Մայիսի 16–ը Հայաստանում նշվում է որպես ուսանողների և երիտասարդների օր։
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է բուհի բոլոր ուսանողներին՝ տոնի կապակցությամբ, մաղթում հետաքրքիր և բովանդակալից ուսանողական կյանք, բարձր առաջադիմություն, մասնագիտական կայացում և առաջընթաց։
Գավառի պետական համալսարանի ուսանողները դասերից բացի, մասնակցում են տարբեր միջոցառումների, գիտաժողովների, պրակտիկաների, էքսկուրսիաների, սեմիանար-քննարկումների և ավելի հետաքրքիր դարձնում իրենց ուսանողական առօրյան։ Վերջերս ԳՊՀ ուսանողները մասնակցեցին Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպված «Ունիվերսիադա» միջբուհական մրցույթին։
«Ի՞նց, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ մրցույթին մասնակցեցին Անահիտ Պողոսյանը, Թագուհի Թադևոսյանը, Անի Չանդոյանը, Ակսաննա Ավագյանը, Լիլիթ Սեյրանյանը և Լիլիթ Մարտիրոսյանը, իսկ «Հրաձգության» մրցույթին մասնակցեցին Գուրգեն Գրիգորյանը, Նարե Բաբայանը, Մարիա Գևորգյանը, Միքայել Մամիկոնյանը։
ԳՊՀ ուսանողներ Անահիտ Պողոսյանը, Լիլիթ Սեյրանյանը, Լարիսա Բադալյանը, Արմինե Սեյրանյանը, Թագուհի Թադևոսյանը մասնակցեցին նաև Երևանի պետական համալսարանի բանավեճի ակումբի կողմից կազմակերպված «Արհեստական բանականության զարգացումը սպառնալիք է» թեմայով բանավեճին՝ ակտիվորեն և հիմնավոր փաստարկներով պաշտպանելով իրենց դիրքորոշումը։
ԳՊՀ ուսանողներին մաղթում ենք հետագա հաջողություններ։
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է բուհի շրջանավարտ Արտուշ Բոշյանին` բանաստեղծությունների ժողովածուի լույսընծայման առթիվ։ «Անվարագույր թատրոն» խորագրով բանաստեղծությունների ժողովածուն հեղինակի երկրորդ գիրքն է, որի տպագրությանն աջակցել է Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, իսկ գրքի հրատարակչական աշխատանքներն իրականացվել են «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանի և գրականագետ, Հայաստանի գրողների միության երիտասարդական բաժանմունքի նախագահ Արքմենիկ Նիկողոսյանի գործուն աջակցությամբ։
Հեղինակի ստեղծագործությունների առանցքում են սերը, հայրենիքը, ներանձնային խոհերը, բնություն-մարդ փոխհարաբերությունները։
Երիտասարդ ստեղծագործողը աշխարհի, կյանքի, առօրյա հույզերի ու հոգսերի մասին իր մտորումները ներկայացրել է առանց շղարշների ու սահմանափակող կաղապարների, բաց վարագույների ներքո՝ փորձելով ընթերցող-հանդիսատեսին ոչ միայն հաղորդ դարձնել իր ներաշխարհին, անկեղծ սիրուն ու նվիրումին, այլև հայրենասիրությանը և հայրենապաշտությանը։
Արտուշ Բոշյանին մաղթում ենք անձնական և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Գավառի պետական համալսարանում կազմակերպվեց իրազեկման միջոցառում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում հայտնաբերված «Անդրկովկասյան բազմագույն մողեսիկ» պոպուլյացիայի վերաբերյալ։ Պոպուլյացիան մարդու տնտեսական գործունեության բացասական հետևանքներից պաշտպանելու և դրանց մասին բնակչության շրջանում տեղեկացվածության աստիճանի բարձրացման նպատակով Գավառ համայնքում կազմակերպվում են իրազեկման արշավներ։ Իրազեկման առաջին հանդիպմանը մասնակցեցին Գավառի պետական համալսարանի տարբեր բաժինների սովորողներ։ Ուսանողներին ներկայացվեցին մողեսի առանձնահատկությունները, տարածման արեալները, բնադրավայրերը, ինչպես նաև պոպուլյացիային սպառնող վտանգները։ Տեղեկատվական հանդիպման մասնակիցների համար կազմակերպվելու է արշավ, որի ընթացքում նրանք անցնելու են մողեսի բնադրավայրերի տարածքով, կատարելու են հետազոտություն բնության գրկում։ Արշավի մասնակիցներն իրենց տպավորություններով ու գիտելիքներով կկիսվեն ընկերների շրջանում, ինչը կնպաստի տեղեկատվության տարածմանը և մողեսի այս տեսակի պահպանմանն ու պոպուլյացիայի վերականգնմանը։
ԳՊՀ-ում ուսանողների բնապահպանական կրթությանը նվիրված միջոցառումները կրում են շարունակական բնույթ։
Գավառի պետական համալսարանի օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Սարգսյանը Եվրոպական միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում հանդես եկավ դասախոսություններով։ Պորտուգալական համալսարանում Ռուզաննա Սարգսյանի դասախոսական աշխատանքն իրականացավ երկու հիմնական ուղղությամբ։ Համալսարանի հումանիտար մասնագիտությունների բարձրագույն դպրոցում Ռուզաննա Սարգսյանի դասախոսությունների շարքը (6 ժամ) նվիրված էր ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսումնական պլանով նախատեսված թեմաներին (A1 և A2 մակարդակներ, հյուրընկալ դասախոս՝ պրոֆեսոր Նադեժդա Մաշադու)։ Դասախոսություններում ներառված էր նաև մշակութային և երկրագիտական բաղադրիչ․ զուգահեռներ անցկացվեցին Պորտուգալիայի, Հայաստանի և Ռուսաստանի մշակույթների միջև։
ԳՊՀ դասախոսը սեմինար անցկացրեց Մինհոյի համալսարանի պրոֆեսոր Մարիու Մատուշի դասընթացի շրջանակներում՝ «Հայաստանը որպես քաղաքակրթությունների խաչմերուկ») թեմայով, որին մասնակցեցին «Քաղաքագիտություն», «Միջազգային հարաբերություններ», «Մշակութաբանություն», «Լեզվաբանություն» մասնագիտությունների ուսանողները և Մինհոյի համալսարանի դասախոսներն ու հետազոտողները։ Սեմինարը ներառված էր «Ճամփորդելու մշակույթը» սեմինարների շարքում և լայնորեն լուսաբանվեց Մինհոյի համալսարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնի կողմից։
Ինչպես նշեց տիկին Սարգսյանը, ակադեմիական փոխանակման ծրագրերին մասնակցելը կարևոր նշանակություն ունի, քանի որ նպաստում է եվրոպական լավագույն փորձի ներդրմանը Գավառի պետական համալսարանի կրթական գործընթացում, պայմաններ է ստեղծում հետագա համագործակցության համար, ինչպես նաև ԳՊՀ դասախոսներին թույլ է տալիս իրենց հաջողված մեթոդները կիրառել արտերկրի բուհերում՝ ներկայացնելով եվրոպացի գործընկերներին։
ՀՀ Գեղարքունիքի մարզի դպրոցների հետ համագործակցության ծրագրի շրջանակներում Գավառի պետական համալսարանի պատվիրակներն այցելեցին Գավառի թիվ 7 և թիվ 8 միջնակարգ դպրոցներ, Մարտունու Աստղաձորի, Գեղհովիտի թիվ 1 և թիվ 2, Զոլաքարի թիվ 1 և թիվ 2, Արծվանիստի, Լճաշենի, Ցամաքաբերդի, Գոմաձորի միջնակարգ դպրոցներ, Վարդենիկի կրթահամալիր։
ԳՊՀ ներկայացուցիչները հանդիպեցին դպրոցների տնօրենների, ուսուցիչների և աշակերտների հետ։
Հանդիպումների նպատակն էր ուսումնասիրել դպրոցականների կրթական կարիքները, աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում։
Հանդիպումների ընթացքում համալսարանականներն աշակերտներին ներկայացրին Գավառի պետական համալսարանում իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերը, ուսանողների առօրյան, կրթաթոշակային հիմնադրամներից օգտվելու հնարավորությունները, ԳՊՀ-ի իրականացրած Եվրոպական միության «Erasmus+» միջազգային ծրագրերը։ Հանդիպումներն ամփոփվեցին վիկտորինա խաղ-մրցույթով, որին հաղթողները պարգևատրվեցին հուշանվերներով։
Հանդիպումների ավարտին դպրոցների տնօրենների հետ քննարկվեցին հետագա համագործակցության հետ կապված հարցեր։