Category: Без рубрики
ԳՊՀ ԴԱՍԱԽՈՍԸ՝ «RESEARCHER CONNECT» ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ
‹‹ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ›› ՏԻՏՂՈՍԸ՝ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻ ՆԱՏԱՇԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ‹‹Անգլերեն լեզու և գրականություն›› բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Նատաշա Բաղդասարյանը մասնակցեց «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կազմակերպել էին Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիան և Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը՝ ուսանողների տոնի շրջանակներում։
2024 թվականին ուսման մեջ գերազանց առաջադիմություն ցուցաբերած, հետազոտության ոլորտում հաջողություններ արձանագրած, հասարակական աշխատանքներում ակտիվություն ցուցաբերած ուսանողները մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվեցին ‹‹Տարվա լավագույն ուսանող›› և պարգևատրվեցին շնորհակալագրերով, հուշանվերներով։
Գավառի պետական համալսարանից «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող ճանաչվեց և պարգևատրվեց Նատաշա Բաղդասարյանը։
Ջերմորեն շնորհավորում ենք ԳՊՀ ուսանողուհուն և հրապարակում նրա հետ հարցազրույցը․
‹‹-Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:
— Ես Նատաշա Արծրունու Բաղդասարյանն եմ, ծնվել եմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Իմ առաջին քայլերը կատարել եմ Գավառի՝ Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել եմ 2006-2018 թվականներին։ 2018 թվականին ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի առաջին կուրս՝ անվճար հիմունքներով։ 2022 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտեցի բակալավրիատը, իսկ 2023 թվականին ընդունվեցի մագիստրատուրա անվճար հիմունքներով՝ շարունակելով իմ կրթությունը, խորացնելով մասնագիտական գիտելիքներս։ Այժմ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողուհի եմ։
Մասնագիտական ուղիս մեծապես ձևավորել են իմ սերը դեպի գիտելիքը, անդադար աշխատանքը և հավատը սեփական ուժերի նկատմամբ։
Իմ հաջողությունների մեջ մեծ դեր ունի ԳՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի շարունակական աջակցությունը, հատկապես ռեկտոր տիկին Ռ․ Հակոբյանի ցուցաբերած անգնահատելի ներդրումը, ով մեծապես նպաստել է իմ կրթական ճանապարհին գրանցած հաջողություններին։ Երախտապարտ եմ նաև Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրվածությամբ և մասնագիտական որակներով ստեղծել են ամուր հիմք իմ ակադեմիական հաջողությունների համար։ Նրանք իմ մեջ ձևավորել են գիտելիքի նկատմամբ սեր և մղել դեպի ինքնահաստատում ու առաջընթաց։
— Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:
— Համալսարանն ինձ տվեց ոչ միայն գիտելիքներ, այլև զարգացրեց վերլուծելու և ստեղծագործաբար մտածելու կարողությունները։ Այն դարձավ միջավայր, որտեղ անցնում եմ մասնագիտական կայացման ճանապարհ, հանդիպել եմ բանիմաց դասախոսների և ձեռք բերել արժեքավոր փորձառություններ։ Բացի ակադեմիական կրթությունից, համալսարանը սովորեցրեց ինձ՝ լինել ինքնուրույն, պատասխանատու և միշտ ձգտել ինքնակատարելագործման։
Հատկապես կարևոր էր այն, որ համալսարանն ինձ ընձեռեց հնարավորություն գիտելիքներս զարգացնելու միջազգային մակարդակում՝ շարունակելով ուսումս Եվրոպայում։ 2024 թվականին ես ուսանեցի Իտալիայի Հռոմի Սապիենզա համալսարանում, ինչը դարձավ անգնահատելի փորձ թե՛ ակադեմիական, թե՛ մշակութային առումով։ Այս փորձառությունը թույլ տվեց խորացնել մասնագիտական գիտելիքներս, շփվել և համագործակցել արտասահմանցի փորձագետների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր տեսանկյուններ տարբեր կրթական համակարգերի վերաբերյալ։
-Ի՞նչ երազանքներ ունեք։
-Իմ երազանքները կապված են անձնական ու մասնագիտական զարգացման հետ։ Ցանկանում եմ շարունակաբար ձեռք բերել նոր գիտելիքներ, ստեղծել ու ներդնել նորարարական մեթոդներ կրթության ոլորտում և նպաստել գիտելիքի ավելի հասանելի ու արդյունավետ տարածմանը։ Բացի այդ, կարևորում եմ ճանապարհորդությունները, քանի որ դրանք հնարավորություն են տալիս բացահայտելու նոր մշակույթներ, ընդլայնելու մտահորիզոնը և ձևավորելու ավելի խորքային ընկալում աշխարհի բազմազանության վերաբերյալ։
-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
— Ես դավանում եմ ազնվության, պատասխանատվության և անընդհատ ինքնակատարելագործման սկզբունքներին։ Հավատում եմ, որ յուրաքանչյուր քայլ պետք է լինի բարոյական արժեքների շրջանակում, յուրաքանչյուր պարտականություն՝ կատարված լավագույն ձևով, իսկ յուրաքանչյուր փորձառություն՝ հնարավորություն աճելու և կատարելագործվելու համար։ Հարգանքը շրջապատի և սեփական աշխատանքի նկատմամբ ինձ համար անփոխարինելի հիմք է կայուն ու հաջող կյանքի կառուցման գործում։
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
— Ինձ համար կյանքում առաջնայինը ինքնակատարելագործումն ու նոր գիտելիքների ձեռքբերումն են։ Ես հավատում եմ, որ գիտելիքը, ստեղծագործական մտածողությունը և ընտրած մասնագիտությանն անկեղծ նվիրվածությունը թույլ են տալիս հասնել մասնագիտական առաջընթացի։ Կարևորում եմ նաև ազնվությունը, պատասխանատվությունը և հարգանքը միջանձնային հարաբերություններում, որոնք հիմք են ամուր կապերի և իմաստալից կյանքի համար։
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։
— Ազատ ժամանակս նախընտրում եմ անցկացնել իմ հետաքրքրություններին համապատասխան՝ ընթերցելով մասնագիտական և գեղարվեստական գրականություն և ուսումնասիրելով լեզուներ։ Ինձ հետաքրքրում են նորարարական նախագծերը և թիմային աշխատանքը, որոնք հնարավորություն են տալիս զարգանալ և գտնել ուսուցման ավելի արդյունավետ մեթոդներ։
Բացի այդ, մեծ կարևորություն եմ տալիս ինքնազարգացմանը և ճամփորդություններին, քանի որ դրանք ընդլայնում են մտահորիզոնը՝ թույլ տալով խորապես ճանաչել տարբեր մշակույթներ և ավելի լավ հասկանալ աշխարհը։
-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ
տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ
լավագույնը։
-Լավագույն ուսանող դառնալու համար կարևոր է ոչ միայն գերազանց սովորել, այլև լինել ակտիվ, նպատակասլաց ու նախաձեռնող։ Իմ կրտսեր ընկերներին խորհուրդ եմ տալիս մշտապես ընդլայնել իրենց գիտելիքները, մասնակցել գիտական ու մշակութային միջոցառումների և արդյունավետ կառավարել ժամանակը։ Հաջողության գաղտնիքը նպատակասլացության, աշխատասիրության և գիտելիքի հանդեպ անշեջ ձգտման համադրության մեջ է։
—Շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար և մաղթում շարունակական հաջողություններ››։
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և
լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՃԱՆԱՉԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ. ՎԵՐՈՆԻԿԱ ԲԱՂՈՅԱՆ
‹‹-Խնդրում եմ պատմել Ձեր մասին և ներկայացնել Ձեր հաջողության պատմությունը:
