ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԳՊՀ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է համալսարան ընդունված բոլոր դիմորդներին և մաղթում արդյունավետ ուսումնառություն։
Նոր ուսումնական տարվան ընդառաջ ԳՊՀ առաջին կուրսեցիներին ու նրանց ծնողներին հրավիրում ենք հանդիպման, որը տեղի կունենա ս․ թ․ օգոստոսի 31-ին, ժամը՝ 12։00-ին, համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում /3-րդ հարկ, 316 լսարան/։
Սիրով սպասում ենք նորընծա ուսանողներին և նրանց ծնողներին։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՀԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Գնահատման և թեստավորման կենտրոնը հուլիսի 20-ից կազմակերպում է լրացուցիչ մրցույթի (բուհերում թափուր մնացած տեղերի) հայտագրման գործընթացը:

Dimord.am կայքէջում դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես հիմնական մրցույթից դուրս մնացած  դիմորդները, այնպես էլ հիմնական մրցույթին չմասնակցած,  սակայն միասնական քննություններից դրական միավորներ ունեցողները:

Թափուր տեղերի մրցույթին մասնակցող դիմորդը կարող է հայտագրել մեկ կամ ավելի բուհի  մինչև վեց մասնագիտություն, եթե այդ մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, և այդ մասնագիտությունների համար սահմանված միասնական քննություններից ունի դրական միավորներ:

Հայտագրման գործընթացը կավարտվի հուլիսի 26-ին, ժամը 18:00-ին:

Լրացուցիչ մրցույթը կամփոփվի հուլիսի 30-ին:

Մրցույթի կազմակերպման ընթացքում նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին:

Աղբյուրը՝ https://dimord.am/

ԳՊՀ-ՈՒՄ  ԿԱՅԱՑԱՎ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ  ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ  ՀԱՆԴԻՍԱՎՈՐ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը Գավառի պետական համալսարանի համար նշանավորվում է յուրովի, քանզի յուրաքանչյուր տարի այս օրը ջերմ ու հաճելի մթնոլորտում դիպլոմներ են շնորհվում առկա և հեռակա բաժինների բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին:

Այսօր բարձրագույն մասնագիտական կրթության վավերագիր՝ դիպլոմ ստացավ ԳՊՀ  շրջանավարտների 27-րդ սերունդը, ով կմիանա ութ հազարից ավելի համալսարանականների բանակին, պատվով կծառայի մայր հայրենիքին ու ժողովրդին, քանզի Գավառի պետական համալսարանը ոչ միայն տալիս է մասնագիտական խորը գիտելիքներ ու կարողություններ, այլև նպաստում է ուսանողների լայն աշխարհայացքի, արժեքային ճիշտ կողմնորոշումների ու սկզբունքների  ձևավորմանը։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն ողջունեց և շնորհավորեց բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին, նրանց ծնողներին, դասախոսներին, բոլոր համալսարանականներին ու հյուրերին՝ նշելով, որ բուհում կրթության ու դաստիարակության ուղենիշը եղել և մնում է ազնիվ ու առաքինի, ազգային ու համամարդկային բարձր արժեքներով օժտված մասնագետներ պատրաստելու կարևոր առաքելությունը: Ռեկտորատի անդամները շնորհավորեցին շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական կայացում և առաջընթաց, անձնական ու աշխատանքային հաջողություններ:

Ավանդույթի համաձայն տեղի ունեցավ մագիստրոսների երդման հանդիսավոր արարողություն։

ԳՊՀ շրջանավարտներին իր գեղեցիկ կատարմամբ ողջունեց Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի ուսուցիչ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի շրջանավարտ Գրիգոր Բալագոզյանը։

 

 

 

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ 2023-2024 ՈՒՍՏԱՐՎԱ  ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 Գավառի պետական համալսարանի առկա և հեռակա բաժինների բակալավրիատի ու մագիստրատուրայի 2024-2025 ուսումնական տարվա սիրելի՛ շրջանավարտներ,

տեղեկացնում ենք, որ դիպլոմների շնորհման արարողությունը կկայանա ս․ թ․ հուլիսի 5-ին, ժամը 12․00-ին, համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մեծ դահլիճում։

Սիրով սպասում ենք ձեզ։


ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻՑ 2024-2025 ՈՒՍՏԱՐՈՒՄ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻ

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի բակալավրի առկա բաժնի 2024-2025 ուսումնական տարվա առաջին կուրսի ուսանողների համար հայտարարում է կրթավճարի մրցույթ։ Հաղթողների ուսման վարձը   կվճարվի ՀՕՖ-ի կողմից Ժիրայր Նիշանյան հիմնադրամի հատկացրած միջոցներից։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Գեղարքունիքի մարզի այն ուսանողները, ովքեր՝

ա) ընդունվել են Գավառի պետական համալսարանի բակալավրի վճարովի ուսուցման առկա բաժին (բացի իրավագիտության բաժնից),

բ) ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, ավարտական, միասնական և բուհի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով,

գ) սոցիալապես անապահով ընտանիքներից են ։

«Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը հետևյալն է․ վերոհիշյալ պայմաններին համապատասխանող ԳՊՀ-ի ուսանողները պետք է 2024 թ հուլիսի 18-ից օգոստոսի 9-ը ժամը 10:00-ից 16:00-ն ՀՕՖ-ի ներկայացուցչին՝ ԳՊՀ-ի կենտրոնական մասնաշենք, երրորդ հարկ, Արտաքին կապերի և լրատվության բաժին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում (ձևը կարող եք վերցնել ՀՕՖ-ի ֆեյսբուքյան էջից, ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնից),
  • անձնագրի պատճեն,
  • 1 լուսանկար (3×4 սմ չափսի),
  • միջնակարգ կրթության վկայականի պատճեն,
  • միասնական և բուհում հանձնած քննությունների գնահատականների մասին տեղեկանք,
  • ԳՊՀ ընդունվելու մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԳԹԿ-ի կողմից հաստատված ցուցակի պատճեն կամ համալսարանի տեղեկանքը,
  • ընտանիքի անապահովության միավորի մասին տեղեկանք (առկայության դեպքում),
  • տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը պարզաբանումով ներկա զբաղվածության կամ չաշխատելու պատճառի մասին,
  • հակիրճ ինքնակենսագրություն՝ նշելով, թե ինչու եք դիմել տվյալ ծրագրին։

Թերի փաթեթները չեն դիտարկվի:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն:

Ընտրության գործընթացի փուլերն են`

1.Փաստաթղթերի հիման վրա կատարած ընտրություն

2.Առաջին փուլն անցած ուսանողների տուն կատարած այցերի ամփոփում

3.Հարցազրույց`անհրաժեշտության դեպքում

Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի համակարգող հանձնաժողովը մինչև ս թ սեպտեմբերի 3-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. 060 52-66-60:

ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ  


ՀՕՖ-ի «Ժիրայր Նիշանյան հիմնադրամի կրթավճար» ծրագրի մրցույթի մասնակցության` ԴԻՄՈՒՄ

ԿԱՅԱՑԱՎ  ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ  ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ  ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ  ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻՆ  ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացավ «Համալսարանների կառավարումն ու կազմակերպչական ենթակառուցվածքները որպես որակյալ կրթության հիմք» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցեցին ՀՀ բուհերի վարչական անձնակազմի ներկայացուցիչներ:

Աշխատաժողովը մեկնարկեց Հայաստանում ‹‹Էրազմուս›› ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգային կապերի և կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախագծերի ղեկավար Դավիթ Ավագյանի և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանի ողջույնի խոսքերով։

Աշխատաժողովի հիմնական խոսնակը Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (ԵՀԱ) Կառավարման, դրամաշնորհային և հասարակական քաղաքականության զարգացման տնօրեն, դոկտոր Թոմաս Էստերմանն էր։ Նա մասնակիցներին ներկայացրեց եվրոպական բարձրագույն կրթության համակարգում կիրառվող կառավարման մոդելները։ ՀՀ բուհերի ներկայացուցիչները խմբային աշխատանքի միջոցով քննարկեցին իրենց բուհերի կառավարման համակարգերը, դրանց ուժեղ և թույլ կողմերը, փորձեցին վեր հանել իրենց բուհի համար ցանկալի կառավարման մոդելը։ Այնուհետև Թոմաս Էստերմանը մասնակիցներին ներկայացրեց համագործակցային առաջնորդության և ղեկավարման առանձնահատկությունները, անդրադարձավ եվրոպական բուհերի ինքնավերլուծության լավագույն փորձին, բուհերի փոխարկերպման հաջողված ռազմավարություններին։

Գավառի պետական համալսարանից աշխատաժողովին մասնակցեցին արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և որակի ապահովման բաժնի վարիչ Քանաքարա Հայրապետյանը։

 

Նյութի աղբյուրը՝

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակ

 

 

 

ԿՐԹԱՎՃԱՐ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

«4090 Բարեգործական» հիմնադրամը չորս տարի շարունակ տրամադրում է կրթավճար պատերազմի մասնակից ուսանողներին: 2023-24 ուսումնական տարվա համար կարող են դիմել ոչ միայն 2016 կամ 2020թթ. պատերազմների, այլ նաև 2023թ. մարտական գործողությունների մասնակիցները, ովքեր սովորում են ՀՀ բուհերում կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող: «Կրթավճարը տրամադրվում է մրցութային կարգով և և երկու փուլով (փաստաթղթերի դիտարկում ու հարցազրույցի անցկացում), ուստի դիմում-հայտի լրացումը և փաթեթի հանձնումը դեռևս բավարար պայման չէ և չի նշանակում, որ կհատկացվի կրթավճար», -նշել է հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանը։ Առավելություն է տրվում Արցախից բռնի տեղահանված դիմորդներին, բարձր առաջադիմություն և/կամ հաշմանդամություն ունեցող, ծանր ֆինանսական պայմաններում գտնվող, ծնողազուրկ, ազատամարտիկների և բազմազավակ (հինգ և ավել երեխա ունեցող) ընտանիքների ուսանողներին:
Հայտի և փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է ս/թ հուլիսի 15-ը, ժամը 23:59 ներառյալ:
Մանրամասներն ու հայտի հղումը` հիմնադրամի պաշտոնական կայքէջում:
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահի դրությամբ հիմնադրամն աջակցում է ՀՀ տարբեր բուհերում սովորող շուրջ հարյուր շահառուի։
Աղբյուրը՝ «Հրապարակ օրաթերթ» https://hraparak.am/post/f18ac14213a94572b7866a3b8f570a22

