Գավառի պետական համալսարանում կայացավ ցերեկույթ՝ «Բանաստեղծության ճախրանքը` երգի թևերով» խորագրով։
Միջոցառումը կազմակերպել էր համալսարանի գրադարանավարուհի Ալվարդ Թորչյանը՝ հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն», «Հայոց լեզու և գրականություն», «Իրավագիտություն» բաժինների ընթերցասեր ուսանողների մասնակցությամբ։
Ուսանողների կատարմամբ հնչեցին Միսաք Մեծարենցի, Եղիշե Չարենցի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, Վահան Տերյանի, Սիլվա Կապուտիկյանի սքանչելի բանաստեղծություններից, որոնք վերածվել են հոգեպարար երգերի, և որոնց ներքո ազգային պարը առանձնահատուկ հմայք է ստանում:
Ցերեկույթի ավարտին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը և հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի դեկան Թաթուլ Ասոյանը շնորհակալություն հայտնեցին բոլոր մասնակիցներին՝ ընդգծելով արվեստասեր ուսանողների ներկայացրած քնարական ընտրանու գեղագիտական բարձր արժեքը։
Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացնում են ՀՀ Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցներում։
Մասնավորապես, Գավառի Սամվել Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցում պրակտիկա է անցնում Անահիտ Գասպարյանը, ով 4-րդ դասարանի աշակերտների հետ անցկացրեց բաց դաս։ Դասին ներկա էին ԳՊՀ հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Համլետ Ղաջոյանը, դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Գոհար Շահինյանը, 4-րդ դասարանի դասվար, ԳՊՀ շրջանավարտ Ժենյա Միրիբյանը և տարրական դասարանների դասվարներ։
Բաց դասն անցկացվեց «Մայրենի» առարկայի շրջանակներում՝ «Հրաշք վրձինը» թեմայով: Դասի ընթացքում Անահիտ Գասպարյանը կիրառեց ժամանակակից կրթական տեխնոլոգիաներ, ինչը նպաստեց աշակերտների ակտիվ մասնակցությանը: Ուսանողուհին հաջողությամբ համադրեց դասագրքային նյութը և լրացուցիչ տեղեկատվությունը՝ օգտագործելով փոխներգործուն մեթոդներ:
Բաց դասից հետո տեղի ունեցավ քննարկում, որի ընթացքում ԳՊՀ ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը նշեց, որ նման պրակտիկ փորձառությունը կարևոր է ապագա մանկավարժների մասնագիտական կայացման համար: Իսկ դպրոցի փոխտնօրեն Գոհար Շահինյանը կարևորեց համալսարանի և դպրոցի միջև արդյունավետ համագործակցությունը։
Գեղարքունիքի մարզի դպրոցներում ԳՊՀ ուսանողների պրակտիկաները շարունակվում են։
Գավառի պետական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ դիմորդներ, տեղեկացնում ենք, որ Հայ Կրթական Հիմնարկությունը (ՀԿՀ) հայտարարում է կրթաթոշակի մրցույթ՝ 2025-2026 ուսումնական տարվա համար։ Կրթաթոշակները տրամադրվելու են տարեկան ուսման վարձավճարի 90%-ի չափով (ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720․000 ՀՀ դրամը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և, միաժամանակ, նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով.
https://aef.am/university/
Մրցույթին կարող են մասնակցել 2025թ․ սեպտեմբերից վճարովի հիմունքներով ԳՊՀ 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող դիմորդներ) և բարձր կուրսերի ուսանողներ, ինչպես նաև մագիստրանտներ: Մրցույթը նախատեսված է ՀՀ քաղաքացիների, սիրիահայ և լիբանանահայ ուսանողների, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողների համար, որոնց ակադեմիական միջին նիշը՝ միջին որակական գնահատականն առնվազն 75 միավոր է։
Մրցույթն անցկացվում է ս․թ․ մարտի 10-ից մայիսի 2-ը՝ ներառյալ։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել ՀԿՀ էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեին՝ aef@aef.am, կամ զանգահարել (+374)-11 53 14 85 հեռախոսահամարով։
Հայ Կրթական Հիմնարկության կառավարման խորհուրդ
Աղբյուրը՝ Հայ Կրթական Հիմնարկության կայք
https://aef.am/
Գավառի պետական համալսարանի ռեկտորատը ջերմորեն շնորհավորում է կին դասախոսների, ուսանողուհիների, աշխատակցուհիների, բոլոր կանանց, մայրերի ու աղջիկների գարնանային միամսյակը, մաղթում երջանկություն, հաջողություն, ուժ ու կորով՝ իրականացնելու բնությունից տրված առաքելությունը, լավագույնս կատարելու ընտանեկան և աշխատանքային պարտականությունները, հանրային գործառույթները։
Անգնահատելի է կնոջ դերը ընտանիքում, հասարակության ու պետության կյանքում, կրթության, գիտության, քաղաքականության, տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում։
Կնոջը հատուկ են հմայքն ու նրբությունը, բարությունն ու ջերմությունը, համբերատարությունն ու հանդուրժողականությունը, միևնույն ժամանակ` կամքի ուժը, աշխատասիրությունն ու պատասխանատվությունը, խոհեմությունը, նրբանկատությունն ու հավատարմությունը: Մարդկային այս բարձր որակներն էլ օգնում են, որ կանայք դառնան վստահելի ընկերներ ու աջակիցներ, հաջողություն արձանագրեն բոլոր ձեռնարկներում, նվիրումով կատարեն աճող սերնդի կրթության ու դաստիարակության շնորհակալ գործը:
Թող գարնանաբույր տոնը կանանց համար դառնա ոգեշնչման աղբյուր, պարգևի սեր, լավատեսություն և ներդաշնակություն։
Բարին ընդ ձեզ, սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, սիրելի՛ գործընկերուհիներ և ուսանողուհիներ։