ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ուսանողական գիտաժողով՝ նվիրված հայ մեծանուն գրող-արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին։

Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահ Քրիստինե Բատիկյանը։ Ողջունելով ներկաներին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, մաթևոսյանագետ Վաչագան Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի մասնակից ուսանողներին՝ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործական ժառանգությունը բազմակողմանիորեն ուսումնասիրելու համար։

Գիտաժողովին մասնակցեցին և Հրանտ Մաթևոսյանի խորն ու բազմաշերտ ասելիքի, ստեղծած գեղարվեստական աշխարհի առանձնահատկությունների և կերտած կերպարների մասին խոսեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը, Օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սիրանուշ Խանդանյանը։

Գիտաժողովին ուսանողները հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․

1. Սոֆի Մինասյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Հայը Հրանտ Մաթևոսյանի «Մեծամոր» էսսեում», գիտական ղեկավար՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյան,

2. Սոնա Հովեյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Դեռահասի հոգեբանությունը Հրանտ Մաթևոսյանի «Վազքը» պատմվածքում», գիտական ղեկավար՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյան,

3. Նարինե Ժամհարյան՝ «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Քրիստոնեական արժեհամակարգը որպես հայրենասիրության և բարոյականության դաստիարակման միջոց», գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյան,

4. Աիդա Կարապետյան՝ «Անգլերեն լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Content and language integrated learning in teaching EFL in Armenian universities», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Ռուզաննա Սարգսյան,

5. Քրիստինե Բատիկյան՝ «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ուսուցման ժամանակակից մեթոդների համեմատական բնութագիրը», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Ռուզաննա Սարգսյան,

6. Աննա Լազարյան՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Արցախյան ավանդազրույցների հիմնական առանձնահատկությունները», գիտական ղեկավար՝ բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ղռեջյան։

Զեկուցումներն ուղեկցվեցին հետաքրքիր և ուսուցողական քննարկումներով։

Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Քանաքարա Հայրապետյանը մասնակցեց Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ կազմակերպված «Պատմության դասավանդման տեսական և մեթոդաբանական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովի նպատակն էր քննարկել բարձրագույն կրթության համակարգում պատմության և հարակից հումանիտար գիտակարգերի դասավանդման արդի տեսական և մեթոդաբանական հիմնախնդիրները:

Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ակադեմիական, հանրակրթական, ԿԳՄՍ նախարարության ենթակա կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև արտերկրից ժամանած պրոֆեսորներ ու փորձագետներ, ինչն ընդգծում էր միջոցառման միջազգային և միջգիտակարգային բնույթը։ Քանաքարա Հայրապետյանը մասնակցեց «Համաշխարհային պատմություն» խորագրով 4-րդ նիստին՝ հանդես գալով որպես զեկուցող և նիստավար՝ պատմական գիտությունների թեկնածու, «Այբ» դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Մինասյանի հետ համատեղ։ Ք․ Հայրապետյանը հանդես եկավ «Ստեղծարար մտածողությունը՝ պատմական մտածողության նախապայման» թեմայով զեկուցմամբ, որում կարևորեց պատմական մտածողության ձևավորման գործընթացում ստեղծարար և քննադատական մտածողության՝ որպես պատմության արդյունավետ դասավանդման հիմնարար գործոնի դերը: Տիկին Հայրապետյանը նշեց, որ պատմության ուսուցումը պետք է դիտարկել ոչ միայն փաստական գիտելիքների փոխանցման, այլև սովորողի վերլուծական, համադրական և ստեղծարար կարողությունների զարգացման համատեքստում: Գիտաժողովը՝ որպես լավագույն փորձի փոխանակման և պատմագիտական արդի մոտեցումների ներկայացման հարթակ, հնարավորություն տվեց կառուցողական քննարկումների միջոցով բազմակողմանիորեն դիտարկել պատմության դասավանդման բովանդակային և մեթոդաբանական խնդիրները, վերանայել ուսուցման մեթոդներն ու մոտեցումները։

