Flat Preloader Icon

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՇՊՀ-Ի ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

2025թ. հունիսի 27-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ հանրապետական ուսանողական գիտաժողով, որին մասնակցեց Գավառի պետական համալսարանի «Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ» բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Ռոզա Աբրահամյանը` ներկայացնելով զեկուցում «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ազդեցությունը ֆինանսական որոշումների կայացման գործընթացում» թեմայով։ Ուսանողի գիտական ղեկավարն է ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը։ Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 100 ուսանողներ և երիտասարդ հետազոտողներ` Շիրակի, Գավառի, Երևանի, Վանաձորի պետական համալսարաններից, Հայաստանի պետական մանկավարժական, տնտեսագիտական համալսարաններից և Հայ-ռուսական համալսարանից։ Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնագիտական բաժանմունքներում, այնուհետև կազմակերպվեց էքսկուրսիա, և ներկայացվեցին Գյումրու պատմամշակութային վայրերը:

ԳՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ «ԷՐԱԶՄՈՒՍ+ VIRTUAL VOYAGES» ԾՐԱԳԻՐԸ

Գավառի պետական համալսարանում քննարկվեց Եվրոպական միության «Էրազմուս+Վիրտուալ ճանապարհորդությունների միջոցով համապիտանի կարողությունների ձեռքբերում» ծրագիրը, որն իրականացվում է «Էրազմուս+ Վիրտուալ փոխանակումներ» գործողությունների ծրագրի շրջանակում և որին ՀՀ-ից մասնակցում է Գավառի պետական համալսարանը։ Բուհի արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց ծրագրի աշխատանքային փաթեթները, նպատակները, սահմանված վերջնարդյունքները։ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հստակեցրեց առաջադրված խնդիրները, դրանց լուծման հետ կապված բովանդակային ու կազմակերպական հարցեր։ Նշվեց, որ ծրագիրը վիրտուալ հարթակի միջոցով վերապատրաստելու է շուրջ 2100 ուսանողի, ովքեր կունենան առցանց համագործակցելու, առաջադեմ գաղափարներ փոխանակելու և օգտակար փորձառություն ձեռք բերելու հնարավորություն՝ բարելավելով իրենց մասնագիտական և սոցիալական՝ ճկուն հմտությունները։ Միաժամանակ, «Virtual Voyages» ծրագրին կմասնակցի շուրջ 200 աշխատակից, ովքեր կզարգացնեն թվային միջավայրում աշխատելու կարողությունները։ Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան «Youthpass» միջազգային ընկերության կողմից վավերացված հավաստագրեր։

ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 9-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2025 թվականի մայիսի 3-ին և 4-ին տեղի ունեցավ Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովը։ Բնական գիտություններին նվիրված 9-րդ բաժանմունքում զեկուցումներով հանդես եկան Գավառի պետական համալսարանի ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի, Գորիսի պետական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի /ՀԱԱՀ/ տվյալագիտության ամբիոնի, Հայ-Ռուսական համալսարանի էկոնոմիկայի և  ֆինանսների ամբիոնի, ՀԱԱՀ ագրարային քաղաքականության և տնտեսագիտության հետազոտական կենտրոնի, ՀԱԱՀ ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի, Շիրակի պետական համալսարանի մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ, ինչպես նաև Իջևան քաղաքի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ուցուցիչ։

Գիտաժողովն ապահովեց արժեքավոր հարթակ գիտնականների, երիտասարդ հետազոտողների և ոլորտի մասնագետների համար՝ փոխանակելու գաղափարներ,  հնարավորություն տալով  համախմբել տարբեր հաստատությունների մասնագետներին՝ ստեղծելով միջգիտակարգային քննարկումների արդյունավետ  միջավայր, նպաստելով նոր մոտեցումների բացահայտմանը՝ լուսաբանելով բնագիտության  ոլորտում առկա մարտահրավերները և դրանց հնարավոր լուծումները, անդրադարձ կատարելով նաև հանրակրթության ոլորտում  բնագիտության դասավանդման որոշ հարցերի: Գիտաժողովին ներկայացված զեկուցումները կհրապարակվեն և հասանելի կդառնան մասնագիտական հանրությանը։

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ “CASE KEY ACADEMY” ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ

Գավառի պետական համալսարանի «Տնտեսագիտություն» բաժնի ուսանողներ Արմինե Սաֆոյանը և Օլյա Ավետիսյանը, «Ֆինանսներ /ըստ ոլորտի/» բաժնի ուսանող Օֆելյա Մանուկյանը մասնակցեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացած “Case Key Academy” կրթական ծրագրի առաջին փուլին։
“Case Key Academy” ծրագիրը բիզնես խնդիրների լուծման “Case Key” մրցույթի բաղկացուցիչ մասն է, որը նպատակ ունի զարգացնել ուսանողների վերլուծական հմտությունները, ռազմավարական մտածողությունը, թիմային աշխատանքի և արդյունավետ որոշումներ կայացնելու կարողությունները:
ԳՊՀ ուսանողուհիները մասնակցեցին բիզնես խնդիրների լուծմանը նվիրված սեմինարների՝ խորացնելով իրենց գիտելիքները գործարարության ոլորտի խնդիրների վերլուծության և լուծման ուղիների մասին:

ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 8-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովի 8-րդ բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ օտար լեզվի և գրականության, ինչպես նաև դասավանդման մեթոդիկայի վերաբերյալ։

