կայացավ բաց դաս-սեմինար՝ նվիրված գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) կիրառություններին և զարգացման հեռանկարներին: Սեմինարն անցկացրեց ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը:

Բաց դասին մասնակցեցին ուսանողներ, աշակերտներ և ուսուցիչներ Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջից, Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցից, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցից։

Պարոն Ավետիսյանը հանգամանալից  ներկայացրեց ԱԲ-ի հիմնական հասկացությունները և տեսակները, դրանց ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, գեներատիվ ԱԲ-ի գործիքների մի շարք կիրառություններ (chatGPT, Claude.AI, , Midjourney,stability.ai,  suno.ai և այլն)։ Բաց դաս-սեմինարն անցկացվեց փոխներգործուն մեթոդներով: Մասնակիցները լսարանում կիրառեցին որոշ ԱԲ գործիքներ և ներկայացրին  արդյունքները, դասախոսի հետ քննարկեցին ոլորտի զարգացման հեռանկարները, հնարավորություններն ու մարտահրավերները։

Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների համար ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը անցկացրեց նաև մասնագիտական կողմնորոշմանը նվիրված ուսուցողական դաս, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, որից հետո հյուրերը եղան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան