ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ, օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Լիլիթ Թոռչյանը մասնակցեց Իսպանիայի Թագավորության Ալմերիայի համալսարանում տեղի ունեցած ամառային դպրոցին, որին մասնակցում էին ուսանողներ և դասախոսներ Հայաստանի, Ալբանիայի, Բոսնիայի, Բրազիլիայի, Կանադայի, Չիլիի, Կոլոմբիայի, Էկվադորի, Մոնտենեգրոյի, Մոլդովայի, Մարոկկոյի, Պաղեստինի, Թունիսի, Հարավային Կորեայի և Ուրուգվայի մի շարք համալսարաններից։ Ամառային դպրոցի նպատակն էր՝ միջմշակութային և միջազգային համատեքստում տարբեր մասնագիտությամբ սովորող ուսանողներին հաղորդել ճկուն հմտություններ /soft skills/` գործնական մոտեցմամբ ինտենսիվ ներածական դասընթացների շնորհիվ։
Լիլիթ Թոռչյանը ամառային դպրոցի ընթացքում հանդես եկավ դասախոսությամբ, որի թեման էր՝ Voices and Verses․ գրավոր և բանավոր անգլերենի հմտությունների զարգացում։ Դասընթացի նպատակն էր՝ ավելացնելու ուսանողների ինքնավստահությունը՝ իրենց մտքերն օտար լեզվով բանավոր և գրավոր կերպով արտահայտելիս՝ ինտերակտիվ առաջադրանքների և առօրյա կյանքում հանդիպող իրավիճակների ներկայացման շնորհիվ։ Ներկայացվեցին համոզիչ բանավոր և ստեղծարար գրավոր խոսքին բնորոշ հիմնական հատկանիշները և դրանց տիրապետելու հիմնական ուղիներն ու հնարքները։ Շեշտադրվեց հատկապես բառապաշարի ընդլայնման, լեզվական ոճի, համապատասխան ռեգիստրի և լեզվական կառույցների ճիշտ ընտրությունը՝ սահուն հաղորդակցական հմտությունների ձեռքբերման նպատակով։ Լեզվակիրների օրինակով ուսանողերը ծանոթացան այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են գեղեցիկ և արտահայտիչ գրավոր և բանավոր խոսք ունենալու համար։
Դասախոսական աշխատանք կատարելուց բացի Լիլիթ Թոռչյանը մասնակցեց «Շեքսպիրը՝ փոքր էկրանին» խորագրով վերապատրաստման դասընթացին, որը նախատեսված էր դասախոսական կազմի համար։
Որպես Գավառի պետական համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերի համակարգող՝ Լ․ Թոռչյանը Ալմերիայի համալսարանի Միջազգային գրասենյակի աշխատակիցների հետ քննարկեց միջազգային կրեդիտային շարժունության և կարողությունների զարգացման, ինչպես նաև Horizon 2020 ծրագրերին մասնակցելու նոր հնարավորություններ, մասնակցեց մշակութային մի շարք միջոցառումների։
ԳՊՀ 28-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 10-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Գավառի պետական համալսարանի 28-րդ տարեկան գիտաժողովի 10-րդ բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ բնական գիտությունների վերաբերյալ։ Զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մարտին Ավագյանը՝ համահեղինակությամբ ԳՊՀ դասախոսներ՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարույր Էֆենդյանի և տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Հովհաննիսյանի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Գևորգ Ազգալդյանի հետ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյանը ներկայացրեց զեկուցում ԳՊՀ դասախոս Մարինե Հովհաննիսյանի հետ համահեղինակությամբ, իսկ քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Գրիգորի Այվազյանը՝ համահեղինակությամբ ՀԱԱՀ դասախոս, դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հայաստան Հակոբյանի հետ։ Գիտաժողովին մասնակցեց և զեկուցումներով հանդես եկավ նաև գիտական խումբ՝ ՀԱԱՀ դասախոս, անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնի ավագ գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վալերի Գրիգորյանը, ՀԱԱՀ դասախոս, անասնաբուժության և անասնաբուժական սանիտարական փորձաքննության հետազոտական կենտրոնի տնօրեն, անասնաբուժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիանա Գրիգորյանը, նույն կենտրոնի գիտաշխատողներ Սպարտակ Երիբեկյանը, Էրիկ Նիկողոսյանը, Վարդան Բաղդասարյանը, Արեն Առստամյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու Ժաննա Մելքոնյանը։ Իր հետազոտության արդյունքները ներկայացրեց նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի Ա. Լ Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հոգեմետ միացությունների սինթեզի լաբորատորիայի՝ «Իոնական հեղուկների մշակումը և կիրառությունները քիմիայում» գիտական խումբը՝ խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ ժամանակավոր պաշտոնակատար, քիմիական գիտությունների թեկնածու Արփինե Հարությունյանը, խմբի անդամներ, գիտաշխատողներ Աննա Հովհաննիսյանը, Անահիտ Սաքեյանը, Տիգրանուհի Կարապետյանը։ ՀԱԱՀ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արման Հարությունյանը՝ համահեղինակությամբ Ալլա Պողոսյանի, ներկայացրեց գինու տուրիզմի պորտուգալական փորձը և դրա ներդրման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում։ Հանդես եկավ նաև
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, Արարատի պետական բժշկական քոլեջի դասախոս Հռիփսիմե Խաչատրյանը՝ Նադեժդա Պետրոսյանի հետ համահեղինաակությամբ։ Զեկուցումները բազմաբնույթ էին, ուղեկցվում էին հետաքրքիր շնորհանդեսներով և մասնագիտական քննարկումներով։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գավառի պետական համալսարանի առաջին կուրսի սիրելի՛ ուսանողներ, շնորհավորում ենք ձեզ բուհ ընդունվելու առիթով և տեղեկացնում, որ Հայ օգնության ֆոնդի 2025-2026 ուսումնական տարվա կրթական ծրագրերի մրցույթին մասնակցելու համար ուսանողները պետք է ներկայացնեն առցանց դիմում ՀՕՖ-ի պաշտոնական կայքի միջոցով (կայքի հղումը՝ https://www.farusa.org/ )։
ՀՕՖ-ի բոլոր կրթավճարների մասին տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև դիմումները լրացնելու համար կայքի որոնման տիրույթից (մենյուից) անհրաժեշտ է ընտրել “What We Focus” կոճակը, իսկ այնուհետև ընտրել “Education” բաժինը։
Առձեռն դիմումներ չեն ընդունվում։
Դիմում հայտերը կընդունվեն մինչև ս. թ. օգոստոսի 8-ը։
ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ՝ «RESEARCHER CONNECT» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Սույն թվականի հունիսի 9-ից մինչև հունիսի 19-ը անցկացվեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված «Researcher Connect» հետազոտական առցանց դասընթացը, որին մասնակցեցին հայաստանյան 25 մասնագետներ՝ Հայաստանի Հանրապետության բուհերից և գիտահետազոտական կազմակերպություններից։ Մասնակիցների ընտրությունն անցկացվել էր մրցակցային պայմաններում. շուրջ 100 հայտերից ընտրվել էին լավագույն 25-ը։ Դասընթացին մասնակցելու նպատակով ընտրվել էին նաև Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը և ԳՊՀ դասախոս Սաթենիկ Տիգրանյանը։ Հուլիսի 18-ին կայացավ վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում «Researcher Connect» առցանց դասընթացն հաջողությամբ ավարտած անդամներին շնորհվեց վկայագրեր: Վկայագրերը հանձնեցին Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդեհ Հովասափյանը և ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։
Դասընթացի փակման հանդիսավոր արարողության ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց տպավորությունները, նորարարական գաղափարները, համագործակցային այլ հետազոտական ծրագրեր։
CASEKEY ԲԻԶՆԵՍ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԲԱՅԱԶԵՏ» ԹԻՄԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 3-ՐԴ ՏԵՂԸ
CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթի շրջանակներում անցկացվող երկրորդ փուլի առաջին իրավիճակային խնդրի լուծման արդյունքում Գավառի պետական համալսարանի «Բայազետ» թիմը առաջադրված բիզնես խնդրին լուծում ներկայացրած 24 թիմերից զբաղեցրել է երրորդ տեղը՝ առաջին և երկրորդ տեղերը զբաղեցնող թիմերից հետ մնալով ընդամենը մեկ միավորով (առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած թիմերը ստացել են 23 միավոր,մեր թիմը՝ 22միավոր)։
ԳՊՀ «Բայազետ» թիմում ընդգրկված են Տնտեսագիտություն բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանը, նույն բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Օլյա Ավետիսյանը, Ֆինանսներ բաժնի 1-ին կուրսի ուսանողուհիներ Օֆելյա Մանուկյանը, Անահիտ Ասատրյանը, Սերվիս բանի 1-ին կուրսի ուսանողուհիներ Մելինե Քոչոյանը, Սառա Յազերյանը:
Թիմի մարզինչներն են ԳՊՀ շրջանավարտ, Գավառի ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս Վարդան Գարեյանը և մագիստրատուրա Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 1-ին կուրսի ուսանող Սամվել Մանուկյանը։
Մրցույթը համախմբում է համալսարանական լավագույն մտքերը՝ հարթակ ստեղծելով վերլուծական մտածողության, ռազմավարական պլանավորման և նորարարական լուծումների զարգացման համար: ԳՊՀ ԲՏՖ ուսանողները հանդես են եկել ինքնուրույն մշակված ռազմավարությամբ։
ԳՊՀ ուսանողները ոչ միայն ցուցաբերեցին մասնագիտական գիտելիքներ և վերլուծական կարողություններ, այլև փայլեցին թիմային աշխատանքի, հաղորդակցման և ստեղծարար մտածողության մեջ:
ԳՊՀ ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է սիրելի ուսանողներին և մաղթում նորանոր հաջողություններ:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՂԱՄԱ ԵՐԿՐԻ ԳՐՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ ԵՎ ՁԵՌԱԳԻՐ ՄԱՏՅԱՆՆԵՐԻՆ
ԲԱՐԻՆ ԸՆԴ ՁԵԶ, ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍԻՐԵԼԻ՛ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐ
Հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը, Գավառի պետական համալսարանում կայացավ 2024-2025 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների շնորհման հանդիսավոր արարողությունը։ Համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, ճանապարհեց շրջանավարտների 28-րդ սերնդին։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ողջունեց և ջերմորեն շնորհավորեց բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին, շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին, ընտանիքների անդամներին, երախտագիտություն հայտնեց ԳՊՀ բոլոր բարերարներին, համալսարանի ողջ աշխատակազին և նշեց, որ ևս 188 երիտասարդ մասնագետ համալրեց համալսարանի ութ հազարից ավելի շրջանավարտների բանակը, ովքեր իրենց ներդրումն են ունենում հասարակության և պետության զարգացման գործում։
Հնչեց ԳՊՀ մագիստրոսի երդումը, և շրջանավարտներն ասացին իրենց երախտիքի խոսքը՝ ընդգծելով այն փաստը, որ համալսարանը պատրաստում է ոչ միայն որակյալ մասնագետներ, այլև առաքինի անհատներ և բարեխիղճ քաղաքացիներ։ Նրանք խորին երախտագիտություն հայտնեցին բուհի հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանին, համահիմնադիր Հրանուշ Հակոբյանին և համալսարանի նվիրյալ պրոֆեսորադասախոսական կազմին։
Շրջանավարտներին դիպլոմներ շնորհեցին և բարեմաղթանքներ հղեցին ԳՊՀ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, ֆակուլտետների դեկաններ Թաթուլ Ասոյանը, Մարտին Ավագյանը, ամբիոնների վարիչներ Համլետ Ղաջոյանը, Սամվել Ամիրխանյանը, Հակոբ Ղուլոյանը, Գայանե Միրիբյանը, Վարազդատ Ավետիսյանը, «Համակարգչային ճարտարագիտություն» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Գեղամ Կարոյանը։ Շրջանավարտներին իրենց գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի երգի ուսուցիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Գրիգոր Բալագոզյանը, նույն դպրոցի դաշնամուրային բաժնի շրջանավարտ Սամվել Գասպարյանը, Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի սան Սամվել Խաչատրյանը, ինչպես նաև Մարտունու Ներքին Գետաշեն համայնքի «Անի» պարային համույթի շնորհալի սաները, որոնց գեղարվեստական ղեկավարն է ԳՊՀ հեռակա բաժնի 2025 թվականի շրջանավարտ Անի Իսոյանը։
Դիպլոմների շնորհումն ուղեկցվեց ոգեշնչող ուղերձներով և շրջանավարտների հաջողության հուզիչ պատմություններով։ Միջոցառումը վարեցին Ռոզա Աբրահամյանը և Նարե Բաբայանը՝ մաղթելով, որ շրջանավարտների կյանքի անփոփոխ ուղենիշները լինեն բարին ու գեղեցիկը, մարդկայինն ու լուսավորը։
Բարի՛ն ընդ ձեզ, Գավառի պետական համալսարանի սիրելի՛ շրջանավարտներ։