Զեկուցումներով հանդես եկան մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Գավառի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս Ռուզաննա Սարգսյանը, ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սաթենիկ Հայթյանը, նույն ամբիոնի դասախոս Lիլիթ Թոռչյանը, ԳՊՀ մագիստրատուրայի անգլերեն լեզվի և գրականության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Նատաշա Բաղդասարյանը, Իջևան քաղաքի Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Սոնա Հովհաննիսյանը։

Բաժանմունքի աշխատանքներն ընթացան ակտիվ հարցուպատասխանի և քննարկումների մթնոլորտում։

 

ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆ՝ «ԲՅՈՒՋԵՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Գավառի պետական համալսարանի բակալավրիատի «Տնտեսագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Սաֆոյանը 2024 թվականի դեկտեմբերից մինչև սույն թվականի ապրիլը մասնակցել է երիտասարդ մասնագետներին բյուջետային գիտելիքների փոխանցմանն ուղղված ուսումնական ծրագրին, որն իրականացվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի և «Ագորա Սենթրլ Յուրոփ»-ի համատեղ ջանքերով գործարկվող «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում։
Ուսումնական ծրագիրը ներառել է ինտերակտիվ դասընթացներ և գործնական աշխատանքներ՝ ուղղված պետական բյուջեի ձևավորման, կառավարման և թափանցիկության ապահովման ոլորտներում մասնակիցների գիտելիքների ու կարողությունների զարգացմանը։ Բյուջետային գործընթացի հիմնական փուլերին՝ բյուջեի պլանավորումից մինչև դրա վերահսկմանը, բյուջետային փաստաթղթերին, հանրային ֆինանսների բաշխման արդարացիությանն ու արդյունավետությանը վերաբերող տեսական գիտելիքներից զատ, իրականացվել են գործնական աշխատանքներ։ ԳՊՀ ուսանողուհին մյուս մասնակիցների հետ մշակել է բյուջետային առաջարկի և մասնակցային բյուջետավորման ծրագրի նախագծեր, ներկայացրել հանրային ոլորտում բյուջետային ֆինանսավորման փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ։

ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի 28-րդ տարեկան գիտաժողովի 7-րդ բաժանմունքում ներկայացված զեկուցումները վերաբերում էին գրականագիտության և բանագիտության տարբեր հիմնահարցերի։ Զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ դասախոսներ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Առաքելյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսինե Ղռեջյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսինե Հայրիյանը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Մատիկյանը, Գավառի պետական համալսարանի և Հայ-ռուսական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նաիրա Իսկանդարյանը։ Համահեղինակությամբ զեկուցումներ ներկայացրին Շիրակի պետական համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Ավագյանը և ՇՊՀ հայոց լեզվի և գրականության մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Հերիքնազ Հովհաննիսյանը, 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Մկրտչյանը:

Զեկուցումները վերաբերում էին հայ և համաշխարհային գրականության պատմության տարբեր խնդիրների, ժողովրդական բանահյուսության առանձին ժանրերի վերլուծությանը: Համալսարանի գիտական պարբերականում կներկայացվեն բոլոր զեկուցումները, ինչպես նաև կտպագրվի ԳՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանի գրականագիտական բովանդակալից հոդվածը։

ՀՐԱՎԻՐՈՒՄ  ԵՆՔ   ԳՊՀ  ՀԵՌԱԿԱ  ԲԱԺՆԻ  ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ  ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Գավառի պետական համալսարանի հեռակա բաժնի սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2025 թվականի ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասերը բոլոր կուրսերում կմեկնարկեն 2025թ. հունիսի 4-ին և կավարտվեն 2025 թ. հունիսի 22-ին:

Դասերին մասնակցելը պարտադիր է։ Խնդրում ենք ժամանակին և պատշաճ կերպով կատարել ձեր ուսումնական ու ֆինանսական  պարտականությունները։

Հիմքերի առկայության դեպքում ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում, բուհի կողմից զեղչ ստանալու մասին դիմումները և համապատասխան փաստաթղթերն  ընդունվում են մինչև 2025 թվականի հունիսի 11-ը` ներառյալ։

Այն ուսանողներին, ովքեր զինվորական ծառայության զորակոչվելու վերաբերյալ ծանուցագիր են ստացել, խնդրում ենք ծանուցագրի պատճեն՝ դիմումին կից, ներկայացնել ռեկտորատ՝ տարկետում ստանալու նպատակով։

Ձեզ հետաքրքրող հարցերով կարող եք դիմել ԳՊՀ ֆակուլտետների դեկանատներ, ամբիոններ,  ռեկտորատ։ Համալսարանի բոլոր կառուցվածքային ստորաբաժանումներն ու աշխատակիցները սիրով սպասում են ձեզ։

Մաղթում ենք արդյունավետ ուսումնառություն։

ԳՊՀ ռեկտորատ

 

 

ԳՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Գավառի պետական համալսարանում սահմանված կարգով ընթացավ բակալավրիատի և մագիստրատուրայի 2024-2025 ուսումնական տարվա ավարտական կուրսերի ուսանողների ամփոփիչ ատեստավորումը։ ԳՊՀ առկա և հեռակա բաժինների բակալավրիատի շրջանավարտները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները, իսկ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները՝ մագիստրոսական թեզերը։

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահներն ու անդամները բարձր գնահատեցին շրջանավարտների  մասնագիտական պատրաստվածությունը՝ գոհունակություն հայտնելով ընտրված թեմաների արդիականության, կատարված ուսումնասիրությունների որակի, ներկայացված եզրակացությունների և առաջարկությունների տեսական ու գործնական նշանակության, գիտական ղեկավարների բարեխիղճ աշխատանքի վերաբերյալ։

 

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան