«ԿՆՈՋԸ ԳՈՎԵՐԳՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ՄՈՒՍԱՆԵՐԸ»

Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ «Կնոջը գովերգում են բոլոր մուսաները» խորագրով ցերեկույթ՝ նվիրված Մայրության և գեղեցկության տոնին։ Միջոցառումը կազմակերպվել էր բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Նելլի Գրիգորյանի նախաձեռնությամբ։
Ցերեկույթը մեկնարկեց խորհրդանշական բեմադրությամբ՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման տեսարանով։ Գաբրիել հրեշտակապետի և Մարիամի հանդիպումը ներկայացվեց որպես մայրության, լույսի ու հավատքի խորհրդանիշ։ Միջոցառման ընթացքում հիշատակվեցին աշխարհահռչակ հայ կանայք, ովքեր բարձր են պահել մեր ժողովրդի անունն աշխարհի տարբեր անկյուններում։ Ուսանողներն իրենց խորին երախտագիտությունը հայտնեցին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի հիմնադիր նախարար, Գավառի պետական համալսարանի համահիմնադիր, հայտնի պետական-քաղաքական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանին՝ պետականաշինության, օրինաստեղծման, կրթության, գիտության ոլորտներում անգնահատելի ավանդի համար։
Տիկին Հակոբյանը կարևորեց կանանց դերը կյանքի շարունակականության ապահովման, աճող սերնդի կրթության և դաստիարակության, ազգային արժեքների պահպանման ու փոխանցման, գիտության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների զարգացման գործում: Ցերեկույթին մասնակցեցին և իրենց ջերմ շնորհավորանքն ու բարեմաղթանքները ԳՊՀ ուսանողուհիներին և կին դասախոսներին ուղղեցին «Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ Տիգրան Նիկողոսյանը, Երևանի թիվ 171 դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը, Գավառի քաղաքային գրադարանի տնօրեն Նարինե Նանագուլյանը, Գեղարքունիքի Վարդգես Պետրոսյանի անվան մարզային գրադարանի աշխատակազմը, Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մեթոդիստ Ռուզան Վարդանյանը։ Տոնական օրն իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով զարդարեցին Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի և Նորատոսի արվեստի դպրոցի սաները։

ԳՐՔԵՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-ԻՆ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՆԻՑ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով բաժինը Գավառի պետական համալսարանին նվիրեց ֆրանսերեն գրքեր: Գրքերը փոխանցեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով բաժնի կրթական համագործակցության պատասխանատու Դոմինիկ Վեսը։ Տիկին Վեսը հանդիպեց Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:
Գրքերի հավաքածուն կազմվել է Ֆրանսիայում գործող “Defis Humanitaires” մարդասիրական կազմակերպության նախագահ Ալեն Բուանեի նախաձեռնությամբ, ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնի հովանավորությամբ: Ծրագրին իրենց աջակցությունն են ցուցաբերել նաև Ֆրանսիայի Ազգային հրատարակչական միության նախագահ Վենսան Մոնտանը, Ռենո հրատարակչությունը և Օվերն-Ռոն-Ալպեր տարածաշրջանային իշխանությունները:
Նվիրատվության մեջ ներառված են ժամանակակից ֆրանսիական գրականության նմուշներ, որոնք կօգտագործվեն համալսարանի ֆրանսերեն լեզվի և գրականության դասընթացներում, ինչպես նաև կառաջարկվեն ֆրանսերեն լեզվին տիրապետող ընթերցողներին:

ԴԱՍԸ ՎԱՐՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ․ ԳՊՀ-ՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՆ

Կարևորելով պրակտիկայի դերը ուսումնառության գործընթացում՝ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի ուսանողները՝ դասախոս Քանաքարա Հայրապետյանի ղեկավարությամբ, անցկացրին գործնական դաս բակալավրիատի նույն բաժնի 1-ին և 2-րդ կուրսերում։ Դասը նվիրված էր Կիլիկյան թագավորությանը։ Նախ հարցում-խաղի միջոցով ամփոփվեց նախորդ թեման, ապա հարցադրումների և քննարկման ձևաչափով վերլուծվեց նոր թեման։ Դասը եզրափակվեց «Ի՞նչ գիտենք մենք պատմությունից» խաղ-վիկտորինայով՝ ուսանողների գիտելիքների ամրապնդման նպատակով։ Պրակտիկայի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը ամփոփեց դասը՝ ընդգծելով պրակտիկայի դերը կրթական գործընթացում։ Պարոն Ղաջոյանը նշեց, որ պրակտիկան օգնում է ուսանողներին ոչ միայն ձեռք բերելու նոր գիտելիքներ, այլև զարգացնելու գործնական կարողությունները։ Պատմական գիտությունների թեկնածու, ԳՊՀ որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը գնահատեց ուսանողների կողմից անցկացված դասը՝ կառուցվածքի, բովանդակության, մատուցման ձևի և արդյունքների տեսանկյուններից՝ միաժամանակ տալով խորհուրդներ, որոնք կօգնեն ուսանողներին ապագայում առավել արդյունավետ կազմակերպել և անցկացնել նմանատիպ դասեր։

ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ԱՎԵՅՐՈՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

 Գավառի պետական համալսարանն ակտիվորեն իրականացնում է ուսանողների և դասախոսների միջազգային ակադեմիական շարժունության ծրագրեր, որոնք ունեն կարևոր նշանակություն բարձրագույն կրթության որակի շարունակական բարելավման տեսանկյունից։ Դրանք նպաստում են առաջավոր փորձի փոխանակմանը, ստեղծում են հիմքեր երկարաժամկետ միջազգային համագործակցության համար։
Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյանը իրականացրեց դասախոսական աշխատանք Պորտուգալիայի Հանրապետության Ավեյրոյի համալսարանում։ Նա Ավեյրոյի համալսարանի լեզուների և մշակույթների դեպարտամենտում հանդես եկավ դասախոսություններով՝ նվիրված գործարար միջավայրում միջմշակութային հաղորդակցությանը, Պորտուգալիայի և Հայաստանի մշակութային կապերին։ Դեպարտամենտի պրոֆեսոր Անա Սանտուշի նախաձեռնությամբ ԳՊՀ դասախոսը վարեց սեմինար՝ կլոր սեղանի ձևաչափով “EdTech in Language Education: enhancing learning or replacing pedagogy?» թեմայով, որի շրջանակներում լեզուների և մշակույթների դեպարտամենտի ակադեմիական անձնակազմի անդամներին ներկայացրեց կրթական տեխնոլոգիաների ինտեգրման մոդելները լեզուների դասավանդման գործընթացում, ինչպես նաև EdTech-ի հնարավորությունները և մարտահրավերները։

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ դասախոսներ, աշխատակիցներ, հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Արհեստական բանականության գրագիտություն, «Prompt Engineering» խորագրով անվճար վերապատրաստման դասընթացին, որը վարում է ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։

Դասերը կանցկացվեն սույն թվականի ապրիլի 19-ին և 26-ին, ժամը՝ 14։30-ին, Գավառի պետական համալսարանի Կենտրոնական մասնաշենքի 223 համակարգչային լսարանում։

Սիրով սպասում ենք։

ԳՊՀ ռեկտորատ

 

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Գավառի պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնը կազմակերպեց «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությունների մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողների մագիստրոսական թեզերի նախապաշտպանություն։
Մասնագիտական գիտելիքների հարստացման և հետազոտական կարողությունների զարգացման, ինչպես նաև ավարտական աշխատանքների պաշտպանությանը պատշաճ նախապատրաստվելու նպատակով թեզերի նախապաշտպանությանը ներկա էին նաև վերոնշյալ մասնագիտությունների բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողները։
Առանձնակի ուշադրության արժանացան Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող ճանաչված «Պատմություն» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Լուսինե Պողոսյանի և «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Անիկ Ավետիսյանի կողմից ներկայացված հետազոտությունները, որոնք աչքի ընկան բովանդակային ամբողջականությամբ, հիմնավորված եզրակացություններով և առաջարկություններով։
Նախապաշտպանության ընթացքում ծավալվեց հետաքրքիր քննարկում, հնչեցին մասնագիտական հարցեր և օգտակար խորհուրդներ։ Թեզերի նախապաշտպանության արդյունքներն ամփոփեց ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՄԻՆՀՈ, ԱՎԵՅՐՈ ԵՎ ԷՎՈՐԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական  անձնակազմի հարգելի՛ անդամներ,  տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Պորտուգալիայի Մինհո համալսարանի միջև կնքված  պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն  2025-2026 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները՝ դասավանդելու կամ վերապատրաստվելու Մինհո, Ավեյրո, ինչպես նաև Էվորա  համալսարաններում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին և դասախոսներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ Application Guide  հղումով։

Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղմամբ․ https://uminho.moveonfr.com/locallogin/67d170d4f484e754ea054497/eng  :

Դիմումների ընդունման վերջնաժամկետը   2025թ. մայիսի 7-ն է։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։

Մաղթում ենք հաջողություն։

ԵՄ  «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE» ԾՐԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ս․ թ․ ապրիլի 9-ին Գավառի պետական համալսարանում տեղի ունեցավ Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ + KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային և կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման ու որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրի շրջանակում մշակված ԳԱՑԱՇ հայեցակարգի նախագծի քննարկում։

