Ս․ թ․ դեկտեմբերի 7-8-ը կայացավ պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերի նախաձեռնած ամենամյա՝ 2024 թվականի Համաշխարհային մարքեթինգային գագաթնաժողովը (WMS-2024), որի ընթացքում ներկայացվեցին հետաքրքիր զեկուցումներ շուկայաբանության ոլորտի արդի թեմաների վերաբերյալ, քննարկվեցին այնպիսի կարևոր հիմնախնդիրներ, ինչպիսին են թվային բիզնեսի փոխակերպումները և արհեստական բանականության ինտեգրումը շուկայավարման ռազմավարություններին:
Մարքեթինգի համաշխարհային գագաթնաժողովը գլոբալ բիզնեսի աշխարհում սպասված իրադարձություն է, որն այս տարի համախմբեց ավելի քան 100 երկրների ներկայացուցիչների, այդ թվում՝ պետությունների ղեկավարների, բիզնես առաջնորդների, գիտնականների:
Գավառի պետական համալսարանի դասախոսները և ուսանողներն առցանց մասնակցեցին գագաթնաժողովին, ապա քննարկեցին ուշագրավ զեկուցումները՝ կարևորելով համաշխարհային տնտեսական զարգացման արդի միտումների, մարքեթինգային նորարարական պրակտիկաների իմացությունը, լավագույն փորձի կիրառումը։
Սիրով շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բուհերի լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման 2024 թվականի մրցույթի երկրորդ փուլի արդյունքներով հաղթող ճանաչված բոլոր ուսանողներին, այդ թվում՝ ‹‹ՀՀ լավագույն ուսանող›› տիտղոսին արժանացած Գավառի պետական համալսարանի՝
1․ ուսանողական խորհրդի նախագահ, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ‹‹Հայոց լեզու և գրականություն›› բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Լաուրա Հայկի Մանուկյանին՝ բակալավրի կրթական ծրագրով Հայագիտության ոլորտում 1-ին տեղ զբաղեցնելու համար,
2․ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ‹‹Պատմություն›› բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լուսինե Արտակի Պողոսյանին՝ մագիստրոսի կրթական ծրագրով Հումանիտար գիտությունների ոլորտում 2-րդ տեղ զբաղեցնելու համար,
3․ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ‹‹Համակարգչային ճարտարագիտություն›› բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Վերոնիկա Սամվելի Բաղոյանին՝ բակալավրի կրթական ծրագրով Բնագիտական ոլորտում 3-րդ տեղ զբաղեցնելու համար։
Բոլոր ուսանողներին մաղթում ենք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։
Ս․ թ․ դեկտեմբերի 10-ին Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառից 2025 թվականի՝ մայրաքաղաքի տիտղոսին արժանացած Ապարանին բանալիի հանձնման հանդիսավոր արարողությունը։
Խորհրդանշական արարողությունը կատարեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և Ապարանի համայնքապետի տեղակալ Հրայր Մկրտչյանը։ Պարոն Մարտիրոսյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, բոլոր ելույթ ունեցողները նշեցին ողջ տարում Գավառում կայացած բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումների մասին, որոնք նոր որակ հաղորդեցին տարածաշրջանի երտասարդների առօրյային։
2024 թվականի ընթացքում Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքում ակտիվ գործունեություն ծավալած երիտասարդները և կազմակերպությունները խրախուսվեցին։
Փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին հանձնեց Գավառի պետական համալսարանի շնորհակալագիրը՝ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում Գավառ համայնքում իրականացված միջոցառումներին աջակցության, ակտիվ մասնակցության և արդյունավետ համագործակցության համար։
Գավառի պետական համալսարանում կայացավ բաց դաս-սեմինար՝ նվիրված գեներատիվ արհեստական բանականության (ԱԲ) կիրառություններին և զարգացման հեռանկարներին: Սեմինարն անցկացրեց ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը:
Բաց դասին մասնակցեցին ուսանողներ, աշակերտներ և ուսուցիչներ Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջից, Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցից, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցից։
Պարոն Ավետիսյանը հանգամանալից ներկայացրեց ԱԲ-ի հիմնական հասկացությունները և տեսակները, դրանց ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, գեներատիվ ԱԲ-ի գործիքների մի շարք կիրառություններ (chatGPT, Claude.AI, , Midjourney,stability.ai, suno.ai և այլն)։ Բաց դաս-սեմինարն անցկացվեց փոխներգործուն մեթոդներով: Մասնակիցները լսարանում կիրառեցին որոշ ԱԲ գործիքներ և ներկայացրին արդյունքները, դասախոսի հետ քննարկեցին ոլորտի զարգացման հեռանկարները, հնարավորություններն ու մարտահրավերները։
Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների համար ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը անցկացրեց նաև մասնագիտական կողմնորոշմանը նվիրված ուսուցողական դաս, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին, որից հետո հյուրերը եղան բուհի՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։
Սիրով տեղեկացնում ենք, որ ս․ թ․ դեկտեմբերի 6-ին, ժամը՝ 13:00-ին Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի կունենա բարձր դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը նվիրված բաց դաս։ Դասը կկայանա ԳՊՀ կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /3-րդ հարկ/։
Միաժամանակ, ս․ թ․ դեկտեմբերի 7-ին, ժամը՝ 13:00-ին նույն լսարանում կկայանա «Գեներատիվ արհեստական բանականություն /ԱԲ-AI/․հնարավորություններ և կիրառություններ» թեմայով սեմինար-դասախոսություն, որը կվարի ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։
Սեմինար-դասախոսության շրջանակներում կներկայացվի․
- Գեներատիվ ԱԲ հիմնական հասկացությունները,
- ԱԲ սոցիալ-տնտեսական ազդեցությունը և զարգացման միտումները,
- Գեներատիվ ԱԲ մի շարք գործիքների կիրառություններ։
Սիրով հրավիրում ենք բարձր դասարանների աշակերտներին, ուսուցիչներին, ուսանողներին, դասախոսներին, թեմայով հետաքրքրված անձանց մասնակցելու վերոնշյալ բաց դասերին։