ԿԱՅԱՑԱՎ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

Ս․ թ․ մայիսի 3-ին և 4-ին տեղի ունեցավ Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովը, որը նվիրված էր բուհի հիմնադրման 32-րդ տարեդարձին։ Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին և գիտահետազոտական գործունեությունը կարևորեցին համալսարանի համահիմնադիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը և բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել 35 բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների 129 ներկայացուցիչներ՝ գիտության դոկտորներ, թեկնածուներ, ինչպես նաև երիտասարդ հետազոտողներ, որոնք հանդես եկան որպես 102 գիտական զեկուցման հեղինակներ և համահեղինակներ։ Լիագումար նիստին ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վարազդատ Ավետիսյանը ներկայացրեց զեկուցում՝ «Արհեստական բանականությունը կրթությունում. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով, որից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին 10 մասնագիտական բաժանմունքներում։ Գիտաժողովի 2 օրերի ընթացքում առցանց ձևաչափով հանդես եկան Գավառի, Երևանի, Շիրակի, Գորիսի պետական համալսարանների, Հայկական պետական մանկավարժական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և ազգային ագրարային համալսարանների, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայ-ռուսական համալսարանի, Եվրասիա միջազգային և Երևանի Հայբուսակ համալսարանների, Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոսները։ Գիտաժողովին իրենց արժեքավոր մասնակցությունը բերեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի, ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների՝ Լեզվի, Պատմության, Հնագիտության և ազգագրության, Արվեստի, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի, Տնտեսագիտության, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ինչպես նաև Հայոց ազգագրության և Երևան քաղաքի պատմության թանգարանների գիտաշխատողները։ Ողջունելի է այն փաստը, որ իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացրին քոլեջների դասախոսներ և դպրոցների ուսուցիչներ Գավառից, Երևանից, Արարատից ու Իջևանից, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի, պետական այլ մարմինների և մասնավոր ընկերությունների աշխատակիցներ։ Ներկայացվեցին բնական և հումանիտար գիտությունների արդի հիմնահարցերի վերաբերյալ բովանդակալից զեկուցումներ, որոնք ուղեկցվում էին հետաքրքիր քննարկումներով։ Շնորհակալություն ենք հայտնում ԳՊՀ գիտաժողովի բոլոր մասնակիցներին և տեղեկացնում, որ մասնագիտական բաժանմունքների աշխատանքներին կանդրադառնանք առանձին հրապարակումներով։
ԳՊՀ 28-րդ գիտաժողովի կազմկոմիտե

ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ՝ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ VIRTUAL VOYAGES» ԾՐԱԳՐԻ ԱՆԴԱՄ

Գավառի պետական համալսարանն անդամակցում է Եվրոպական միության «Էրազմուս+Վիրտուալ ճանապարհորդությունների միջոցով լայնածավալ կարողությունների ձեռքբերում /Acquiring Transversal Competences through Virtual Voyages» ծրագրին, որն իրականացվում է նոր՝ «Էրազմուս+ Վիրտուալ փոխանակումներ» գործողությունների ծրագրի շրջանակում և որի նպատակն է իրականացնել վիրտուալ-առցանց ակադեմիական շարժունության ծրագրեր՝ նպաստելու մասնակիցների միջև միջմշակութային երկխոսության կայացմանը և ճկուն հմտությունների զարգացմանը։

Հայաստանյան բուհերից ծրագրին մասնակցում է միայն Գավառի պետական համասլարանը։ «Virtual Voyages» նախագիծը նպատակ ունի ստեղծել վիրտուալ փոխանակման հնարավորություններ ուսանողների համար՝ մասնագիտական առաջընթացի պլանավորմանը, կարողությունների և ճկուն հմտությունների զարգացմանը վերաբերող թեմաներով՝ օգտվելով արդեն իսկ գոյություն ունեցող էլեկտրոնային ուսուցման հարթակի՝ thevoyage.eu-ի հնարավորություններից: Նախագծի նպատակն է նաև խթանել փոխըմբռնումը և հանդուրժողականությունը Հայաստանից, Ռումինիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Վրաստանից, Մոլդովայից և ծրագրին մասնակցող այլ երկրների բուհերի 2100 ուսանողների շրջանում, ովքեր կունենան հնարավորություն վիրտուալ կերպով շփվելու, փոխանակելու իրենց մտքերը, գաղափարները և փորձառությունը՝ միաժամանակ բարելավելով սեփական կարողություններն ու հմտությունները նշված ոլորտներում: Կկազմակերպվեն ինչպես համաժամանակյա, այնպես էլ տարժամանակյա  գործողություններ, և ուսանողները կօգտվեն վիրտուալ հարթակում առկա էլեկտրոնային նյութերից: Համալսարանի դասախոսական կազմի, երիտասարդ աշխատակիցների և դասընթացավարների համար ևս կկազմակերպվեն դասընթացներ՝ բարելավելու նրանց թվային գրագիտությունը, «փափուկ» հմտությունները և էլեկտրոնային ուսուցման նոր գործիքները գործնականում կիրառելու ունակությունները:

Ս․ թ․ ապրիլի 30-ին առցանց ձևաչափով կայացավ նախագծի մեկնարկային հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի աշխատանքային փաթեթները, գործողության պլանը, ծրագրի տեղեկատվության տարածման պլանը, վիրտուալ հարթակի առանձնահատկությունները։ Մասնակից բուհերի պատվիրակները ներկայացրին իրենց բուհերը, քննարկվեցին ծրագրի շրջանակում առաջիկայում կատարվելիք գործողությունները և դրանց վերջնաժամկետները։

Գավառի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցեցին արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը։

 

ՄԱՔՈՒՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ՝  ՈՐԱԿՅԱԼ ԿՅԱՆՔԻ ԳՐԱՎԱԿԱՆ

Մարդու կյանքի որակն ապահովող կարևոր գործոններից է մաքուր միջավայրը, ինչը պահանջում է ամենօրյա խնամք և հոգածություն։

Ինչպես ասել է Լեոնարդո դա Վինչին,- «Բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել, մեզ միայն մնում է սովորել բնությունից»: Մեր պարտքն է պահպանել բնությունը, խնայողաբար օգտագործել բնական ռեսուրսները, չաղտոտել այն միջավայրը, որտեղ ապրում, սովորում  և աշխատում ենք, անցկացնում մեր ազատ ժամանակը։

Այսօր Գավառի պետական համալսարանի ուսանողները, դասախոսները, վարչական և տնտեսատեխնիկական աշխատակազմը տիրոջ սրտացավությամբ մասնակցեցին համապետական շաբաթօրյակին՝ կատարելով մաքրման աշխատանքներ բուհի և հարակից տարածքներում, կարևորելով համայնքն ու հայրենիքը, փողոցն ու այգին, դպրոցն ու համալսարանը մշտապես մաքուր պահելու կենսական անհրաժեշտությունը:

 

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՐԿԱ

Գավառի պետական համալսարանում կայացած միջազգային գիտական ֆորումում քննարկվեց մշակույթի և արվեստի դերը գլոբալացման դարաշրջանում։ Ֆորումի մասնակիցներին ողջունեց և մշակույթի ու արվեստի համամարդկային նշանակության մասին խոսեց բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Գիտական զեկուցումներով հանդես եկան Լեհաստանի Օլշտինի Վարմիայի և Մազուրիի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկին, նույն ամբիոնի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Աննա Դասժևսկան, Արվեստի ինստիտուտի պրոֆեսոր, արվեստաբանության դոկտոր Քշիշտոֆ Շատրավսկին, Վարշավայի կաթոլիկ համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Արթուր Վիսոցկին, ՌԴ ֆինանսական համալսարանի Վլադիկովկասի մասնաճյուղի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Վիկտոր Բետանովը, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սյուզաննա Եղիազարյանը։ Ելույթ ունեցան սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի և շինարարության ու դիզայնի պետական ​​համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Բիստրյանցևը, Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս, դոկտորանտ Իննա Իլյիչևան։ Ֆորումին ներկա էին նաև Բրեստի պետական համալսարանի, ակադեմիկոս Մ. Դ. Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական ​​նավթային տեխնիկական համալսարանի պատվիրակներ։ Ներկայացված զեկուցումները հետաքրքիր էին և ուղեկցվում էին բովանդակալից քննարկումներով։
Ֆորումին մասնակցեցին ԳՊՀ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև Գավառի այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Ֆորումի աշխատանքները ղեկավարեց և արդյունքներն ամփոփեց ԳՊՀ պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու Արմեն Սահակյանը։

Ս․ Թ․ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ԱՌՑԱՆՑ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ԱՄԵՆԱՄՅԱ՝  28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գավառի պետական համալսարանի 28-րդ գիտաժողովի կազմկոմիտեն տեղեկացնում է, որ ԳՊՀ ամենամյա գիտաժողովը կկայանա 2025թ. մայիսի 3-ին,  սկիզբը՝ ժամը 11։00-ին, առցանց ձևաչափով։

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

Գիտաժողովի ծրագիր

Լիագումար նիստին  միանալու հղումն է՝

https://meet.jit.si/moderated/5c234f758314772946cda6a294fe278d07bde10c34821242af09b91c882a9a35

Լիագումար նիստից հետո գիտաժողովը կշարունակվի 10 մասնագիտական բաժանմունքներում, որոնց աշխատանքներին կարող եք մասնակցել ծրագրի համապատասխան բաժիններում նշված հղումներով։

Լիագումար նիստի և բոլոր բաժանմունքների հղումները հասանելի են նաև  ներքոհիշյալ հասցեով՝

https://gsu.am/git/links.html

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը։

Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

+374 60 460302,   60-46-12-43,    60-46-12-99,   077-37-51-51։

Ինչպես նաև կարող եք դիմել մասնագիտական բաժանմունքների տեխնիկական պատասխանատուներին, որոնց հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները կարող եք գտնել ծրագրի համապատասխան բաժիններում։

Ս․ թ․ մայիսի 3-ին ԳՊՀ 28-րդ գիտաժողովին չմասնակցած հեղինակները կարող են զեկուցել մայիսի 4-ին, ժամը՝ 11:00-ին, առցանց ձևաչափով, հետևյալ հղումով․

https://meet.jit.si/moderated/5c234f758314772946cda6a294fe278d07bde10c34821242af09b91c882a9a35

Հարցերի դեպքում մեզ կարող եք գրել ԳՊՀ էլփոստի հետևյալ հասցեներով՝

infogsu@mail.ru և   info@gsu.am

Շնորհակալություն համագործակցության համար։

ԳՊՀ 28-րդ գիտաժողովի կազմկոմիտե

 

 

 

ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ՝ «ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԱՐՎԵՍՏԻ ԴԵՐԸ ԳԼՈԲԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ

Տեղեկացնում ենք, որ Գավառի պետական համալսարանում կկայանա միջազգային գիտական ֆորում՝ «Մշակույթի և արվեստի դերը գլոբալիզացիայի դարաշրջանում» խորագրով։

Ֆորումը կանցկացվի ս․ թ․ ապրիլի 30-ին, սկիզբը՝ ժամը 11․00-ին, զուգակցված՝ առկա-առցանց ձևաչափով, ԳՊՀ գիտական խորհրդի նիստերի սրահում։

Հրավիրում ենք դասախոսների, ուսուցիչների, ասպիրանտների, ուսանողների, բարձր դասարանների աշակերտների, թեմայով հետաքրքրված անձանց՝ մասնակցելու ֆորումին։ Առցանց ձևաչափով կարող եք միանալ հետևյալ հղումով՝

https://meet.jit.si/moderated/5c234f758314772946cda6a294fe278d07bde10c34821242af09b91c882a9a35

Ստորև ներկայացվում է ֆորումի ծրագիրը։

Դիտել ծրագիրը

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՌԱԾ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴԱԾ ԳՊՀ-ԱԿԱՆՆԵՐԸ

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում: Իտալիայում՝ Հռոմի Սապիենզա համալսարանում իր ուսումնառության հաջողված փորձով կիսվեց «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Նոնա Հովեյանը։
Հետաքրքիր հաշվետվություններ ներկայացրին ԳՊՀ oտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Գայանե Միրիբյանը, ով դասախոսություններով հանդես էր եկել Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում, նույն ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը, ով դասախոսել էր Պորտուգալիայի Էվորայի համալսարանում և իրավագիտության ամբիոնի դասախոս Լուսինե Բախտիկյանը, ով Էվորայի համալսարանում մասնակցել էր վերապատրաստման դասընթացի։ Համալսարանականները նշեցին, որ միջազգային փոխանակման ծրագրերը բացառիկ հնարավորություն են միջմշակութային հաղորդակցության, մասնագիտական զարգացման, համատեղ հետազոտական նախագծերի իրականացման համար։

ԳՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԳԱՎԱՌԻ ԵՎ ՍԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Գավառի պետական համալսարանը համագործակցում է ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների և քոլեջների հետ, կազմակերպում հանդիպումներ, փոխայցելություններ։ Օրերս համալսարանը սիրով հյուրընկալեց Գավառի և Սևանի ավագ դպրոցների, ինչպես նաև Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։ Հյուրերը հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ, լսեցին օգտակար խորհուրդներ կրթության կարևորության և մասնագիտական ճիշտ կողմնորոշման մասին, մասնակցեցին եվրոպական բուհերից վերադարձած համալսարանականների հետ հաշվետու հանդիպմանը։ Բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրեց համալսարանի իրականացրած միջազգային ծրագրերը, անդրադարձավ ԳՊՀ ուսանողների՝ արտասահմանյան բուհերում սովորելու հնարավորություններին: Հյուրերն այցելեցին բուհի Վարշամ Ավետյանի անվան թանգարան։
Scroll to Top
Գավառի պետական համալսարան