Flat Preloader Icon

ԳՊՀ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ 2025-2026 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը կկազմակերպվի ս․ թ․ հունիսի 5-ից մինչև սեպտեմբերի 1-ը։

Ընդունելությունն իրականացվում է հետևյալ մասնագիտություններով՝

  1. Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
  2. Պատմություն
  3. Հայոց լեզու և գրականություն
  4. Ռուսաց լեզու և գրականություն
  5. Անգլերեն լեզու և գրականություն
  6. Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/
  7. Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
  8. Տնտեսագիտություն
  9. Իրավագիտություն
  10. Համակարգչային ճարտարագիտություն
  11. Կենսաբանություն
  12. Աշխարհագրություն
  13. Բնապահպանություն և բնօգտագործում

Դիմում-հայտի հետ անհրաժեշտ է ներկայացնել․

  • բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակն ու պատճենը,
  • երաշխավորագիր ֆակուլտետի խորհրդից (նախորդ տարիների շրջանավարտները երաշխավորագրեր չեն ներկայացնում),
  • 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի),
  • ինքնակենսագրություն,
  • անձը հաստատող փաստաթուղթը և պատճեն,
  • ընդունելության ծառայությունների համար սահմանված 3000 դրամի վճարի անդորրագիր (փոխանցումը կատարել ցանկացած բանկից՝ «ՎՏԲ Հայաստան» բանկ ՓԲԸ Կամո մ/ճ 16021100146800 հաշվեհամարին) առկայության դեպքում
  • զինվորական ծառայության առնչության վերաբերյալ փաստաթուղթը և պատճեն,
  • հրատարակված գիտական աշխատանքների ցուցակ,
  • ՀՀ օրեսդրությամբ սահմանված հատուկ արտոնություններից oգտվելու մասին փաստաթուղթը և պատճեն (հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք, եթե հավակնորդը I կամ II խմբի հաշմանդամ է, մինչև 23 տարեկան երկկողմանի ծնողազուրկ, զոհված զինծառայողի երեխա լինելու մասին փաստաթղթեր)։

Փաստաթղթերի ընդունման ժամկետը լրանալուց հետո դիմորդների կողմից լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելն արգելվում է: Քննություններին և մրցույթին մասնակցելու դիմում-հայտը փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտից հետո փոփոխման ենթակա չէ:

Կից ներկայացնում ենք մագիստրատուրայի տեղերի քանակը և ուսման վարձավճարի չափերը։

 

Դասիչ Մասնագիտությունը Ընդամենը՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի քանակը Բուհի կողմից հատկացվող վճարովի տեղերի քանակը Ուսման վարձը      հազար դրամ
1 2 3 4 5
011301.00.7 Ընդհանուր մանկավարժություն
011301.01.7 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա 2 13 480
011401.00.7 Մասնագիտական մանկավարժություն
011401.01.7 Կենսաբանություն 10 460
011401.03.7 Աշխարհագրություն 5 460
011401.18.7 Պատմություն 1 10 460
011401.19.7 Հայոց լեզու և գրականություն 2 10 460
011401.20.7 Ռուսաց լեզու և գրականություն 10 460
011401.21.7 Անգլերեն լեզու և գրականություն 2 13 560
041101.00.7 Հաշվապահական հաշվառում և հարկում
041101.01.7 Հաշվապահական հաշվառում /ըստ ճյուղերի/ 12 580
041201.00.7 Ֆինանսներ
041201.01.7 Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ 3 12 580
031101.00.7 Տնտեսագիտություն
031101.01.7 Տնտեսագիտություն 2 10 580
042101.00.7 Իրավագիտություն
042101.01.7 Իրավագիտություն 20 700
061103.00.7 Համակարգչային ճարտարագիտություն
061103.01.7 Համակարգչային ճարտարագիտություն 1 11 570
052201.00.7 Բնապահպանություն և բնօգտագործում
052201.01.7 Բնապահպանություն և բնօգտագործում 10 460

 

 

 

ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ` ԳՊՀ-ՈՒՄ

Գավառի պետական համալսարանում ընթացքի մեջ է 2024-2025 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորումը։ ԳՊՀ բակալավրիատի շրջանավարտները պաշտպանում են ավարտական աշխատանքներ, իսկ մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողները՝ մագիստրոսական թեզեր։ Ս․ թ․ մայիսի 17-ին «Դեղագործական քիմիա», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժինների ուսանողները հաջողությամբ պաշտպանեցին ավարտական աշխատանքները։

Նրանք ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքների արդյունքները՝ դրսևորելով անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ։

Հանձնաժողովի նախագահը և անդամները նշեցին, որ ավարտական աշխատանքները համապատասխանում են բովանդակային և տեխնիկական պահանջներին։

ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 4-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

   Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովի 4-րդ բաժանմունքում քննարկվեցին տնտեսագիտության տարբեր ոլորտներին նվիրված զեկուցումներ։ «Կայուն զարգացման կրթական ծրագրերի ներդրման նշանակությունը տարածքային կայուն  զարգացման  տեսանկյունից» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ԳՊՀ հաշվապահական հաշվառման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հակոբ Ղուլոյանը։

Մրցակցային ռազմավարության վերլուծության փուլերի ու գործիքների վերաբերյալ էր ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Վալերի Առաքելյանի զեկուցումը։ Գիտական զեկուցման համահեղինակն է տնտեսագիտության թեկնածու,  հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու  Սևակ Մարկոսյանը։

Վալերի Առաքելյանը հանդես եկավ նաև «Արտադրանքի մրցունակության մշակման ռազմավարությունը կազմակերպություններում» թեմայով զեկուցմամբ։

Հայ-ռուսական համալսարանի ավագ դասախոս Իվետա Ստեփանյանը ներկայացրեց ուսումնասիրություն՝ «Մարդկային կապիտալի զարգացումը և աշխատանքային խթանների դերը բարձրագույն կրթության համակարգում» թեմայով։

Բաժանմունքի աշխատանքներն ուղեկցվեցին բովանդակալից և արդյունավետ քննարկումներով, ներկայացվեցին տեսական և գործնական նշանակություն ունեցող առաջարկություններ։

 

ԳՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Գավառի պետական համալսարանում ս․ թ․ ապրիլ-մայիս ամիսներին կայացավ «Արհեստական բանականության գրագիտություն» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարում էր ԳՊՀ ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ, տեխնիկական  գիտությունների  թեկնածու Վարազդատ Ավետիսյանը։ Դասընթացի նպատակն էր բարձրացնել արհեստական բանականության (ԱԲ) վերաբերյալ գիտելիքների մակարդակը բուհի դասախոսների շրջանում։ Վերապատրաստման արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գործնական գիտելիքներ և հմտություններ՝ կրթության ոլորտում տարբեր ԱԲ գործիքներ  արդյունավետ կիրառելու վերաբերյալ, որոնք կնպաստեն ինչպես ուսանողների հետ աշխատանքի, այնպես էլ դասախոսների իրականացրած գիտահետազոտական աշխատանքների առավել կազմակերպված և որակյալ իրականացմանը։ Մասնակիցները գոհունակությամբ փաստեցին, որ դասընթացը ծառայեց իր նպատակին։

ԳԱՆՁԱԿԻ ԹԻՎ 2 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳՊՀ-ՈՒՄ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ «Թվային գրագիտություն» և «Ինֆորմատիկա» առարկաների ուսուցչուհի, ԳՊՀ համակարգչային ճարտարագիտության բաժնի շրջանավարտ Արմենուհի Վարդանյանի ղեկավարությամբ այցելեցին Գավառի պետական համալսարան:

Նախագծային աշխատանքի շրջանակում ԳՊՀ դասախոս Արթուր Միրիբյանը վարեց  դաս՝ նվիրված ցանցային անվտանգության ապահովման միջոցներին: Դասի ընթացքում աշակերտները ծանոթացան համացանցում անձնական տվյալների պաշտպանության, գաղտնաբառերի ստեղծման և կիբերհանցագործություններից պաշտպանվելու հիմնական սկզբունքներին: Աշակերտները հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանի հետ և զրուցեցին մասնագիտական կողմնորոշմանը, գիտելիքների ձեռքբերմանը և բարձր արժեքների  ձևավորմանը վերաբերող հարցերի շուրջ:

Աշակերտներն այցելեցին նաև բուհի Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարան, որի ցուցանմուշները ներկայացրեց ԳՊՀ դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանը:

Ինչպես նշեց ուսուցչուհի Արմենուհի Վարդանյանը, նման այցերը նպաստում են աշակերտների շրջանում մասնագիտական կրթության արժևորմանը և օգնում են ավելի գիտակցված մոտենալ մասնագիտության ընտրության կարևոր հարցին:

 

ԿԱՅԱՑԱՎ «ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԱՎԱԹ-2025»  ՄՐՑՈՒՅԹԸ

2025 թվականի մայիսի 14-ին Գավառի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց «ԳՊՀ ուսանողական գավաթ-2025» ինտելեկտուալ մրցույթը, որին մասնակցեցին հումանիտար մասնագիտությունների և բնագիտատնտեսագիտական ֆակուլտետների ուսանողական թիմերը:

Ինտելեկտուալ վիկտորինան ներառում էր բազմաբնույթ հարցեր տարբեր ոլորտներից՝ պատմություն, գրականություն, արվեստ, բնագիտություն, տնտեսագիտություն, աշխարհագրություն, մշակույթ և սոցիալական կյանքի արդի զարգացումներ:

Մրցույթի արդյունքում «ԳՊՀ ուսանողական գավաթ-2025» մրցույթում հաղթող ճանաչվեց բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի թիմը:

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ հաղթող ֆակուլտետին հանձնվեց փոխանցիկ գավաթը, որը յուրաքանչյուր տարի շնորհվում է մրցաշարի  հաղթողին:

Մրցույթի բոլոր մասնակիցներն արժանացան հավաստագրերի։

 

ԳՊՀ ՍԻՐԵԼԻ՛ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐ, ՄԱՍՆԱԿՑԵՔ  ԻՍՊԱՆԻԱՅԻ  ԱԼՄԵՐԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ  ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻՆ

Գավառի պետական համալսարանի հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,   սիրով տեղեկացնում ենք, որ Եվրոպական միության «Էրազմուս +» ծրագրի շրջանակում Գավառի պետական համալսարանի և Իսպանիայի Թագավորության Ալմերիայի  համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեն ս․ թ․ հուլիս ամսվա ընթացքում մասնակցելու Ալմերիայի համալսարանի կողմից կազմակերպված ամառային դպրոցին, իսկ դասախոսները՝  երկու շաբաթ դասավանդելու ամառային դպրոցում:

Անգլերեն լեզվի C1-C2 մակարդակի իմացությունը դասախոսների համար պարտադիր է, իսկ B2 մակարդակի իմացությունը՝ ուսանողների համար պարտադիր է:
Ծրագիրը շահառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

Ծրագրի դիմումներն ընդունվում են   մինչև սթ. հունիսի  7-ը։

Փաստաթղթերը՝ անձնագրի պատճենը, կենսագրությունը, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանքն անհրաժեշտ է ուղարկել iro@gsu.am  էլեկտրոնային փոստին։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարներով։

Մաղթում ենք հաջողություն։

 

 

ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 3-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովի 3-րդ բաժանմունքում տեղի ունեցած քննարկումները նվիրված էին տնտեսության արդի հիմնահարցերին։ Հայաստանի Հանրապետությունում լիզինգային գործունեության և զարգացման հեռանկարների մասին զեկուցմամբ հանդես եկավ ԳՊՀ մագիստրատուրայի տնտեսագիտության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լաուրա Գասպարյանը։ Գիտական զեկուցման համահեղինակն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը։ Կազմակերպությունների վճարունակության և ֆինանսական կայունության գնահատման վերաբերյալ բովանդակալից զեկուցմամբ հանդես եկավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մաթևոսյանը։ Քննարկմանը մասնակցեցին համահեղինակներ ՀՊՏՀ դասախոսներ, տնտեսագիտության թեկնածուներ Սրբուհի Իսրայելյանը, Անի Գրիգորյանը, Մանե Մաթևոսյանը, Լիլիթ Հովականյանը։

Տնտեսական աճի վրա զբոսաշրջության ազդեցությանն անդրադարձավ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԳՊՀ դասախոս  Հարություն Հարությունյանը։

Սպառողական վարկերի տրամադրման պայմանների բարելավման հնարավորությունները ներկայացրեց ԳՊՀ ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Վեներա Հովհաննիսյանը։ Հոդվածի համահեղինակն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ԳՊՀ դասախոս Մարիամ Հերգնյանը։

Բնակչության սոցիալ-տնտեսական կարգավիճակի բարելավման համատեքստում միջբյուջետային փոխանցումների արդյունավետության վերաբերյալ համահեղինակությամբ զեկուցում ներկայացրին տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սամվել Ամիրխանյանը և ԳՊՀ ֆինանսներ /ըստ ոլորտի/ բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մերի Խաչատրյանը։

Պետական աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության մասին էր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագիտության թեկնածու Գոհար Ոսկանյանի զեկուցումը։

Գավառի պետական համալսարանի հաշվապահական հաշվառման ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Մամիկոնյանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության իրավական կարգավորումներում հստակեցումների անհրաժեշտության հիմնահարցերին։

 

ԳՊՀ 28-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ 2-ՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գավառի պետական համալսարանի ամենամյա՝ 28-րդ գիտաժողովի 2-րդ բաժանմունքում քննարկվեցին իրավագիտության հիմնահարցերին նվիրված զեկուցումներ։

Հայաստանի Հանրապետությունում կուսակցությունների գործունեության օրենսդրական կարգավորումների մասին բովանդակալից զեկուցմամբ հանդես եկավ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանը։ Գիտական զեկուցման համահեղինակն է իրավաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Հակոբյանը։

Աշխարհաժողովի՝  որպես հին հայկական պետության բարձրագույն իշխանության մարմնի վերաբերյալ էր ԳՊՀ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական  գիտությունների թեկնածու, դոցենտ Սամվել Խաչատրյանի զեկուցումը։ ՀՀ Սահմանադրական դատարանի գլխավոր մասնագետ, ասպիրանտ Տիգրան Սիմոնյանը հանդես եկավ անվտանգության կառավարման գործառույթների հիմնական հատկանիշների համեմատաիրավական ​​վերլուծությամբ։

Հայ-ռուսական համալսարանի ասպիրանտ Հակոբ Խուդիկյանը ներկայացրեց հետաքրքիր ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարտահրավերների համատեքստում ինքնության քաղաքականության մշակման և ինքնության մոդելների համադրման խնդրի վերաբերյալ։

Հայ-ռուսական համալսարանի հայցորդներ Աննա Հովհաննիսյանը և Ֆիլիպ Արզումանյանը համահեղինակությամբ պատրաստել էին և գիտաժողովին ներկայացրին «փափուկ» ուժի ինստիտուտների գործունեության համատեքստում Հայաստանի իրավազորության ընդլայնման որոշ արդի հարցեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի բարեփոխման օրինակով։ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կրտսեր գիտաշխատող Հռիփսիմե Խաչատրյանը և Արարատի պետական բժշկական քոլեջի դասախոս Հայարփի  Հարությունյանը պատրաստել էին զեկուցում  բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերի և դրանց դեմ պայքարի միջոցների մասին։ Զեկուցման հիմնական դրույթները, եզրակացություններն ու առաջարկությունները ներկայացրեց Հռիփսիմե Խաչատրյանը։ Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջի դասախոս, Եվրասիա միջազգային համալսարանի մագիստրոս Էդգար Մանուչարյանի զեկուցումը նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման իրավահարաբերությունների կարգավորման հիմնախնդիրներին, այդ ոլորտում իրավունքի բացի լրացման հարցերին։ Բոլոր զեկուցումներն ուղեկցվեցին բովանդակալից քննարկումներով, ներկայացվեցին տեսական և գործնական նշանակություն ունեցող առաջարկություններ։

Scroll to Top
Գավառի պետական համալսարան