-Ես Վերոնիկա Սամվելի Բաղոյանն եմ, ծնվել եմ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում: Աշխարհաճանաչողության առաջին քայլերը կատարել եմ Գավառի՝ Պապին Ղանդիլյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, որտեղ սովորել եմ 2009-2021 թվականներին: 2021 թվականին ընդունվել եմ Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի առկա ուսուցման «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի առաջին կուրս՝ անվճար հիմունքներով, և այժմ սովորում եմ չորրորդ կուրսում: Իմ հաջողության պատմությունը հիմնված է աշխատասիրության և նպատակասլացության վրա: Իսկ «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող» կոչումը գնահատում եմ որպես աշխատանքի արդյունք, միաժամանակ՝ պատասխանատվություն, մշտապես և ամենուր օրինակելի լինելու պարտավորվածություն:
— Ի՞նչ տվեց համալսարանը Ձեզ:
— Համալսարանում ինձ սովորեցրել են ոչ միայն ձեռք բերել մասնագիտական գիտելիքներ, այլև զարգացնել անձնական որակներս, կատարելագործել կյանքի համար կարևոր հմտությունները, ինչպիսիք են ժամանակի կառավարումը, թիմային աշխատանքը, ծագած հարցերին՝ ստեղծագործական մոտեցումը, ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու կարողությունը՝ անսալով ներքին ձայնին, խղճին, բարությանն ու մարդասիրությանը: Համալսարանը ինձ տվեց անձնային և մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ, մղեց՝ բացահայտելու իմ իրական հետաքրքրությունները և ուսումնասիրելու այն ոլորտները, որոնք ամենից շատ են գրավում ինձ։ Դասընթացներն ու պրակտիկաները խթանեցին իմ վերլուծական մտածողությունը, իսկ հետազոտական աշխատանքները սովորեցրին աշխատել գիտական աղբյուրների հետ:
Գավառի պետական համալսարանում ես դարձա ավելի ինքնուրույն, սովորեցի գնահատել իրական արժեքները և առավել արդյունավետ կազմակերպել կյանքը:
-Ի՞նչ երազանքներ ունեք։
-Երազանքս է դառնալ որակյալ մասնագետ և իմ գիտելիքներով ու հմտություններով օգտակար լինել մարդկանց, հանդես բերել նորարարական մոտեցումներ:
-Ի՞նչ սկզբունքների եք դավանում։
-Ես դավանում եմ ազնվությանը, արդարությանը, բարու և ճշմարիտի հաղթանակին։ Գիտեմ, որ դժվարությունները հաղթահարելու և նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է աշխատել առանց դադարի և վստահել սեփական ուժերին:
-Ի՞նչն է Ձեզ համար առաջնայինը կյանքում։
— Ինձ համար առաջնային արժեքներ են հույսը, հավատը, սերը։
Ես կարևորում եմ կրթությունը և այն ներդրումները, որ անում եմ իմ ապագայի համար: Ունենալով մանկահասակ երեխա՝ ես հասկանում եմ, թե որքան կարևոր է հավասարակշռել իմ անձնական կյանքը և մասնագիտական կայացումը:
-Իսկ ինչպե՞ս եք համատեղում ուսումը մայրիկի պարտականությունների կատարման հետ։
-Թեև բարդ է համատեղել երեխայի խնամքը և կրթությունը, սակայն ունեմ ընտանիքիս մշտական աջակցությունը, ինչն օգնում է հաղթահարել բոլոր դժվարությունները, լինել կազմակերպված և ազատել ժամանակը ուսմանս համար։ Ընտանիքը իմ հենարանն է և ոգեշնչման աղբյուրը։
-Ի՞նչ նախասիրություններ ունեք, ազատ ժամերին ինչո՞վ եք զբաղվում։
-Ինձ համար կարևոր է՝ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, լիցքավորվել դրական հույզերով։ Բացի այդ, սիրում եմ զբաղվել ընթերցանությամբ, ինչը թույլ է տալիս ընդլայնել աշխարհայացքս: Ես նաև հետևում եմ մասնագիտական աշխարհի նորություններին, որպեսզի մշտապես տեղեկացված լինեմ ոլորտիս վերջին զարգացումներին:
-Ի՞նչ խորհուրդ կտաք ԳՊՀ ուսանողներին, ինչպե՞ս Ձեր կրտսեր ընկերները հաջորդ
տարի հաղթեն «Լավագույն ուսանող» մրցույթում և, ընդհանրապես, ինչպե՞ս դառնալ
լավագույնը։
-Խորհուրդ կտամ լինել աշխատասեր, նպատակասլաց և սիրել այն, ինչով զբաղվում ես: Հաջողության հասնելու համար պետք է պատրաստ լինել՝ անընդհատ սովորել և աշխատել։ Կարևոր է նաև ճիշտ կազմակերպել ժամանակը, զարգացնել հմտությունները, լինել համարձակ և չվախենալ փորձություններից:
—Շնորհակալություն եմ հայտնում հարցազրույցի համար, մաղթում ամենայն բարիք և ցանկանում, որ միշտ լինեք լավագույնը, ունենաք հստակ նպատակներ, քանզի եթե տեսնում եք նպատակը, դժվարություններն այլևս չեք նկատում››։
Հարցազրույցը վարեց ԳՊՀ արտաքին կապերի և
լրատվության բաժնի մասնագետ Նունե Միրիբյանը
ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ` «RESEARCHER CONNECT» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Ս․ թ․ հունվարի 31-ին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի (British Council Armenia) տնօրեն Ադդէ Հովասափյանը հանդիպեցին «Researcher Connect» խորագրով մասնագիտական առցանց դասընթացի 25 մասնակիցների հետ։ Պարոն Մովսիսյանն ընդգծեց, որ այն հմտությունները և գիտելիքը, որ տալու է այս ծրագիրը, համահունչ է Հայաստանի վարած քաղաքականությանը՝ գիտության միջազգայնացման, գիտական արդյունքների, հրապարակումների, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններից օգտվելու, միջազգային գործընկերներ գտնելու տեսանկյուններից: Պարոն Հովասափյանը ներկայացրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի գործունեության նպատակը․ աջակցել Հայաստանի զարգացմանը՝ ստեղծելով վստահելի կապեր և իրականացնելով ծրագրեր անգլերենի դասավանդման, բարձրագույն կրթության և մշակույթի ոլորտներում։
Նա հայտնեց, որ 100-ից ավելի հայտ են ստացել, սակայն ընտրվել են 25-ը, որոնք կմասնակցեն վերապատրաստման դասընթացին:
Դասընթացի նպատակն է բարձրացնել անհատ հետազոտողների արդյունավետությունը՝ միջազգային բազմամշակութային ակադեմիական համատեքստում հաղորդակցության հմտությունների զարգացման միջոցով, համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների համար մրցակցային առավելություն ապահովել արագ զարգացող միջազգային հետազոտական տարածքում։
Գավառի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցեց արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը, ով նաև մասնակցելու է առաջիկա դասընթացին։
Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/1EC6W3rh5k/
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Հրավիրում ենք բուհերի դասախոսներին, ասպիրանտներին, գիտահետազոտական գործունեությամբ զբաղվող անձանց՝ մասնակցելու Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովին։
Գիտաժողովը կկայանա 2025 թվականի մայիսի 3-ին և 4-ին (մեկնարկը՝ ժամը 11:00-ին), զուգակցված՝ առցանց-առկա ձևաչափով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը լրացնել էլեկտրոնային հայտ՝ հետևյալ հղումով.
https://gsu.am/hy/electroniapplication/
Խնդրում ենք զեկուցումները ներկայացնել էլեկտրոնային տարբերակով մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը՝ ուղարկելով ԳՊՀ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին՝ info@gsu.am, infogsu@mail.ru
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը։
Գիտաժողովն անցկացվելու է՝ ըստ գիտության հետևյալ բնագավառների. ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական, տեխնիկական, էկոլոգիական, գյուղատնտեսական, պատմական, տնտեսական, փիլիսոփայական, բանասիրական, իրավաբանական, մանկավարժական, հոգեբանական, քաղաքական գիտություններ, սոցիոլոգիա, աշխարհագրություն, երկրաբանություն և երկրաբնապահպանություն։
Զեկուցումներին ներկայացվող պահանջներն են.
- Գիտական զեկուցումը պետք է լինի 5-ից 10 էջի սահմաններում՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, համակարգչային շարվածքով, B 5 չափի տպագրական թղթի վրա, «GHEA Grapalat» տառատեսակով, 1,12 միջտողային հեռավորությամբ, թղթի բոլոր կողմերից 18 մմ լուսանցքով, էջադրումը՝ էջի ներքևում (footer), կողմնորոշումը՝ կենտրոն, սահմանները՝ 1սմ։
- Վերևում նշել վերնագիրը` 10,5 pt տառաչափով (մեծատառերով, թավ՝ Bold), վերնագրից մեկ տող ներքև` աջ անկյունում 10,5 pt տառաչափով, նշել հոդվածի համընդհանուր տասնորդական դասակարգման կոդը (ՀՏԴ, UDC, УДК, տե՛ս http://www.udcsummary.info/php/index.php?tag=1&lang=hy հղումը), այնուհետև հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը (թավ), գիտական աստիճանը և կոչումը (սկսել մեծատառով, նոր տողից), զբաղեցրած պաշտոնը (սկսել նոր տողից), մեկ տող ներքև տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, մեկ տող բաց թողնելով՝ 10,5 pt տառաչափով, շեղատառ (italic) և թավ բնագրի լեզվով ներկայացվում է զեկուցման ամփոփագիրը (аннотация, abstract), որտեղ պետք է հակիրճ ներկայացվեն ուսումնասիրության առարկան, մեթոդները, հեղինակ(ներ)ի հիմնական եզրահանգումները, գիտական նորույթ պարունակող առաջարկությունները։
- Մեկ տող բաց թողնելով՝ անհրաժեշտ է գրել «Բանալի բառեր» (թավ) և նշել 5-6 բանալի բառեր։
- Բաց թողնելով երկու տող՝ անհրաժեշտ է շարադրել աշխատանքը, 10,5 pt տառաչափով։ Մեջբերումները կատարել համակարգչային հղման ձևով՝ զեկուցման համար հերթական համարակալմամբ (1-ից մինչև վերջին հղումը)։
- Բնագրին հաջորդում է «Օգտագործված աղբյուրների ցանկ»-ը:
- Բնագրի վերջին էջում հեղինակը գրում է՝ «Բնագրի նյութը նախկինում չի հրատարակվել», որին հաջորդում են հեղինակի ստորագրությունը (բոլոր համահեղինակների ստորագրությունները) և ԳՊՀ գիտական պարբերականի խմբագրական խորհրդին ներկայացման օրը, ամիսը, տարին։
- Ներկայացվող զեկուցումները պետք է ունենան հստակ տրամաբանական կառուցվածք՝
ա) ներածություն, որում հիմնավորվում է ուսումնասիրման առարկայի արդիականությունը, ներկայացվում են հետազոտության հիմնական նպատակը, տեսական և գործնական հիմքերը, առաջադրվող վարկածը,
բ) հիմնական մաս, որում վերլուծվում են հետազոտության թեմայով նախկինում կատարված գիտական հրապարակումները, արդի մոտեցումները, հեղինակ(ներ)ի կատարած ուսումնասիրությունը, տեսակետները,
գ) ամփոփիչ մաս, որը բովանդակում է հետազոտության արդյունքները՝ եզրահանգումները, տեսական և գործնական նշանակություն ունեցող առաջարկությունները, գիտական նորույթ պարունակող խնդրի լուծումը, հաստատված վարկածը, կանխատեսումները։
- Զեկուցման վերջում 10,5 pt տառաչափով անհրաժեշտ է գրել հոդվածի շարադրանքի լեզվից տարբեր վերը նշված երկու լեզուներով` հոդվածի վերնագիրը, հեղինակ(ներ)ի ազգանունը, անունը, գիտական աստիճանը և կոչումը, զբաղեցրած պաշտոնը, հեղինակ(ներ)ի էլեկտրոնային փոստի հասցեն, ամփոփագիրը՝ 150-250 բառ, և բանալի բառերը։
- Լատիներեն և հունարեն տառերը, սիմվոլները, ինչպես նաև բանաձևերն անհրաժեշտ է հավաքել «Microsoft Equation Editor 3.0» ծրագրով, նկարների բացատրությունները և աղյուսակները ներկայացնել նկարի տեսքով` 10,5 pt տառաչափով։
- Անհրաժեշտ է ներկայացնել կարծիք՝ ներկայացվող գիտական զեկուցման մասին կամ համապատասխան ամբիոնի կամ գիտական կազմակերպության երաշխավորությունը:
ԳՊՀ գիտաժողովի ծրագրում կներառվեն պահանջներին համապատասխանող զեկուցումները:
Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ԳՊՀ գիտական պարբերականի հերթական համարում՝ էլեկտրոնային տարբերակով։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
+374-60-46-03-02, -60-46-04-03 կամ գրել ԳՊՀ էլեկտրոնային փոստին info@gsu.am, infogsu@mail.ru։
Շնորհակալություն համագործակցության համար։
ԳՊՀ գիտաժողովի կազմկոմիտե
ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԱՉԱՓ
Ազգանուն, անուն, հայրանուն, | |
Գիտական աստիճան | |
Գիտական կոչում | |
Աշխատանքի վայրը | |
Պաշտոնը | |
Զեկուցման վերնագիրը | |
Մասնագիտական բաժանմունքը, որտեղ նախատեսվում է մասնակցությունը | |
Էլեկտրոնային փոստի հասցեն | |
Հեռախոսահամարը |