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ «ՀՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ-2025» ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025թ. դեկտեմբերի 11-ի հրամանի համաձայն՝ Գավառի պետական համալսարանի 5 լավագույն ուսանողներից 3-ը ճանաչվել են «Հայաստանի Հանրապետության լավագույն ուսանող-2025» մրցույթի հաղթող։ Ջերմորեն շնորհավորում ենք «ՀՀ լավագույն ուսանող» տիտղոսին արժանացած ԳՊՀ ուսանողներին՝
Բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիաննա Արմենի Հայրապետյանին, ով բնագիտական ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով զբաղեցրել է 2-րդ տեղը,
Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Արմենի Ասլանյանին, ով հումանիտար գիտությունների ոլորտում բակալավրի կրթական ծրագրով զբաղեցրել է 2-րդ տեղը և
Հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Ռեգինա Խաչիկի Բաղդասարյանին, ով հումանիտար գիտությունների ոլորտում մագիստրոսի կրթական ծրագրով արժանացել է 2-րդ տեղին։
ԳՊՀ ռեկտորատը շնորհակալություն է հայտնում մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում հաղթող ճանաչված բոլոր ուսանողներին՝ բարձր առաջադիմության, գիտահետազոտական գործունեության նկատմամբ ընդգծված հետաքրքրության և հասարակական ակտիվության համար՝ մաղթելով հետագա հաջողություններ։
Միաժամանակ, շնորհակալություն ենք հայտնում Գավառի պետական համալսարանի բոլոր դասախոսներին և աշխատակիցներին, որոնք նպաստել են ԳՊՀ ուսանողների հաղթանակին։

ԳՊՀ ռեկտորատ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ

Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, վարչական և ակադեմիական անձնակազմի հարգելի՛ անդամներ, արդի գիտական եւ կիրառական հիմնահարցերով հետաքրքրված մասնագետներ, տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Իրավագիտություն» մասնագիտություններիմագիստրատուրայի 2-րդ կուրսերի ուսանողների կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները կներկայացվեն ուսանողական գիտաժողովների շրջանակում՝ հետևյալ ժամանակացույցով

Հ/հ

Մասնագիտություն

Անցկացման օրը, ժամը

Անցկացման վայրը

1

«Հայոց լեզու և գրականություն»,«Անգլերեն լեզու և գրականություն»

17122025թ,

ժամը՝ 12։00

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, 3-րդ հարկ, 301 լսարան

2

«Պատմություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»

19122025թ,

ժամը՝ 12։00

ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետ, 3-րդ հարկ, 301 լսարան

3

«Իրավագիտություն»

20122025թ, 21122025թ,

ժամը՝ 12։00

ԳՊՀ գլխավոր մասնաշենք, ակադեմիական խորհրդի նիստերի դահլիճ

Սիրով հրավիրում ենք ձեզ՝ մասնակցելու ուսանողական գիտաժողովներին։

ԳՊՀ ԴԱԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ

Գավառի պետական համալսարանի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են  տարբեր միջազգային ծրագրերի՝ լավագույնս ներկայացնելով համալսարանը և ձեռք բերած առաջավոր փորձը ծառայեցնելով  կրթական, գիտահետազոտական նպատակների։ Ս․ թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում ԳՊՀ կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանը Լեհաստանի Վարշավա քաղաքում մասնակցեց «Interlab+ Toolbox for Intercultural Cooperation» ծրագրին, իսկ Գերմանիայի  Բոնն քաղաքում՝ «YOCOMO Lab» ծրագրին։ Նշված միջազգային ծրագրերի հիմնական նպատակը վերապատրաստման դասընթացների միջոցով միջմշակութային իրազեկվածության բարձրացումն է և միջազգային աշխատանքային խմբերում արդյունավետ համագործակցության համար անհրաժեշտ հմտությունների զարգացումը։

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները ներկայացրին իրենց փորձը, բացահայտեցին արդյունավետ հաղորդակցության տարբեր մեթոդներ, ընդլայնեցին գիտելիքները և ձեռք բերեցին նոր գործընկերներ։

Դասընթացի ավարտին Լալա Մկրտչյանը ստացավ մասնակցության վկայական և «YOUTHPASS» հավաստագիր։

 

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԲՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ «ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ. ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերության կողմից համալսարանի 90-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված «Կրթությունը և հետազոտությունը. նոր հորիզոններ» խորագրով ուսանողական միջազգային գիտաժողովին և հանդես եկան զեկուցումներով՝ հետևյալ թեմաներով․

1. Արմինե Ասլանյան՝ ԳՊՀ «Պատմություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղեկալ Տ. Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանի՝ Իոսիֆ Ստալինի հետ հանդիպման շուրջ», գիտական ղեկավար՝ պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյան,

2. Լենա Խաչատրյան՝ ԳՊՀ «Պատմություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Շահ Աբասի քաղաքականությունը Կովկասում», գիտական ղեկավար՝ Քանաքարա Հայրապետյան,

3. Աննա Ասլանյան՝ ԳՊՀ «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ ««Հեթանոսական շարժումը» հայ գրականության մեջ», գիտական ղեկավար՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վաչագան Գրիգորյան,

4. Լաուրա Մանուկյան՝ ԳՊՀ «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Նորարական մեթոդները որպես սովորողների մոտիվացիայի բարձրացման արդյունավետ միջոց», գիտական ղեկավար՝ ԳՊՀ դասախոս Ռուզաննա Սարգսյան,

5. Քրիստինե Բատիկյան՝ ԳՊՀ «Հայոց լեզու և գրականություն» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Հավատալիքային և պաշտամունքային տարրերը հանելուկներում», գիտական ղեկավար՝ բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Ղռեջյան,

6. Մանվել Գևորգյան՝ «Ֆինանսներ» բաժնի 3-րդ կուրսի ուսանող, թեմա՝ «Զբոսաշրջության զարգացման հիմնախնդիրները ՀՀ Գեղարքունիքի մարզում», գիտական ղեկավար՝ աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյան,

7. Նելլի Գրիգորյան՝ «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի, թեմա՝ «Միջմշակութային հաղորդակցության դերը տուրիզմի զարգացման գործում», գիտական ղեկավար՝ աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամայիս Ավագյան:

Գիտաժողովի ավարտին մասնակիցները ստացան հավաստագրեր:

ԳՊՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԵՄ ‹‹ERASMUS+T-GREEN›› ԾՐԱԳՐԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը, հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ Հակոբ Ղուլոյանը, նույն ամբիոնի դասախոս, ԳՊՀ գլխավոր հաշվապահ Գուրգեն Մուրադյանը, ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը Պորտուգալիայի Պորտո քաղաքի Կաթոլիկ համալսարանում մասնակցեցին Եվրոպական միության ‹‹Erasmus+T-Green․ Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» ծրագրի աշխատաժողովին՝ նվիրված մագիստրոսական ծրագրերի իրականացման արդյունքների քննարկմանը։
Ծրագրի գործընկեր եվրոպական համալսարանների՝ Պորտուգալիայի, Լեհաստանի, Հունաստանի, Լիտվայի բուհերի պատվիրակները ներկայացրին իրենց երկրներում իրականացվող համատեղ, կրկնակի և բազմակի մագիստրոսական ծրագրերի իրավական կարգավորումները։
Հայաստանյան բուհերի աշխատակիցները ներկայացրին ԵՄ ծրագրի շրջանակում մշակված և փորձնական իրականացվող մագիստրոսական ծրագրերը, ինչպես նաև այն վերամասնագիտացված դասընթացները, որոնք ընդգրկված են հարակից մագիստրոսական կրթական ծրագրերում և ներառում են «կանաչ կրթությանը» վերաբերող թեմաներ:
Գավառի պետական համալսարանի ‹‹Կանաչ տնտեսություն և կայուն զարգացում›› մագիստրոսական կրթական ծրագիրը, ինպես նաև ‹‹Erasmus+T-Green›› ծրագրի շրջանակում վերամշակված «Նախագծի կառավարում», «Տնտեսագիտության փիլիսոփայություն», «Արտադրական բիզնեսի զարգացման միտումները», «Լոգիստիկա», «Կորպորատիվ ֆինանսական կառավարում», «Ֆինանսական մենեջմենթ», «Ֆինանսական վերլուծություն», «Ներդրումային նախագծերի գնահատում» դասընթացների հիմնական նպատակները, ծրագրում ունեցած այլ ձեռքբերումները ներկայացրեց ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը։
Աշխատաժողովի ընթացքում ՀՀ բուհերի ներկայացուցիչները քննարկեցին համատեղ մագիստրոսական ծրագրերի հետագա իրականացմանը վերաբերող հարցեր։ ԳՊՀ ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցեցին քննարկումներին, հանդես եկան կարևոր դիտարկումներով ու առաջարկություններով։

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ ս․ թ․ դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն, կիրականացվի դպրոցների 2025-2026 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2026 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների հայտագրման գործընթացը: Քննությունների I փուլը կկայանա 2026թ․ հունվար, փետրվար ամիսներին։ Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ս․ թ․ դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում 2025թ․ դեկտեմբերի 15-ից 30-ը։
Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:
Շրջանավարտը (դիմորդը) առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար շրջանավարտը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2025-2026 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է այստեղ:
Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև՝
• 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
• անձնագրի կամ ծննդյան վկայականի տվյալները,
• ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են`
• պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
• 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
• ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
• առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոնշյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:
Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են 2025թ․ դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:

Աղբյուր՝ dimord.am

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ «ԲԱՅԱԶԵՏ» ԹԻՄԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ «CASEKEY 2025» ՄՐՑՈՒՅԹԻՆ

Գավառի պետական համալսարանի բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների «Բայազետ» թիմը հաջողությամբ մասնակցեց «CaseKey 2025» բիզնես խնդիրների լուծման մրցույթին և հասավ եզրափակիչ փուլին, որը կայացավ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ «Բայազետ» թիմում ընդգրկված էին «Տնտեսագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանը, նույն բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Օլյա Ավետիսյանը, «Ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Օֆելյա Մանուկյանը և Անահիտ Ասատրյանը։

Թիմի մարզիչներն են ԳՊՀ շրջանավարտ, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս Վարդան Գարեյանը և ԳՊՀ «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սամվել Մանուկյանը, ով նախորդ տարի մասնակցել էր մրցույթին՝ որպես բակալավրիատի ուսանող։ Թիմին ուղեկցում և ոգեշնչում էր ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը։ Մրցույթի մասնակիցներն ունեցան հետաքրքիր հանդիպումներ և ուսուցողական քննարկումներ «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի, «Արմենիան Քարդ» (ԱրՔա) ընկերության գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանի հետ։ ԳՊՀ «Բայազետ» թիմը «ԱրՔա»-յի կողմից ներկայացված բիզնես խնդրի լուծման համար հինգ մրցութային փուլերից մեկում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ արժանանալով մրցույթի կազմակերպիչների և ժյուրիի բարձր գնահատականին։

«CaseKey 2025» մրցույթն ամփոփեց և ուսանողների մասնակցությունը կարևորեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ԳՊՀ ռեկտորատը շնորհավորում է ԳՊՀ ուսանողներին և մարզիչներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

ՑԵՐԵԿՈՒՅԹ ԳՊՀ-ՈՒՄ՝ «ԲԱՐԵՎ, ՄԵ՛ՆՔ ԵՆՔ, ՄԵ՛Ր ԱՐԺԵՔՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ

Գավառի պետական համալսարանում կայացավ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի առաջին կուրսեցիների առաջին բեմելը՝ «Բարև, մե՛նք ենք,  մե՛ր արժեքները» խորագրով։ Միջոցառմանը մասնակցեցին ԳՊՀ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անդամներ, ուսանողներ, աշակերտներ և ուսուցիչներ Գավառի ավագ դպրոցից, Գավառի Մնացական Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցից։

Ցերեկույթը բաղկացած էր երեք մասից. նախ ինքնատիպ ու խորհրդանշական ձևով հանդես եկան առաջին կուրսի ուսանողները, ովքեր ընտրել էին իրենց էությունն ու խառնվածքը բնութագրող առարկաներ և ներկայացան այդ առարկաների հետ միասին։ Երկրորդ հատվածում խոսվեց կրթության դերի կարևորության մասին, անդրադարձ կատարվեց հայ գրականության երեք մեծերի՝ Խաչատուր Աբովյանին, Վահան Տերյանին և Համո Սահյանին, իսկ եզրափակիչ մասում ուսանողները ներկայացրին իրենց արժեքները՝ որպես կյանքի սոցիալ-մշակութային կողմնորոշիչներ՝ նշելով, որ հաճախ մարդուն կարելի է բնութագրել այն տեսանկյունից, թե ինչ է անձը ընտրում և ինչ արժեքների է դավանում։

Ուսանողներին ջերմորեն ողջունեցին և հաջողություններ մաղթեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը, բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի դեկան Մարտին Ավագյանը, դեկանի տեղակալ Մելանյա Գարեյանը, հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը։

Ցերեկույթն ուղեկցվեց ԳՊՀ առաջին կուրսեցիների և Նորատուսի արվեստի դպրոցի սաների երաժշտական և պարային գեղեցիկ կատարումներով:

Scroll to Top
Գավառի պետական համալսարան