2025 թ․ մայիսի 3-4-ին կայացած Գավառի պետական համալսարանի 28-րդ տարեկան գիտաժողովի առաջին բաժանմունքում ներկայացվեցին զեկուցումներ փիլիսոփայական, աստվածաբանական, պատմական, մշակութաբանական գիտությունների վերաբերյալ։ Զեկուցումներով հանդես եկան ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը, ամբիոնի դասախոսները՝ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վալերի Թունյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Հակոբյանը, ասիստենտ Ջուլիետա Մարգարյանը, ինչպես նաև մագիստրոսներ Լուսինե Պողոսյանը և Ալլա Ստեփանյանը, ովքեր հանդես եկան ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Քանաքարա Հայրապետյանի հետ համահեղինակությամբ։ Զեկուցումներ ներկայացրին նաև ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու Արմեն Սահակյանը և ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանը։ Գիտաժողովին մասնակցեցին և զեկուցումներով հանդես եկան Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտության և միջազգային համագործակցության հարցերով դեկանի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Սուսաննա Ադամյանը, Հայոց ազգագրության թանգարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Աշխունջ Պողոսյանը, Երևան քաղաքի պատմության թանգարանի նորագույն պատմության բաժնի վարիչ Մերի Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայցորդ Հայկ Էդիլյանը։ Զեկուցումները բազմաբնույթ էին, վերաբերվում էին հայոց պատմության հիմնահարցերին, Դավիթ Անհաղթի և Բերտրան Ռասելի փիլիսոփայական համակարգերին, մշակութային արժեքների վերլուծությանը, գորգագործությանն ու խաչքարագործությանը։
Բաժանմունքի աշխատանքներն ընթացան ակտիվ հարցուպատասխանի և արդյունավետ քննարկումների մթնոլորտում։
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգելի՛ անդամներ, հայտնում ենք, որ ԳՊՀ-ի և Իսպանիայի Թագավորության Կորդոբայի համալսարանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեն 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում՝ 5 ամիս ժամկետով ուսանելու, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները՝ 1 շաբաթ դասավանդելու կամ վերապատրաստվելու Կորդոբայի համալսարանում:
Անգլերեն լեզվի B2 մակարդակի իմացությունը պարտադիր է: Ծրագիրը շահառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Փաստաթղթերը /դասախոսների համար՝ անձնագրի պատճեն, կենսագրություն, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք, ուսանողների համար՝ անձնագրի պատճեն, կենսագրություն, հետաքրքրության նամակ /motivation letter/, անգլերեն լեզվի իմացության մասին տեղեկանք, ակադեմիական տեղեկանք/ անհրաժեշտ է ուղարկել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնին՝ iro@gsu.am էլեկտրոնային փոստի հասցեով։
Ուշադրություն՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը ս․ թ․ մայիսի 28-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժին կամ զանգահարել 060-46-12-99 հեռախոսահամարով։
Մաղթում ենք հաջողություն։
Գավառի պետական համալսարանն անդամակցում է Եվրոպական միության «Էրազմուս+Վիրտուալ ճանապարհորդությունների միջոցով լայնածավալ կարողությունների ձեռքբերում /Acquiring Transversal Competences through Virtual Voyages» ծրագրին, որն իրականացվում է նոր՝ «Էրազմուս+ Վիրտուալ փոխանակումներ» գործողությունների ծրագրի շրջանակում և որի նպատակն է իրականացնել վիրտուալ-առցանց ակադեմիական շարժունության ծրագրեր՝ նպաստելու մասնակիցների միջև միջմշակութային երկխոսության կայացմանը և ճկուն հմտությունների զարգացմանը։
Հայաստանյան բուհերից ծրագրին մասնակցում է միայն Գավառի պետական համասլարանը։ «Virtual Voyages» նախագիծը նպատակ ունի ստեղծել վիրտուալ փոխանակման հնարավորություններ ուսանողների համար՝ մասնագիտական առաջընթացի պլանավորմանը, կարողությունների և ճկուն հմտությունների զարգացմանը վերաբերող թեմաներով՝ օգտվելով արդեն իսկ գոյություն ունեցող էլեկտրոնային ուսուցման հարթակի՝ thevoyage.eu-ի հնարավորություններից: Նախագծի նպատակն է նաև խթանել փոխըմբռնումը և հանդուրժողականությունը Հայաստանից, Ռումինիայից, Իտալիայից, Պորտուգալիայից, Վրաստանից, Մոլդովայից և ծրագրին մասնակցող այլ երկրների բուհերի 2100 ուսանողների շրջանում, ովքեր կունենան հնարավորություն վիրտուալ կերպով շփվելու, փոխանակելու իրենց մտքերը, գաղափարները և փորձառությունը՝ միաժամանակ բարելավելով սեփական կարողություններն ու հմտությունները նշված ոլորտներում: Կկազմակերպվեն ինչպես համաժամանակյա, այնպես էլ տարժամանակյա գործողություններ, և ուսանողները կօգտվեն վիրտուալ հարթակում առկա էլեկտրոնային նյութերից: Համալսարանի դասախոսական կազմի, երիտասարդ աշխատակիցների և դասընթացավարների համար ևս կկազմակերպվեն դասընթացներ՝ բարելավելու նրանց թվային գրագիտությունը, «փափուկ» հմտությունները և էլեկտրոնային ուսուցման նոր գործիքները գործնականում կիրառելու ունակությունները:
Ս․ թ․ ապրիլի 30-ին առցանց ձևաչափով կայացավ նախագծի մեկնարկային հանդիպումը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրի աշխատանքային փաթեթները, գործողության պլանը, ծրագրի տեղեկատվության տարածման պլանը, վիրտուալ հարթակի առանձնահատկությունները։ Մասնակից բուհերի պատվիրակները ներկայացրին իրենց բուհերը, քննարկվեցին ծրագրի շրջանակում առաջիկայում կատարվելիք գործողությունները և դրանց վերջնաժամկետները։
Գավառի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցեցին արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը և նույն բաժնի մասնագետ Սիրանույշ Մկրտչյանը։
Մարդու կյանքի որակն ապահովող կարևոր գործոններից է մաքուր միջավայրը, ինչը պահանջում է ամենօրյա խնամք և հոգածություն։
Ինչպես ասել է Լեոնարդո դա Վինչին,- «Բնությունն ամեն ինչի մասին հոգ է տարել, մեզ միայն մնում է սովորել բնությունից»: Մեր պարտքն է պահպանել բնությունը, խնայողաբար օգտագործել բնական ռեսուրսները, չաղտոտել այն միջավայրը, որտեղ ապրում, սովորում և աշխատում ենք, անցկացնում մեր ազատ ժամանակը։
Այսօր Գավառի պետական համալսարանի ուսանողները, դասախոսները, վարչական և տնտեսատեխնիկական աշխատակազմը տիրոջ սրտացավությամբ մասնակցեցին համապետական շաբաթօրյակին՝ կատարելով մաքրման աշխատանքներ բուհի և հարակից տարածքներում, կարևորելով համայնքն ու հայրենիքը, փողոցն ու այգին, դպրոցն ու համալսարանը մշտապես մաքուր պահելու կենսական անհրաժեշտությունը:
Գավառի պետական համալսարանում կայացած միջազգային գիտական ֆորումում քննարկվեց մշակույթի և արվեստի դերը գլոբալացման դարաշրջանում։ Ֆորումի մասնակիցներին ողջունեց և մշակույթի ու արվեստի համամարդկային նշանակության մասին խոսեց բուհի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը։ Գիտական զեկուցումներով հանդես եկան Լեհաստանի Օլշտինի Վարմիայի և Մազուրիի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարեկ Սոկոլովսկին, նույն ամբիոնի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Աննա Դասժևսկան, Արվեստի ինստիտուտի պրոֆեսոր, արվեստաբանության դոկտոր Քշիշտոֆ Շատրավսկին, Վարշավայի կաթոլիկ համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Արթուր Վիսոցկին, ՌԴ ֆինանսական համալսարանի Վլադիկովկասի մասնաճյուղի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Վիկտոր Բետանովը, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սյուզաննա Եղիազարյանը։ Ելույթ ունեցան սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի և շինարարության ու դիզայնի պետական համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Բիստրյանցևը, Մինսկի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս, դոկտորանտ Իննա Իլյիչևան։ Ֆորումին ներկա էին նաև Բրեստի պետական համալսարանի, ակադեմիկոս Մ. Դ. Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական նավթային տեխնիկական համալսարանի պատվիրակներ։ Ներկայացված զեկուցումները հետաքրքիր էին և ուղեկցվում էին բովանդակալից քննարկումներով։
Ֆորումին մասնակցեցին ԳՊՀ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև Գավառի այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Ֆորումի աշխատանքները ղեկավարեց և արդյունքներն ամփոփեց ԳՊՀ պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տնտեսագիտության թեկնածու Արմեն Սահակյանը։