ԳՊՀ աշխատանքային խումբը առաջարկություններ ներկայացրեց  «Կրթություն, գիտություն, առաքելություն» և մյուս ուղղություններով սահմանված գործունեության առանցքային ցուցանիշների վերաբերյալ։ ԳՊՀ ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը նշեց  գործունեության առանցքային ցուցանիշների՝ ՀՀ բարձրագույն կրթության համակարգի զարգացման ռազմավարական նպատակներին համահունչ լինելու կարևորությունը։ Նշվեց նաև, որ անհրաժեշտ է գործունեության առանցքային ցուցանիշների հստակեցում, բովանդակային և մեթոդական հիմնավորում,  կազմակերպական ապահովում, այնպիսի կառուցակարգի մշակում և ներդնում, որով հնարավոր կլինի արձանագրել, մշտադիտարկել և վերլուծել ցուցանիշները, ձեռնարկել դրանց բարելավմանը միտված միջոցներ՝ համադրելով միջազգային չափանիշներին, հաշվի առնելով առաջավոր փորձը և ՀՀ բարձրագույն կրթության համակարգի  առանձնահատկությունները։ Գործունեության առանցքային ցուցանիշները պետք է սահմանվեն բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում և իրականություն դառնան որպես կատարողականի արդյունավետության ցուցիչներ՝ ապահովելով արդյունքահեն աշխատանք։ Իսկ ընդունվելիք ազգային շրջանակը տվյալների առավել համակարգված հավաքագրման, վերլուծության և կիրառման հնարավորություն կընձեռի՝ նպաստելով կրթական համակարգում առկա խնդիրների բացահայտմանն ու լուծմանը։

Ազգային մակարդակով չափելի ցուցանիշների առկայությունը կարող է նպաստել նաև բուհերի կառավարման արդյունավետությանը՝ առաջարկելով ռազմավարական պլանավորման  և ռեսուրսների ներդրման առավել արդյունավետ մեխանիզմներ։

Աշխատանքային խմբի անդամները նշեցին, որ գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակը թույլ կտա համեմատել տարբեր ուսումնական հաստատությունների կատարողական վերջնարդյունքները, բացահայտել ուժեղ և թույլ  կողմերը, իրականացնել համադրական  վերլուծություն և ձեռնարկել  արդյունքների բարելավմանն ուղղված միջոցներ։

Որպես ամփոփում նշվեց, որ բարձրագույն կրթության ոլորտում գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի ընդունումը կարևոր է՝ կայուն զարգացման, հաշվետվողականության ապահովման և շարունակական բարելավման ճանապարհին, նպաստելով կրթական վերջնարդյունքների հստակ ձևակերպմանն ու դրանց ձեռքբերմանը, կրթական համակարգի արդյունավետ գործունեությանը։

ՊՐԱԿՏԻԿԱՆԵՐԸ՝  ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ  ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ

Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսումնական ծրագրի կարևոր բաղադրիչ են պրակտիկաները, որոնց ընթացքում ուսանողները զարգացնում են իրենց գործնական կարողությունները։ ԳՊՀ «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ամալյա Մարտոյանը գիտամանկավարժական պրակտիկայի ընթացքում բակալավրիատի ուսանողների համար վարեց բաց դաս՝ «ՀՀ արտաքին պետական պարտքի կառավարումը բյուջետային քաղաքականության իրականացման համատեքստում» թեմայով։

Դասի ընթացքում Ամալյա Մարտոյանը մանրամասն ներկայացրեց Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի կառուցվածքը, կառավարման հիմնախնդիրները։ Նա անդրադարձավ պարտքի կայունության ցուցանիշներին, պարտքի սպասարկման ռիսկերին և դրանց նվազեցման հնարավորություններին։

Ուսանողուհին հատուկ ուշադրություն դարձրեց բյուջետային քաղաքականության ազդեցությունը պետական պարտքի կառավարման արդյունավետության վրա՝ վերլուծելով վերջին տարիների միտումները և ներկայացնելով միջազգային փորձը։

Բաց դասի ավարտին տեղի ունեցավ հետաքրքիր քննարկում, որի ընթացքում բակալավրիատի ուսանողները բարձրացրին հարցեր պետական պարտքի կառավարման ռազմավարության, տնտեսական զարգացման վրա դրա ազդեցության և ապագա մարտահրավերների վերաբերյալ։

ԳՊՀ ֆինանսների և կառավարման ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը բարձր գնահատեց Ամալյա Մարտոյանի կիրառած մեթոդները՝ նշելով, որ նման փորձը  նպաստում է ապագա մասնագետների շրջանում գիտելիքների տարածմանը, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համագործակցությանը։

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ  ԲԱԴԵՆ  ՎՅՈՒՐԹԵՄԲԵՐԳԻ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ՝  ԳՊՀ-ՈՒՄ

Գավառի պետական համալսարան այցելեցին Գերմանիայի Բադեն Վյուրթեմբերգի պետական համալսարանի պրոռեկտոր Յոհաննես Քեռնին և դասախոս Ուենդի Ֆեհլներին։ Գերմանացի պրոֆեսորներին ընդունեց  համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, ով ծանոթացրեց հյուրերին ԳՊՀ առաքելությանը, կառուցվածքին և գործունեության հիմնական ուղղություններին։ Բադեն Վյուրթեմբերգի պետական համալսարանի պատվիրակները ներկայացրին իրենց բուհը և աշխատանքահեն ուսուցում կազմակերպելու հաջողված փորձը։ Քննարկվեցին ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ոլորտում համագործակցության, աշխատանքահեն ուսուցման վերաբերյալ նախագծի պատրաստման հնարավորությունները։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց համալսարանի իրականացրած եվրոպական ծրագրերը, միջազգային համագործակցության հիմնական ոլորտները։

Հյուրերը դիտեցին ֆիլմ համալսարանի մասին, եղան ԳՊՀ պատմագիտական թանգարանում։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան