Գավառի պետական համալսարանի ուսանողները մասնակցեցին «CaseKey 2026» բիզնես խնդիրների լուծման մրցույթի մեկնարկային միջոցառմանը՝ միանալով հարյուրավոր երիտասարդների, ովքեր պատրաստվում են առաջիկա ամիսներին իրենց ուժերը փորձել իրական բիզնես մարտահրավերներով լեցուն հիմնախնդիրների լուծման գործում։
Միջոցառմանը մասնակցեցին ԳՊՀ բնագիտատնտեսագիտական ֆակուլտետի ուսանողներ Արմինե Սաֆոյանը, Օֆելյա Մանուկյանը և Օլյա Ավետիսյանը։ Թիմի մարզիչներն են ԳՊՀ շրջանավարտ, Կառավարման և ֆինանսների ամբիոնի դասախոս Աստղիկ Հովեյանը և «Եվրասիա» միջազգային համալսարանի մագիստրոս Ավետիք Խոստեղյանը։ Մասնակիցներին ուղեկցում էր ԳՊՀ կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը։
«CaseKey» բիզնես խնդիրների մրցույթը Հայաստանի առաջատար ուսանողական մրցույթներից է, որը խթանում է կրթությունը, մրցակցությունը և մասնագիտական զարգացումը։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից է «CaseKey Academy»-ն, որը հնարավորություն է ընձեռում մասնակիցներին՝ սովորելու տեղական և միջազգային փորձագետներից, զարգացնելու բիզնես վերլուծության, ռազմավարական մտածողության, ֆինանսների, մարքեթինգի և ներկայացման հմտությունները։
Մասնակցելով մրցութային ծրագրի մեկնարկին՝ ԳՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու ծրագրի նոր ձևաչափին, առաջիկա փուլերին և մրցույթի շրջանակում իրենց սպասվող կրթական ու մրցութային հնարավորություններին։
Գավառի պետական համալսարանը շարունակաբար աջակցում է ուսանողների մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին և արդեն մի քանի տարի ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ծրագրին։ Վստահ ենք, որ այս տարի ևս մեր ուսանողները կդրսևորեն իրենց գիտելիքները, ստեղծագործական մտածողությունն ու թիմային աշխատանքի հմտությունները՝ լավագույնս ներկայացնելով համալսարանը։
ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «CASEKEY 2026» ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