2024 թվականի հոկտեմբերի 26-ին Երևան քաղաքում գործող ‹‹Woods›› կենտրոնում տեղի ունեցավ «Renderforest» ընկերության կողմից կազմակերպված «Reinvent» թվային համաժողովը։ Երրորդ ամենամյա համաժողովը նվիրված էր չորրորդ արդյունաբերական հեղափոխությանը։ Համաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ ձեռներեցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի և դիզայն ոլորտների վերաբերյալ։
Գավառի պետական համալսարանից համաժողովին մասնակցեցին Կառավարման և ֆինանսների ամբիոնի վարիչ Սամվել Ամիրխանյանը, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի աշխատակիցներ Արթուր Միրիբյանը, Կարեն Սիրականյանը, Հայրիկ Զարգարյանը, բնագիտանտեսագիտական ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր խմբերի ուսանողներ՝ Ինֆորմատիկայի և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ամբիոնի վարիչ Վարազդատ Ավետիսյանի ղեկավարությամբ։
Համաժողովի ընթացքում շուրջ 40 ոլորտային առաջատար փորձագետներ կիսվեցին իրենց գիտելիքներով, փորձով, հանդես եկան մասնագիտական խորհուրդներով: Համաժողովին որպես խոսնակ ներառված էր նաև Վարազդատ Ավետիսյանը, ով ներկայացրեց «Արհեստական բանականության գրագիտություն․ նոր աշխարհի լեզուն, որը պետք է իմանալ» թեմայով զեկույց։ Ելույթի շրջանակներում անդարադարձ կատարվեց ԱԲ վերջին զարգացումներին և այդ համատեքստում ԱԲ գրագիտության կարևորությանն ու կիրառման առանձնահատկություններին։
Համալսարանականները շրջեցին ‹‹Woods›› կենտրոնում, ծանոթացան ենթակառուցվածքներին, գրադարանին, ինչպես նաև ուսանողների համար նախատեսված ծառայություններին և հնարավորություններին։
Համաժողովն ավարտվեց պանելային քննարկմամբ՝ «Գրատախտակից չաթբոթ. Ինչ սովորել և ինչպես սովորեցնել» թեմայով։ Բանախոսները կարևորեցին հիմնարար գիտելիքը, անդրադարձան արհեստական բանականության զարգացման արդյունքում կրթության վերափոխման հիմնահարցերին, ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, դրանց լուծման ուղիներին։