ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ՝ ԵՄ «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Ս․ թ․ հուլիսի 11-ին Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստում կայացավ քննարկում՝ նվիրված Եվրոպական միության «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE․ Հայաստանում ներառական, թվային ու կանաչ ուղղվածությամբ բարձրագույն կրթության պատշաճ կառավարման և որակի ապահովման գործունեության առանցքային ցուցանիշների ազգային շրջանակի (ԳԱՑԱՇ) ստեղծում» ծրագրին։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրեց «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ծրագրի Որակի ապահովման ռազմավարության (Quality Assurance Strategy – QAS) շրջանակում մեկնարկած՝ նախագծի արդյունքների և ազդեցության գնահատման գործընթացը։ Այդ նպատակով իրականացվում է հարցում՝ պարզելու, թե որքանով է ծրագիրը նպաստել մասնակից բուհերի աշխատակիցների կարողությունների զարգացմանը, հիմնական կատարողական ցուցանիշների (KPIs) մշակման և ներդրման գործընթացին, ռազմավարական պլանավորմանը, համալսարանական կառավարման և որակի ապահովման համակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև գնահատելու նախագծի իրականացման ընդհանուր որակը։ Նշվեց, որ գնահատման գործընթացն ընդգրկում է նախագծի հիմնական արդյունքներն ու գործիքները, մասնավորապես՝ վերապատրաստման փաթեթը (Training Kit), «Ինստիտուցիոնալ հետազոտության և ռազմավարական պլանավորման ազգային ուղեցույցը» (GIRSPA), «Ինստիտուցիոնալ հետազոտության գործառնական ձեռնարկները» (OMIR), GIRSPA-ին համապատասխան վերանայված պետական ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշները, ինստիտուցիոնալ հետազոտության և ռազմավարական պլանավորման պիլոտային գործունեությունը, ինչպես նաև որակի ապահովման, տեղեկատվության տարածման և նախագծի կառավարման գործընթացները։

ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը կարևորեց ծրագրի նշանակությունը՝ ընդգծելով, որ  «ԷՐԱԶՄՈՒՍ+ KPI4HE» ծրագիրը Գավառի պետական համալսարանի համար դարձել է ոչ միայն միջազգային համագործակցության հաջողված օրինակ, այլև կառավարման մշակույթի և որակի ապահովման համակարգի զարգացման կարևոր խթան։ Տիկին Հակոբյանը նշեց, որ ծրագրի շրջանակում մշակված գործիքները կնպաստեն տվյալահեն որոշումների կայացմանը, ռազմավարական պլանավորման արդյունավետության բարձրացմանը և համալսարանի շարունակական զարգացմանը՝ վստահություն հայտնելով, որ իրականացվող գնահատումը կօգնի ոչ միայն արժևորել կատարված աշխատանքը, այլև նախանշել հետագա զարգացման նոր հնարավորություններ՝ ապահովելով «KPI4HE» ծրագրի արդյունքների կայունությունն ու երկարաժամկետ ազդեցությունը։

Գավառի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամները կարևորեցին նախագծի բոլոր շահակիցների ակտիվ մասնակցությունը գնահատման գործընթացին՝ այն դիտարկելով որպես համալսարանի որակի մշակույթի ամրապնդման և միջազգային համագործակցության արդյունքների գնահատման կարևոր բաղադրիչ։

 

 

 

Scroll to Top
Գավառի պետական համալսարան