ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ԼԱՈՒՐԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

‹‹-Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:
-Ես Լաուրա Մանուկյանն եմ, ծնվել եմ 2002 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: 2009-2021 թվականներին սովորել և ավարտել եմ Սարուխանի Հ. Խաչատրյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցը: 2021 թվականին անվճար հիմունքներով ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի 1-ին կուրս: Այժմ սովորում եմ 4-րդ կուրսում: 2024 թվականից ընտրվել եմ Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ: Մասնակցել եմ մի շարք ուսանողական գիտաժողովների, միջոցառումների, ունեմ տպագրված հոդվածներ:
2024 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» մրցույթում հայագիտական ոլորտում զբաղեցրել եմ 1-ին հորիզոնականը։
-Ի՞նչ տվեց Գավառի պետական համալսարանը Ձեզ:
-Գավառի պետական համալսարանն իմ առաջ բացեց շատ դռներ և ինձ համար հարթեց մի հետաքրքիր ու գեղեցիկ ճանապարհ, որի մի մասն անցել եմ և շարունակում եմ վստահ քայլերով առաջ շարժվել:
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
-Կյանքում ինձ համար առաջնայինն անկեղծությունն է ու բարությունը: Ինչպես ասել է Մառլեն Դիտրիխը,- «Այնքան հեշտ է լինել բարի։ Պետք է պարզապես դնել քեզ դիմացինի տեղը՝ մինչև սկսել նրան դատել»։
-Ի՞նչ երազանքներ ունեք։
-Ունեմ գունագեղ երազանքներ, որոնք դառնում են նպատակներ և որոնցից բխում են գործողության ծրագրեր։ Ես ձգտում եմ իմ ծրագրերը հաջորդաբար կյանքի կոչել։
-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
-Ազնվություն, արդարություն, բարություն և լավատեսություն։
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։
-Ազատ ժամանակ սիրում եմ ընթերցել, երաժշտություն լսել, մասնակցել տարբեր թեմաներով դասընթացների, միջոցառումների, սեմինարների։
-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ
տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ
լավագույնը։
-Մեր սիրելի ուսանողներին խորհուրդ կտամ լինել աշխատասեր ու ընթերցասեր, լավ սովորել և իրականացնել իրենց նպատակները, դառնալ իրենց համայնքի ակտիվ անդամ, պետության բարեխիղճ ու պատասխանատու քաղաքացի, որակյալ մասնագետ և ամենակարևորը՝ առաքինի մարդ››։
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության
բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը
Scroll to Top
Գավառի պետական համալսարան