Այսօր Գավառի պետական համալսարանում նշվեց գիտելիքի և դպրության օրը։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց բուհի ուսանողներին և դասախոսներին սեպտեմբերմեկյան տոնի՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, շնորհավորեց առաջին կուրսեցիների համալսարանամուտը՝ մաղթելով արդյունավետ ուսումնառություն:
Բարձր միավորներ վաստակած և անվճար հիմունքներով ԳՊՀ ընդունված առաջին կուրսեցիները ստացան խորհրդանշական նվեր՝ «Էջեր Գավառի պետական համալսարանի հիմնադրման պատմությունից» գիրքը, որի հեղինակը բուհի հիմնադիր-ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Գավառի պատվավոր քաղաքացի Հրանտ Հակոբյանն է։ Համալսարանում ներդաշնակորեն միահյուսվում են ավանդականն ու արդիականը, գեղեցիկն ու օգտակարը, անհրաժեշտն ու հաճելին։ Եվ ինչպես նախորդ տարիներին, 2024 թվականի սեպտեմբերի 1-ին նույնպես գիտելիքի աշխարհ տանող խորհրդանշական բանալին առաջին կուրսեցիներին փոխանցեցին մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ ուսանողները՝ իրենց կրտսեր ընկերներին խորհուրդ տալով ջանասիրաբար սովորել և կերտել հուսալի ապագա։
ԳՊՀ առաջին կուրսի ուսանողները, ոտք դնելով բուհի կամարներից ներս, դաշինք կնքեցին հարազատ բուհի հետ, որը հաստատեցին երդմամբ։
Առաջին զանգի ղողանջների ներքո մեկնարկեց նոր ուսումնական տարեշրջանը։
Բարի՜ գալուստ և բարի՜ երթ, 2024-2025 ուսումնական տարի։
Սեպտեմբերմեկյան տոնին՝ Գիտելիքի և դպրության խորհրդանշական օրը Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հավաստագրեր հանձնեց 2023 թվականին «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված ԳՊՀ ուսանողներին։
Հավաստագրեր ստացան՝
- ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի «ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի, 2023 թվականին «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում՝ բակալավրի կրթական ծրագրով հասարակագիտության ոլորտում 1-ին հորիզոնականը զբաղեցրած Ռոզա Վեզիրի Աբրահամյանը,
- ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի շրջանավարտ, 2023 թվականին «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով «Հայագիտության» ոլորտում 1-ին հորիզոնականը զբաղեցրած Թեհմինե Կարենի Բատիկյանը,
- ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի, 2023 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում բակալավրի կրթական ծրագրով «Հայագիտության» ոլորտում 1-ին հորիզոնականը զբաղեցրած Քրիստինե Հրայրի Բատիկյանը և
- ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի մագիստրատուրայի շրջանավարտ, 2023 թվականին «ՀՀ լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում մագիստրոսի կրթական ծրագրով «Բնագիտության» ոլորտում 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Անուշ Հակոբի Բաղդասարյանը:
«Լավագույն ուսանող»-ի տիտղոսակիրներն իրենց երախտիքի խոսքը հղեցին հարազատ կրթօջախին և սիրելի դասախոսներին՝ մշտապես իրենց աջակցելու և խրախուսելու համար, միաժամանակ կոչ արեցին առաջին կուրսի ուսանողներին անդադրում սովորել և ձգտել գերազանցության ու նորանոր հաջողությունների։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ` ս․ թ․ օգոստոսի 31–ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում առաջին կուրսի ուսանողների և նրանց ծնողների հետ:
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց առաջին կուրսեցիներին ու նրանց ծնողներին, ուսանողներին մաղթեց արդյունավետ ուսումնառություն և բարձր առաջադիմություն։
ԳՊՀ ռեկտորատի անդամները ներկայացրին բուհում ուսումնական գործընթացի կազմակերպման սկզբունքները, առկա կրթական հնարավորությունները, միջազգային համագործակցության և սոցիալական աջակցության ծրագրերը, ԳՊՀ էլեկտրոնային ուսուցման «Learn․gsu.am» համակարգից և էլեկտրոնային գրադարանից օգտվելու կանոնները, անդրադարձան սովորողներին առաջադրվող պահանջներին՝ նրանց կոչ անելով լինել աշխատասեր և նպատակասլաց։
Առաջին կուրսի ուսանողները ստացան տեղեկատվական թերթիկներ։
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ,
տեղեկացնում ենք, որ Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Հռոմի Սապիենզայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ ակադեմիական անձնակազմի անդամները՝ 2 շաբաթ դասավանդելու Սապիենզայի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մրցույթին կարող են դիմել ԳՊՀ բանասիրական, տնտեսագիտական ֆակուլտետների, ինչպես նաև հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի Իրավագիտություն բաժնի ուսանողները։
Մրցույթին մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․ թ․ հոկտեմբերի 9-ն է։
Ծրագրի մրցույթին դիմելու մանրամասների համար խնդրում ենք դիմել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 094 867716, 098 625326, 060 461299 հեռախոսահամարներով։
Մաղթում ենք հաջողություն։
ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին
Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը Գավառի պետական համալսարանի համար նշանավորվում է յուրովի, քանզի յուրաքանչյուր տարի այս օրը ջերմ ու հաճելի մթնոլորտում դիպլոմներ են շնորհվում առկա և հեռակա բաժինների բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին:
Այսօր բարձրագույն մասնագիտական կրթության վավերագիր՝ դիպլոմ ստացավ ԳՊՀ շրջանավարտների 27-րդ սերունդը, ով կմիանա ութ հազարից ավելի համալսարանականների բանակին, պատվով կծառայի մայր հայրենիքին ու ժողովրդին, քանզի Գավառի պետական համալսարանը ոչ միայն տալիս է մասնագիտական խորը գիտելիքներ ու կարողություններ, այլև նպաստում է ուսանողների լայն աշխարհայացքի, արժեքային ճիշտ կողմնորոշումների ու սկզբունքների ձևավորմանը։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին, բոլոր համալսարանականներին ու հյուրերին՝ նշելով, որ բուհում կրթության ու դաստիարակության ուղենիշը եղել և մնում է ազնիվ ու առաքինի, ազգային ու համամարդկային բարձր արժեքներով օժտված մասնագետներ պատրաստելու կարևոր առաքելությունը: Ռեկտորատի անդամները շնորհավորեցին շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական կայացում և առաջընթաց, անձնական ու աշխատանքային հաջողություններ:
Ավանդույթի համաձայն տեղի ունեցավ մագիստրոսների երդման հանդիսավոր արարողություն։
ԳՊՀ շրջանավարտներին իր գեղեցիկ կատարմամբ ողջունեց Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի ուսուցիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Գրիգոր Բալագոզյանը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացավ «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցեցին ՀՀ բուհերի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:
Աշխատաժողովը մեկնարկեց Հայաստանում ‹‹Էրազմուս›› ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախագծերի ղեկավար Դավիթ Ավագյանի և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի ողջույնի խոսքերով։
Աշխատաժողովի հիմնական խոսնակը Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (ԵՀԱ) Կառավարման, դրամաշնորհային և հասարակական քաղաքականության զարգացման տնօրեն, դոկտոր Թոմաս Էստերմանն էր։ Նա մասնակիցներին ներկայացրեց եվրոպական բարձրագույն կրթության համակարգում կիրառվող կառավարման մոդելները։ ՀՀ բուհերի ներկայացուցիչները խմբային աշխատանքի միջոցով քննարկեցին իրենց բուհերի կառավարման համակարգերը, դրանց ուժեղ և թույլ կողմերը, փորձեցին վեր հանել իրենց բուհի համար ցանկալի կառավարման մոդելը։ Այնուհետև Թոմաս Էստերմանը մասնակիցներին ներկայացրեց համագործակցային առաջնորդության և ղեկավարման առանձնահատկությունները, անդրադարձավ եվրոպական բուհերի ինքնավերլուծության լավագույն փորձին, բուհերի փոխարկերպման հաջողված ռազմավարություններին։
Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեցին արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը։
Նյութի աղբյուրը՝
Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակ
Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը, նախորդ տարիների պես, այս տարի ևս տրամադրում է 500.000 ՀՀ դրամի չափով կրթաթոշակ՝ բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող մասնագիտություններով թե՛ անվճար, և թե՛ վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին։
Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր
- բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական ծրագիրը ավարտում են 2025 թվականին (դիտարկվում են թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգում սովորողները),
- ունեն միջինից բարձր միջին որակական գնահատական /ՄՈԳ/,
- պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին։
Ծրագրի մասնակիցը դառանալու համար մանկավարժի որակավորումը պարտադիր չէ։ Ծրագրի մասնակիցներին դպրոցի աշխատավարձին զուգահեռ տրվում է լրացուցիչ 200․000 ՀՀ դրամի չափով ամենամսյա ֆինանսական աջակցություն։
Ավելին իմանալու համար կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://www.tfaforms.com/4927228
Հարցերի համար կարող եք կապ հաստատել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համալսարանական կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հետ։
( Հեռ։ +374 41 53 01 28, էլ-հասցե՝ arevik@teachforarmenia.org)
Գավառի պետական համալսարանի դասախոս, տենտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցել է «Լեռները և «լեռնային տեքստը» համաշխարհային պատմական և մշակութային գործընթացում» խորագիրը կրող միջազգային գիտա-գործնական կոնֆերանսին և ներկայացրել զեկուցում՝ «Լեռները որպես գեոմշակութային հասկացություն և հայեցակարգային տարր աշխարհի հայկական պատկերում՝ Մարտիրոս Սարյանի աշխատանքների օրինակով»։
Իր զեկուցման մեջ պրոֆեսոր Սահակյանն անդրադարձել է լեռների՝ որպես հայկական մշակույթի կարևոր բաղադրիչի դերին, ներկայացրել Մարտիրոս Սարյանի կտավները՝ այդ դիտանկյունից։ ԳՊՀ դասախոսի զեկուցումը մեծ հետաքրքրություն է առաջացրել կոնֆերանսի մասնակիցների շրջանում:
Կոնֆերանսին մասնակցությունը ևս մեկ հնարավորություն էր՝ օտարազգի մասնագետներին նեկայացնելու հայկական մշակույթի յուրահատկությունները և նպաստելու միջմշակութային երկխոսությանը: