ԳՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ


Գավառի պետական համալսարանի ստեղծման նախաձեռնողը և հիմնադիր-ռեկտորը փիլիսոփայական գիտությունների դոկտոր,
պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանն է:

1991-1992 թվականներին Հայաստանի Հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում տարածաշրջանի
հանրակրթական դպրոցների բազմաթիվ շրջանավարտներ գործնականում հնարավորություն չունեին ուսումը շարունակելու
մայրաքաղաքում: Ուստի, ուսումնասիրելով հայրենի եզերքում հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական
հաստատությունների շրջանավարտների և գիտական աստիճաններ ունեցող անձանց քանակը, ինչպես նաև մասնագետների պահանջարկը,
օգտվելով ՀՀ անկախության ընձեռած հնարավորությունից, Հրանտ Խաչատուրի Հակոբյանը դիմեց ՀՀ Կրթության և գիտության
նախարարություն` Գավառում համալսարան բացելու առաջարկությամբ:

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Հրանուշ Հրանտի Հակոբյանի նպատակաուղղված ջանքերի շնորհիվ ՀՀ Կառավարության
1993թ. մայիսի 5-ի թիվ 208 որոշմամբ Գավառում (նախկին Կամոյում) ստեղծվեց պետական համալսարան:

1993-1994 ուսումնական տարում 139 դիմորդից համալսարան ընդունվեցին 94-ը: Դասախոսական աշխատանքում ներգրավված էին
28 մասնագետ, որոնցից 8-ը դոկտոր, պրոֆեսորներ էին, 9-ը` գիտությունների թեկնածու, 3-ը` ասպիրանտուրան ավարտածներ,
և միայն 8-ն էին առանց գիտական աստիճանի:

Սկզբնական մասնագիտությունները

Սկզբում համալսարանը մասնագետներ է պատրաստել հետևյալ մասնագիտությունների գծով` «Հայոց լեզու և գրականություն»,
«ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում, վերահսկողություն և տնտեսական գործունեության վերլուծություն»,
«Մեքենաշինության տեխնոլոգիա», «Էլեկտրամեխանիկա», «Ագրոքիմիա»:

Հետագա ընդլայնումներ

Հետագա ուսումնական տարիներին ընդլայնվեց մասնագիտությունների ցանկը` ներառելով նաև «Հայոց լեզու և գրականություն»,
«Անգլերեն լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Իրավագիտություն», «Պատմություն»,
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնապահպանություն և
բնօգտագործում», «Համակարգչային ճարտարագիտություն», «Սերվիս», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»,
«Դեղագործական քիմիա», «Տնտեսագիտություն», «Ֆինանսներ /ըստ ոլորտի/», «Հաշվապահական հաշվառում և հարկում /ըստ
ոլորտի/» մասնագիտությունները:

Համալսարանում ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով հրավիրվել են հանրապետության 120 լավագույն
մասնագետներ, որոնց տեղափոխման, գիշերելու և կենցաղ-սպասարկման հարցերը լուծվում են բուհի կողմից:

Ուսանողներ և ենթակառուցվածքներ

ԳՊՀ-ում ուսանում են շուրջ երկու հազար ուսանող Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից և մայրաքաղաքից:
Համալսարանում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են առկա և հեռակա ուսուցման համակարգերում:

Համալսարանն ունի գիտական գրադարան, ընթերցասրահ, ուսումնական լաբորատորիա, կահավորված չորս համակարգչային լսարան`
ապահովված համացանցային կապով, ուսումնական լաբարատորիա: Համալսարանում ակտիվորեն գործում են ուսանողական խորհուրդը,
ուսանողական գիտական ընկերությունը, իրավաբանական կլինիկան, տնտեսագետների, ստեղծագործողների, բնագետների ակումբները,
նկարչական ստուդիան:

Համալսարանի ֆակուլտետները տեղաբաշխված են երեք ուսումնական մասնաշենքում, որտեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ
պայմանները որակյալ կրթական, հետազոտական և դաստիարակչական գործընթաց կազմակերպելու, բարձրագույն մասնագիտական
կրթական ծրագրերը երկաստիճան կրթական համակարգում` բակալավրիատում և մագիստրատուրայում անխափան իրականացնելու
նպատակով:

Ավարտած սերունդներ

Գավառի պետական համալսարանը կյանք է ճանապարհել մասնագետների 25 սերունդ: ԳՊՀ-ն ավարտել են ավելի քան ութ հազար
շրջանավարտներ, որոնցից շատերն աշխատում են պետական մարմիններում և ոչ պետական հիմնարկներում, բանկերում, բուհերում,
դպրոցներում, այլ կրթական հաստատություններում ու կազմակերպություններում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 61-Ա/2, 03.02/2016թ. հրամանով Գավառի պետական համալսարանին շնորհվել է
բարձրագույն կրթության երրորդ աստիճանում՝ ասպիրանտուրայում, կրթություն կազմակերպելու թույլտվություն:

Scroll to Top
Գավառի պետական համալսարան