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական  հիմնադրամը, նախորդ տարիների պես, այս տարի ևս տրամադրում է 500.000 ՀՀ դրամի չափով կրթաթոշակ՝  բնագիտամաթեմատիկական, տնտեսագիտական կամ ՏՏ ուղղվածություն ունեցող մասնագիտություններով թե՛ անվճար, և թե՛ վճարովի հիմունքներով սովորող ուսանողներին։

Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր

  • բակալավրի կամ մագիստրատուրայի կրթական ծրագիրը ավարտում են 2025 թվականին (դիտարկվում են թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգում սովորողները),
  • ունեն միջինից բարձր միջին որակական գնահատական /ՄՈԳ/,
  • պատրաստակամ են տվյալ կրթական աստիճանը ստանալուց անմիջապես հետո միանալ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի Ուսուցիչների առաջնորդության երկամյա ծրագրին։

Ծրագրի մասնակիցը դառանալու համար մանկավարժի որակավորումը պարտադիր չէ։  Ծրագրի մասնակիցներին դպրոցի աշխատավարձին զուգահեռ տրվում է լրացուցիչ 200․000 ՀՀ դրամի չափով ամենամսյա ֆինանսական աջակցություն։

Ավելին իմանալու համար կարող եք լրացնել հայտադիմումը հետևյալ հղումով՝ https://www.tfaforms.com/4927228

Հարցերի համար կարող եք կապ հաստատել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի համալսարանական կարիերայի զարգացման համակարգող Արևիկ Պռազյանի հետ։

( Հեռ։ +374 41 53 01 28, էլ-հասցե՝ arevik@teachforarmenia.org)

ԳՊՀ ՊՐՈՖԵՍՈՐԸ`  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ  

Գավառի պետական համալսարանի դասախոս, տենտեսագիտության թեկնածու, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը մասնակցել է «Լեռները և «լեռնային տեքստը» համաշխարհային պատմական և մշակութային գործընթացում» խորագիրը կրող միջազգային գիտա-գործնական կոնֆերանսին և ներկայացրել զեկուցում՝  «Լեռները որպես գեոմշակութային հասկացություն և հայեցակարգային  տարր աշխարհի հայկական պատկերում՝ Մարտիրոս Սարյանի աշխատանքների օրինակով»։

Իր զեկուցման մեջ պրոֆեսոր Սահակյանն անդրադարձել է լեռների՝ որպես հայկական մշակույթի կարևոր բաղադրիչի դերին, ներկայացրել Մարտիրոս Սարյանի կտավները՝ այդ դիտանկյունից։ ԳՊՀ դասախոսի զեկուցումը մեծ հետաքրքրություն է առաջացրել կոնֆերանսի մասնակիցների շրջանում:

Կոնֆերանսին մասնակցությունը ևս մեկ հնարավորություն էր՝ օտարազգի մասնագետներին նեկայացնելու հայկական մշակույթի յուրահատկությունները և նպաստելու միջմշակութային երկխոսությանը:

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանի հեռակա բաժինների սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2024թ. ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն 2024թ. հունիսի 5-ին և կավարտվեն 2024թ. հունիսի 30-ին։ Դասերը կանցկացվեն առկա ձևաչափով:

«Իրավագիտություն», «Մանկավարժություն և մեթոդիկա» /տարրական կրթության/, «Պատմություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», բաժինների ուսանողների դասերը կկայանան Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի մասնաշենքում, իսկ «Հաշվապահական հաշվառում և հարկում» /ըստ ոլորտի/, «Համակարգչային ճարտարագիտություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ», «Սերվիս», «Դեղագործական քիմիա», «Բնապահպանություն» բաժինների ուսանողների դասերը կկայանան կենտրոնական մասնաշենքում։

Ուսման վարձը սահմանված կարգով վճարելը և դասերին մասնակցելը պարտադիր է։

Հիմքերի առկայության դեպքում ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, բուհի կողմից զեղչ ստանալու մասին դիմումներն ու համապատասխան փաստաթղթերն ընդունվում են 2024 թվականի մայիսի 29-ից հունիսի 12-ը։
Այն ուսանողներին, ովքեր զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել, խնդրում ենք ծանուցագրի պատճեն դիմումին կից ներկայացնել ռեկտորատ՝ տարկետում ձևակերպելու նպատակով։

Բոլոր հարցերով կարող եք դիմել ԳՊՀ ֆակուլտետների դեկանատներ, ամբիոններ և ռեկտորատ։

 

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան