ԳՊՀ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ, ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում 5 ամիս ժամկետով ուսանելու Վալլադոլիդի համալսարանում: Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության կրթական ծրագրերի ցանկին կարող եք ծանոթանալ՝ այցելելով հետևյալ կայքէջ․ https://uvamobplus2.uva.es/publico/courses Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումով․ https://uvamobplus2.uva.es/publico/apply

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. մայիսի 5-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի եւ լրատվության բաժնին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։ Մաղթում ենք հաջողություն։

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ՝ ԿՅԱՆՔԻ ՈՒՂԵՆԻՇ

Համալսարան-դպրոց համագործակցության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանում ներկայացվեց «Թումանյանի պատգամների խորհուրդն ու լույսը Հազարան բլբուլի որոնումներում» թեմայով իրականացված ինքնատիպ նախագծային աշխատանքը, որը կատարել էին Գավառի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիկ Հակոբյանի ղեկավարությամբ:

Միջոցառմանը ներկա էին Գավառի պետական համալսարանի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, Գավառի ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Արմինե Ղուլոյանը, ուսուցչուհիներ Ամալյա Զոլյանը և Լարիսա Ղազանչյանը, լաբորանտ Արմինե Ավագյանը, 11-րդ և 12-րդ դասարաննների աշակերտները:

Բովանդակալից ներկայացմանը մասնակցեցին Գավառի համայնքային գրադարանի մատենագետ Նորա Մարեմկոյանը, գրադարանավար, ԳՊՀ շրջանավարտ Լիլիթ Բալագյոզյանը, ինչպես նաև Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, Գավառի պետական համալսարանի շրջանավարտ Գոհար Գեղամյանի ուղեկցությամբ:

Ներկաներին խորհրդավոր ճամփորդության հրավիրած աշակերտներն անդրադարձան կրթական նախագծի նպատակին ու առաքելությանը և փորձեցին պատասխանել այն հարցին, թե ինչպես գտնել մերօրյա Հազարան բլբուլին, առանց որի չորացած ու դատարկ է աշխարհի երբեմնի ծաղկազարդ ու շքեղ այգին: Աշակերտների խելացի հարցադրումներին դասախոսները և ուսուցիչները տվեցին բովանդակալից պատասխաններ՝ կարևորելով ազնվությունը, արիությունը, արդարամտությունը, ճշմարտությունը, բարությունը, սերն ու մարդկայնությունը, աշխատասիրությունը և անկեղծ նվիրվածությունը՝ որպես նպատակի իրականացման բանալիներ: «Հազարան բլբուլի» որոնումների բարդ ճանապարհը սովորեցնում է լինել քաջ, համառ ու նպատակասլաց, հաղթահարել փորձությունները՝ հավատարիմ մնալով թումանյանական պատգամներին։ Բոլոր կապանքները կարող են բանալ ազնիվ, բարի մղումներով, հաստատակամ ու նպատակասլաց անհատները և հույսի, հավատի, սիրո կանթեղները վառ պահած՝ լուսավորել, վերակենդանացնել մարդու հոգևոր արժեքներն ու բարոյական հաղթանակը խորհրդանշող Անմահության այգին:

Ներկայացումն ամփոփեց կրթական նախագծի հեղինակ Լիլիկ Հակոբյանը՝ կարևորելով դասական բնագրի դերը սովորողների արժեհամակարգը ձևավորելու, ճանաչողության սահմանները ընդլայնելու, ստեղծագործական, հետազոտական կարողությունները զարգացնելու հարցում: Ի նշան համալսարան-դպրոց շարունակական և արդյունավետ համագործակցության՝ նա Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին հանձեց «Մանկավարժական արարման և արժեհամակարգի ձևավորման մասին» խորհրդանշական ուղերձը և կատարված կրթական նախագծի արդյունքները՝ հանելուկների գիրքը՝ որպես հեքիաթի խորհրդանիշները մարմնավորող ստեղծագործական աշխատանք, ուխտի բանալիները՝ որպես աշակերտների արժեհամակարգի և կյանքի ուղու խորհրդանիշներ, սերմեր պարունակող գրիչը՝ որպես գիտելիքի ու բնության կապի խորհրդանիշ, և արագ արձագանքի թվանիշները (QR կոդերը)՝ որպես դասական բնագրի թվային հասանելիության ապահովում:

Ռուզաննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Գավառի ավագ դպրոցի նորարար ուսուցչուհի Լիլիկ Հակոբյանին և շնորհալի աշակերտներին՝ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունը խորությամբ ուսումնասիրելու, նրա անանց պատգամները վեր հանելու և հետաքրքիր մտահղացումներով, ավանդականն ու արդիականը մեկտեղելով ներկայացնելու, հավերժական արժեքները որպես կյանքի ուղենիշ ընդունելու և տարածելու ուխտ կնքելու համար։

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԲԱՑ ԴԱՍԻ

Սիրելի՛ համալսարանականներ, դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, հրավիրում ենք բացահայտելու կրթության նոր հորիզոնները «Աշխարհացույց» կրթական հարթակի միջոցով։

Բաց դասը կվարի Սարուխանի Մ․ Խոստեղյանի անվան N 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի, Գավառի պետական համալսարանի շրջանավարտ Բալասան Սաքեյանը։

Բաց դասը կանցկացվի ս․ թ․ մարտի 20-ին՝ ժամը 12:00-ին, Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում:

Ցանկացողներին խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով․

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSewqUZFjtvw-Q_ZK7YYYJ1vMMl6aXsu8P18nguy6-_dPokzCg/viewform

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԳՊՀ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ․ ՕԳՏՎԵՔ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱԼԼԱԴՈԼԻԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՊՐԱԿՏԻԿԱ ԱՆՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Գավառի պետական համալսարանի մագիստրատուրայի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի
շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Վալլադոլիդի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դուք հնարավորություն ունեք 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում 5 ամիս ժամկետով հետազոտական պրակտիկա անցնելու Վալլադոլիդի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը շահառու ուսանողներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ մագիստրատուրայի ծրագրի մասնագիտական ուղղվածության և հետազոտական ​​առաջարկի միջև ճշգրիտ համապատասխանությունը կարևոր է։ Ակադեմիական շարժունության իրականացման համար պարտադիր պայման է մագիստրանտի մասնագիտության, նրա հետազոտական ​​հետաքրքրությունների և ընդունող դասախոսի կողմից առաջարկվող հետազոտական ​​թեմայի միջև համապատասխանությունը, հետևաբար դիմորդներին խրախուսում ենք կապ հաստատել յուրաքանչյուր առաջարկի համար նախատեսված ակադեմիական համակարգողի հետ՝ հետազոտական ​​թեմաները պարզաբանելու և իրենց աշխատանքի պլանի հստակ նախագիծը կազմելու համար։
Վալլադոլիդի համալսարանի հետազոտական ոլորտների մասին տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ բուհի ծրագրերի և ծառայությունների ցանկում՝ հետևյալ հղմամբ https://uvamobplus2.uva.es/publico/courses ։
Դիմում-հայտերն անհրաժեշտ է ներկայացնել՝ հետևյալ հղմամբ․ https://uvamobplus2.uva.es/publico/apply ։
Իրականացված պրակտիկաների վերաբերյալ նախկին կրթաթոշակառուների կարծիքներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://erasmusplusuva.wordpress.com/։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026թ. ապրիլի 28-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԳՊՀ արտաքին կապերի եւ լրատվության բաժնին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ՝ «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱԶԱՐԱՆ ԲԼԲՈՒԼԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ»

Սիրելի՛ համալսարանականներ, դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ, հարգելի՛ բարեկամներ, հրավիրում ենք գեղեցիկ ու հետաքրքիր ճամփորդության, որի մասնակիցը կարող եք դառնալ՝ ներկա գտնվելով «Թումանյանական պատգամների լույսն ու խորհուրդը Հազարան բլբուլի որոնումներում» թեմայով նախագծային աշխատանքի ներկայացմանը, որը տեղի կունենա ս․ թ․ մարտի 18-ին, ժամը՝ 13։00-ին, Գավառի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի Հրաչյա Աճառյանի անվան լսարանում:
Նախագծային աշխատանքը կներկայացնեն Գավառի ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտները՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիկ Հակոբյանի ղեկավարությամբ:
Սիրով սպասում ենք խորհրդավոր ճամփորդության։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՈՒ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ՈՒՆԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, պրոֆեսորադասախոսական և վարչական  անձնակազմի հարգելի՛ անդամներ,  տեղեկացնում ենք ձեզ, որ Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և եվրոպական գործընկեր բուհերի միջև կնքված  պայմանագրերի համաձայն՝ ԳՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները հնարավորություն ունեն  2026-2027 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի անդամները՝ 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում դասավանդելու կամ վերապատրաստվելու Պորտուգալիայի Մինհո, Ավեյրո և Էվորա  համալսարաններում:

Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

Ծրագիրը շահառու ԳՊՀ ուսանողներին և դասախոսներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: ԵՄ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ Application Guide  հղումով։

Ծրագրի դիմումներն ընդունվում են առցանց՝ հետևյալ հղումով․

https://uminho.moveonfr.com/form/67d170d4f484e754ea054497/eng :

Դիմումների ընդունման վերջնաժամկետը  2026թ. ապրիլի 10-ն է։ 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել +374-60-46-12-99 հեռախոսահամարով։

Մաղթում ենք հաջողություն։

 

 

ՑԵՐԵԿՈՒՅԹ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻՆ․ «ՄԹՆՇԱՂԻՑ ԼՈՒՍԱԲԱՑ»

Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի բակալավրիատի առկա բաժնի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Լազարյանը ակտիվ մանկավարժական պրակտիկայի ընթացքում Գավառի Պապին Ղանդիլյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպեց գրական-մշակութային միջոցառում՝ «Տերյան․ Մթնշաղից մինչև լուսաբաց» խորագրով։
Ցերեկույթին մասնակցում էին դպրոցի 8-րդ, 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտները։ Նրանք ներկայացրին Վահան Տերյանի քնարական ստեղծագործություններից հատվածներ, անդրադարձան բանաստեղծի կյանքի և գրական ժառանգության կարևոր դրվագներին։
Միջոցառման նպատակն էր աշակերտների օգնությամբ ու ջանքերով բացահայտել հայ դասական պոեզիայի գեղեցկությունը, արժևորել Վահան Տերյանի ստեղծագործությունները և նրա տեղը հայ գրականության մեջ։
​«Այսօր մենք հարստացանք Վահան Տերյանի ստեղծագործությունների սքանչելի աշխարհում, զգացինք նրա սերը, թախիծն ու լռությունը։ Տերյանական տողերը մեզ հիշեցրին, որ անկեղծ խոսքը երբեք չի կորցնում իր ուժն ու զգացմունքայնությունը։ Թող Տերյանի պոեզիան շարունակի արձագանքել մեր հոգիներսում, մեզ սովորեցնի տեսնել գեղեցիկը մթնշաղից լուսաբաց»,- նշեց Աննա Լազարյանը։
Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ մեկ անգամ ևս ընդգծելով հայ գրականության դասականների ազդեցությունը երիտասարդ սերնդի հոգևոր դաստիարակության ու գեղագիտական կրթության գործում։

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՍԵՄԻՆԱՐ-ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանում անցկացվեց սեմինար-քննարկում՝ նվիրված բնական աղետներին՝ երկրաշարժերին, հրաբուխներին, սողանքներին, փլուզումներին։ Սեմինար-քննարկումը վարեց Գավառի պետական համալսարանի շրջանավարտ, Գավառի հրշեջ-փրկարարական օղակի հրամանատար, փրկարար ծառայության ավագ Գառնիկ Թոռչյանը, ով ուսանողներին ներկայացրեց բնական աղետների հետևանքները, անվտանգության կարևոր միջոցները։
Ուսանողները մասնակցեցին քննարկմանը, ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Սեմինարը նպատակ ուներ բարձրացնել սովորողների իրազեկվածությունը բնական աղետների և աղետի պայմաններում վարքագծի թույլատրելի կանոնների, քաղաքացիական պաշտպանության նորմերի ու սկզբունքների վերաբերյալ։

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՄՐՑՈՒՅԹ` 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2026-2027 ուսումնական տարվա համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2026թ․ սեպտեմբերից բակալավրիատի առաջին կուրսերում սովորել պատրաստվող դիմորդները, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրատուրայի սովորողներ:
Ակադեմիական միջին նիշը /ՄՈԳ՝ միջին որակական գնահատական/ պետք է լինի առնվազն 100/75 միավոր 20/15, 10/7 կամ 4/3մ: Բացառություն է կազմում միայն ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, որի դեպքում ակադեմիական միջին նիշը կարող է կազմել 11 միավոր։
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 ՀՀ դրամի շեմը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միաժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են միայն առցանց։
Մրցույթը կանցկացվի 2026թ․ մարտի 2-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ:
Մինչ դիմում-հայտ լրացնելը, պետք է ծանոթանալ Հայ կրթական հիմնարկության կողմից հովանավորվող համալսարանների և բաժինների ցանկին՝ https://aef.am/university/
Եվ եթե համալսարանն ու բաժինը կա ցանկում, ապա պետք է մուտք գործել և լրացնել առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Հայ կրթական հիմնարկություն
Scroll to Top
Գավառի պետական համալսարան