‹‹- Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:
-Ես Լուսինե Արտակի Պողոսյանն եմ, ծնվել եմ 2000 թվականի հունվարի 24-ին, Գավառ քաղաքում։ 2006-2018 թվականներին սովորել և ավարտել եմ Գավառի ավագ դպրոցը։ Հենց իմ հարազատ դպրոցում է ձևավորվել ապագա մասնագիտությանս նկատմամբ հետաքրքրությունը։ Ես երախտապարտ եմ դպրոցիս և ուսուցչական ողջ անձնակազմին։
2018 թվականին կատարել եմ ճիշտ ընտրություն՝ ընդունվել եմ Գավառի պետական համալսարան։ 2022 թվականին գերազանցությամբ ավարտել եմ ԳՊՀ հեռակա ուսուցման ֆակուլտետի «Պատմություն» բաժինը։ Այնուհետև ընդունվել և շարունակում եմ սովորել ԳՊՀ մագիստրատուրայում՝ իմ սիրելի «Պատմություն» մասնագիտությամբ։ Ուսումնառության ընթացքում մասնակցել եմ մի շարք լրացուցիչ կրթական ծրագրերի, միջազգային և հանրապետական ուսանողական գիտաժողովների։ Տպագրվել են 13 գիտական հոդվածներ, որոնք իմ հարգարժան դասախոսների աջակցությամբ կատարված հետազոտական աշխատանքի արդյունք են։ Հետազոտությանս առանցքն է կազմում իմ հայրենի քաղաքում գործող թանգարանը․ կարևորում եմ երկրագիտական թանգարանների դերը տարածաշրջանային պատմության պահպանման, հանրահռչակման, համայնքին իր իսկ պատմությանը հասու դարձնելու տեսանկյունից։
-Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:
Անգնահատելի է համալսարանի ներդրումը իմ անձնական աճի, մասնագիտական կարողությունների ձեռքբերման ճանապարհին։ Շնորհիվ Գավառի պետական համալսարանի՝ ինձ համար բացվեց դեպի գիտություն տանող ճանապարհը, մայր բուհում գիտահետազոտական աշխատանքը դարձավ կարևոր և սիրելի։
Հարազատ բուհում իմ հաջողության պատմությունը կերտելիս՝ ճանաչվել եմ նախ Գավառի պետական համալսարանի, ապա Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող։ «ՀՀ լավագույն ուսանող» տիտղոսին արժանանալը և՛ մեծագույն պատիվ է, և՛ պարտավորություն՝ մասնագիտական գիտելիքների և կարողությունների ողջ ներուժը ծառայեցնելու ի բարօրություն հայրենիքի։
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
-Առաջնային են ընտանիքս ու հայրենիքս, մասնագիտական պատասխանատվությունը և սիրելի ոլորտում կայացումը։
— Ի՞նչ երազանքներ ունեք։
-Հավատացած եմ, որ մեր փոքր ու մեծ երազանքներից են ծնունդ առնում հստակ նպատակները, որոնք դառնում են կարևոր գործեր։ Ուստի, երազանքներս դարձնում եմ նպատակ և քայլում դեպի նպատակ տանող ճանապարհով։ Այս պահին ամենամեծ երազանքս հայոց երկրի բարօրությունն ու խաղաղությունն է։
-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
-Դավանում եմ աստվածաշնչյան պատգամներին։
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։
-Գնահատելով ժամանակի արժեքը՝ աշխատում եմ ազատ ժամանակ չունենալ։ Սիրում եմ ընթերցել, զբաղվել հետազոտական աշխատանքով, զարգացնել մասնագիտական կարողություններս։
— Դուք նաև մանկահասակ երեխայի մայր եք։ Ինչպե՞ս եք համատեղում ուսանողուհու և երիտասարդ մայրիկի կարգավիճակները։
-Հնարավոր է համատեղել, երբ կա կամք, սովորելու մեծ ցանկություն և վճռականություն, իսկ թիկունքումդ ունես կողակցիդ և ընտանիքիդ անվերապահ աջակցությունը։ Հենց այդ աջակցության շնորհիվ` առանց վարանելու շարունակել եմ ուսումս ԳՊՀ մագիստրատուրայում, իսկ տղաս ինձ ավելի է ոգեշնչում, դառնում իմ հաջողությունների աղբյուրը։
-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ լավագույնը։
-Հաջողելու և լավագույնը լինելու գրավականն են անձանձիր աշխատանքը և նպատակասլացությունը։
Խորհուրդս իմ կրտսեր ընկերներին՝ պատասխանատվությամբ և ամենայն հարգանքով վերաբերվել սեփական մասնագիտությանը, զբաղվել գիտահետազոտական աշխատանքով, օգտվել ԳՊՀ ընձեռած բացառիկ հնարավորությունից՝ զարգացնելու հետազոտական կարողությունները և դառնալու ժամանակի պահանջված մասնագետը։
-Սիրելի՛ Լուսինե, մեր հարցազրույցը կայացավ Ձեր ծննդյան օրը, ուստի ջերմորեն շնորհավորում ենք ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ։ Միշտ արժանի լինեք ‹‹Լավագույնի›› կոչմանը››։
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության
բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը