Այսօր կլրանար Գավառի պետական համալսարանի հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Խաչատուրի Հակոբյանի ծննդյան 98-ամյակը։
Հրանտ Հակոբյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 17-ին Նոր Բայազետի շրջանի Սարուխան գյուղում՝ արհեստավորի ընտանիքում։ 1944 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև աշխատել կոլտնտեսությունում։ 1946–1948 թվականներին սովորել և ավարտել է Կամոյի մանկավարժական տեխնիկումը, ապա կրթությունը շարունակել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում՝ իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ այն ավարտելով սեղմ ժամկետում` 2 տարում, գերազանց առաջադիմությամբ։
1950–1954 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ և ուսմասվար Գեղարքունիքի մի շարք դպրոցներում։ Զուգահեռաբար երկրորդ բարձրագույն կրթությունն է ստացել բանասիրության գծով, իսկ հետագայում ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ փիլիսոփայություն մասնագիտությամբ։
1956–1962 թվականներին ղեկավարել է Սարուխանի միջնակարգ դպրոցը՝ այն դարձնելով շրջանի առաջատար կրթօջախներից մեկը։ 1964 թվականից մինչև 1985 թվականը աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում՝ զբաղեցնելով ավագ դասախոսի, դոցենտի, ապա ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնները։ 1973 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1990 թվականին՝ դոկտորական ատենախոսություն՝ արժանանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի և պրոֆեսորի կոչման։
1985 թվականից ղեկավարել է Երևանի պետական համալսարանի միջբուհական ամբիոնը, որի գործունեության շրջանակում նրա նախաձեռնությամբ աթեիզմի տեսության փոխարեն բուհերում սկսվել է «Կրոնների պատմություն և տեսություն» առարկայի դասավանդումը։ Նա կարևոր դեր է ունեցել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հիմնադրման գործում՝ շուրջ մեկ տասնամյակ ղեկավարելով Կրոնագիտության ամբիոնը։
Հրանտ Հակոբյանի կյանքի մեծագույն գործը Գավառում բարձրագույն ուսումնական հաստատության հիմնադրումն էր։ Նրա և դստեր՝ Հրանուշ Հակոբյանի ջանքերով և ՀՀ կառավարության 1993 թվականի մայիսի 5-ի որոշմամբ հիմնադրվեց Գավառի պետական համալսարանը։ Հրանտ Հակոբյանը իր գիտամանկավարժական ու կազմակերպչական ներուժը ներդրեց համալսարանի կայացման և զարգացման գործում։
Պրոֆեսոր Հակոբյանը պարգևատրվել է բազմաթիվ պետական ու միջազգային մրցանակներով և մեդալներով, արժանացել ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչման, ճանաչվել Քեմբրիջի միջազգային կենսագրությունների կենտրոնի կողմից որպես «XXI դարի նշանավոր մտավորականներից» մեկը։ Նա հեղինակ է տասնյակ մենագրությունների, ավելի քան հարյուր գիտական և հրապարակախոսական հոդվածների։
2011 թվականից Հրանտ Խաչատուրի Հակոբյանն ավարտեց իր երկրային ուղին՝ շարունակելով ապրել իր գործերով, մարդկանց հիշողության, հոգու և սրտի մեջ։
Հրանտ Խաչատուրի Հակոբյանը հավերժի ճամփորդ է։