Ս. թ. ապրիլի 16-ին Գավառի պետական համալսարանը հյուրընկալեց Սևանի բազմագործառութային պետական քոլեջի ղեկավար կազմին, դասախոսների և ուսանողների, ինչպես նաև Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի ներկայացուցիչներին։ Հյուրերը հանդիպեցին ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանին, լսեցին Եվրոպական միության «Էրազմուս+» ակադեմիական միջազգային շարժունության ծրագրերով եվրոպական համալսարաններում սովորած ԳՊՀ ուսանողների հաշվետվությունները։ ԳՊՀ արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը բովանդակալից շնորհանդեսի միջոցով ներկայացրեց համալսարանի կողմից իրականացվող միջազգային ծրագրերը և արտասահմանյան բուհերի՝ Իտալիայի Հռոմի Սապիենզայի, Իսպանիայի Կորդոբայի, Պորտուգալիայի Մինհոյի, Ռումինիայի Տիմիշոարայի և այլ համալսարանների հետ համագործակցության ուղղությունները։ Զեկուցողը նշեց, որ ԳՊՀ միջազգային համագործակցության ընդլայնումը նպաստում է բուհի դասախոսների ինտեգրմանը միջազգային ակադեմիական հանրությանը, ստեղծում է հնարավորություններ ուսանողների մասնագիտական գիտելիքների հարստացման համար։ Քոլեջի ուսանողները լսեցին օգտակար խորհուրդներ որակյալ մասնագիտական կրթության կարևորության մասին, ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Հյուրերը եղան ԳՊՀ՝ Վարշամ Ավետյանի անվան պատմագիտական թանգարանում։